Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում տղամարդիկ ավելի շատ են ինքնասպան լինում

Դեկտեմբեր 23,2021 13:30

Մեր երկրում ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ կատարում են ավելի շատ արական սեռի ներկայացուցիչները: Այս մասին փաստում է վիճակագրությունը: Կատարված ուսումնասիրության համաձայն, 2020 թվականին ինքնասպանություն է գործել իգական սեռի 41 մարդ, արական սեռի՝ 142 մարդ: 2019-ին այդ թիվն ավելի պակաս է եղել՝ 26 կին, 127 տղամարդ: Անցյալ տարի ինքնասպանության փորձ կատարել է 178 իգական սեռի ներկայացուցիչ, 302-ն էլ՝ արական սեռի:

Թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց դեպքում ինքնասպան են լինում ավելի շատ 30-65 տարիքային խմբի մարդիկ: 2020-ին այս տարիքային խմբի 22 կին է ինքնասպան եղել, 83 էլ՝ տղամարդ: 65 տարեկանից բարձր 14 կին է այդ ճանապարհով կյանքին վերջ տվել, 35-ն էլ՝ տղամարդ:
Անցյալ տարի 17 տարեկան 1 իգական սեռի ներկայացուցիչ է ինքնասպան եղել, 4-ն էլ արական սեռի: Կանանց եւ տղամարդկանց միջեւ տարբերությունը մի քանի անգամ մեծ է 18-ից 29 տարեկանների շրջանում: Այս տարիքի 4 կին է ինքնասպան եղել, փոխարենը 20 տղամարդ: Ամենաշատ ինքնասպանությունները եւ դրանց փորձը 6 տարիների կտրվածքով տղամարդկանց դեպքում եղել է 2020 թվականին, կանանց դեպքում՝ 2018-ին: Անցյալ տարի ինքնասպան են եղել եւ փորձ են կատարել 444 տղամարդիկ, 219 կանայք: 2018 թվականին նույն ճանապարհով փորձել է կյանքին վերջ տալ 243 իգական սեռի ներկայացուցիչ:

Կյանքի սպասվող միջին տեւողությամբ մեր երկրում ավելի երկարակյաց են կանայք: Ընդ որում, այդ ցուցանիշը կանանց դեպքում աճել է, տղամարդկանց պարագայում՝ մի բան էլ նվազել: 2010-2020 թվականներին կատարած հետազոտությունները ցույց են տալիս, որ Հայաստանում կանանց կյանքի միջին տեւողությունը 2010 թվականին եղել է 76,4, տղամարդկանցը՝ 70,1: Բայց արդեն 2020-ին կանանց կյանքի միջին տեւողությունը 78,6 է, տղամարդկանցը՝ 68,4: Սակայն այդ տասը տարիների ընթացքում, օրինակ՝ 2015-ին տղամարդկանցը եղել է 71,7, 2018-ին, 72,4: 2019 թվականին մեր երկրում կյանքի միջին տեւողությունը թե՛ կանանց թե՛ տղամարդկանց դեպքում ամենաբարձրն է եղել: Կանայք ապրել են մինչեւ 79, 5 տարեկանը, տղամարդիկ՝ 73,1:

2020 թվականին մահացությունների 47,3 տոկոսը արյան շրջանառության համակարգի հիվանդություններից է, 15 տոկոսը՝ նորագոյացություններից, 1,4 տոկոսը էնդոկրին համակարգի հիվանդություններից: Հետազոտությունները ցույց են տվել, որ անցյալ տարի մահացության պատճառներից 8,3 տոկոսը շնչառական օրգանների հիվանդություններից է, 3,7 տոկոսն էլ՝ մարսողական օրգանների: 2020 թվականին մահերի 2,6 տոկոս եղել են դժբախտ պատահարներից, թունավորումներից ու վնասվածքներից: 8 տոկոսն էլ 2020-ին մահացել են զինվորական գործողությունների հետեւանքով: Մահացության հաշվեկշռում 9,8 տոկոսը կորոնավիրուսային վարակի է: Ըստ վիճակագրության, մահերի 3,9 տոկոսը այլ պատճառներից է:

Անցյալ տարի Նոր կորոնավիրուսային վարակից ամենաշատ մահերը Երեւանում են գրանցվել՝ 1717 մարդ: Կորոնավիրուսից 387 մահ էլ Կոտայքի մարզում է գրանցվել: 272 մարդ էլ Արարատի մարզում է մահացել: 258 մահ էլ Արմավիրի մարզում է եղել: Այս վարակի պատճառով Արագածոտնում 108 մարդ է մահացել, Լոռիում՝ 229, Գեղարքունիքում՝ 168, Տավուշում 93 մահ է գրանցվել, Շիրակում՝ 176, Վայոց Ձորում կորոնավիրուսից 48 մարդ է մահացել:

Մահացությունների պիկը եղել է 2020-ի նոյեմբերին՝ 1178 մարդ, դեկտեմբերին էլ 936 մարդ է մահացել: Ամենաքիչ մահերը գրանցվել են այդ տարվա մարտին՝ 1 մահ եւ ապրիլին՝ 24 մահ:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
22.12.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031