Լրահոս
Օրվա լրահոսը

«Նման բաներ եղել են, բայց ոչ ճակատագրական»

Դեկտեմբեր 23,2021 12:30

Հարցազրույց Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասան Վարդան Կուղյանոսյանի հետ

– Վարդան, օրերս ռուսաստանյան «Կուլտուրա» հեռուստաալիքով հեռարձակվող մյուզիքլի ժանրի երիտասարդ դերասանների մրցույթի ժամանակ ժյուրիի անդամներից մեկը հայտարարեց, թե Չեխիայում երբեւէ չի գործել օպերետի թատրոն, այն դեպքում, որ բազմաժանր թատրոններով ու բեմարվեստի փորձարարություններով հարուստ երկիրը մնում է Չեխիան՝ Չեխոսլովակիայում հիմնավորված եւ ավանդության վերածված այն մոտեցումով, որ նոր մտածողության թատրոնների ստեղծման ու զարգացման համար դարեր շարունակ արվել է հնարավոր ամեն ինչ։ Դա բացատրվեց հետեւյալ կերպ. օպերետի արտիստները օպերային թատրոնում չկայացած երգիչներն են… իսկ համաշխարհային օպերետային գրականության ստեղծագործությունները կոնկրետ այդ երկրում բեմադրվում են օպերային թատրոններում…

– Ինձ երբեւէ չեմ փորձել օպերայում։ Ժյուրիի անդամի ասածը նույնն է, թե տարածված հետեւյալ կարծիքը՝ ռեժիսորը չստացված դերասան է։ Օպերային երգիչը կարող է հիանալի վոկալ տվյալներ ունենալ, բայց որպես դերասան… Ի վերջո, նորություն չէ՝ օպերան եւ օպերետը տարբեր ոլորտներ են։ Լայն ընթերցողի համար ասենք, որ ինչպես օպերային թատրոնը, այնպես էլ օպերետն ունի նվագախումբ, երգչախումբ, բալետային խումբ… Ինձ համար դա նորություն է եւ վստահաբար կարող եմ ասել, որ յուրաքանչյուր երկրում պարտադիր է օպերետի թատրոն ունենալը։

– Դուք շուրջ 15 տարի օպերետի թատրոնում եք, բայց սա «Առավոտի» առաջին հանդիպումն է ձեզ հետ։ Ոչ հաճախ հոդվածի համար առիթ է ծառայում հանդիսատեսի՝ մեր ականջին հասած կարծիքը, ռեպլիկը։ Ձեր դեպքում՝ հիշում ենք ըստ Սունդուկյանի «Էլի մեկ զոհ» ստեղծագործության հիման վրա «Ձեր աստվածը փողն է» ներկայացումից հետո (ռեժիսոր՝ Երվանդ Ղազանչյան) հանդիսատեսի արտահայտությունը՝ «Էս երիտասարդները (նկատի ունեին ձեզ եւ Սոնա Մուրադյանին) հիանալի դուետ են» կամ՝ «Սիրելիներից մի բաժանվեք» (ռեժիսոր՝ Նորա Գրիգորյան) ներկայացումից հետո՝ «Ի՜նչ խաղ ցույց տվեց այդ երիտասարդը»։ Մենք էլ հիշում ենք իր գովեստի խոսքերում ժլատ, երջանկահիշատակ Երվանդ Ղազանչյանի՝ ժամանակին ձեր մասին հայտնած հետեւյալ մտքերը. «Վարդանը ամեն դեր կարում-ձեւում է իր վրայով՝ երբեք չկրկնելով ուրիշինը… Իրենով է անում դահլիճը, տանում իր հետեւից եւ, որ ամենակարեւորն է՝ իր արվեստն է թելադրում… Նե՜նց շպագատ է իջնում…»։

– Ցանկացած դեր մեկնաբանելիս սիրում եմ իմպրովիզացիա անել։ Մեկ-մեկ էլ լինում է, որ չափն անցնում եմ, բայց դա, ինչպես ասում են՝ տեղավորվում է ցենզուրայի մեջ, երբեք գռեհկության չի հասնում։ Սա գալիս է իմ առաջին ուսուցչից՝ Զավեն Տատինցյանից եւ, անկասկած, Երվանդ Խաչատուրովիչից։

 

– Ծանոթանալով տարբեր տարիների ձեր մասնակցությամբ խաղացանկային ներկայացումներին, կարելի է ենթադրել, որ բացառիկ երջանիկ դերասաններից եք, դերերի՝ հատկապես գլխավոր, պակաս չունեք։

– Ճիշտ այդպես։ Փոքր դերերի պակաս էլ չունեմ։ Ցանկացած դեր առաջին հերթին պետք է սրտամոտ լինի ինձ։ Մի բան էլ. չեմ սիրում խաղալ այնպես, ինչպես գրել է դրամատուրգը։ Այ, հաճախ իմպրովիզացիայի եմ դիմում հենց այդ պատճառով։ Գիտե՞ք, կերպարներ կան, որ եթե մի փոքր չափազանցված ասեմ՝ սկսվում եւ ավարտվում են ռեպլիկներով։ Շատ կարեւոր է, որ դրանք էլ դրոշմվեն հանդիսատեսի մոտ։ Հավանաբար գիտեք՝ որոշ ռեպլիկներ դառնում են թեւավոր խոսքի նման մի բան։ Կարճ ասած՝ մեծ հաճույքով եմ խաղում յուրաքանչյուր դեր՝ լինի մեծ, թե փոքր։ Այդ բաժանումները այդպես էլ չընկալեցի ու չսիրեցի։ Կրկնում եմ՝ ցանկացած դեր պետք է լինի իմ սրտով եւ այն պիտի անցկացնեմ իմ պրիզմայի միջով։

 

– Թատրոններում, ձերն էլ բացառություն չէ, մշտապես լինում են ինտրիգներ եւ ավելին։ Օրինակ, ժամանակին ձեր թատրոնի մեծանուն դերասաններից մեկը՝ թույլ տվեք գնահատելով նրա վաստակը, չբարձրաձայնել անունը, այնչափ անկեղծացավ մեզ հետ, որ հանդիսատեսի կողմից չափազանց սիրված իր մի կերպարի համար պատրաստվող երիտասարդ դերասանի մասին նետեց հետեւյալ ռեպլիկը՝ մայրս ու հայրս էլ էն աշխարհից գան, միեւնույն է, նա չի խաղալու եւ վերջ։ Ընդ որում՝ դրան հետեւեց վարակիչ ծիծաղը՝ հա՜, հա՜, հա՜… Գուցե հարցը միամիտ թվա, բայց մեր օրերում ինչպիսի՞ փոխհարաբերություններ են ձեր թատրոնում ավագ եւ երիտասարդ սերունդների միջեւ։

– Ավագ սերնդի կողմից ես ու իմ տարեկից գործընկերներս երբեք խնդիր չենք ունեցել, չենք զգացել նույնիսկ ակնարկ։ Օրինակ, սիրված դերասան Բորիս Պեպանյանը հիանալի փոխհարաբերությունների մեջ է մեզ հետ։ Կոնկրետ ես եւ նա շատ ջերմ ենք հարաբերվում։ Այս պահին թատրոնում սկսվել են Արտեմի Այվազյանի եւ Հակոբ Պարոնյանի «Ատամնաբույժն արեւելյան» ներկայացման փորձերը, որտեղ ինձ վստահվել է Թափառնիկոսի կերպարը, որը, կասկած անգամ չունեմ, հանդիսատեսի մոտ «ամրագրված» է պեպանյանական մեկնաբանմամբ։ Եվ ընդհանրապես, ոչ միայն նա, նաեւ մեր անվանի արտիստները՝ Արթուր Կարապետյանը, Հովակ Գալոյանը եւ մյուսները, առանց չափազանցության, ջերմ հարաբերություններ ունեն երիտասարդների հետ, ինչը միանշանակ գալիս է մեր Երվանդ Ղազանչյանից… Ոչ միայն ես, այլեւ, համոզված եմ՝ գործընկերներս, մեր վաստակաշատ դերասանները նախ երազում են խաղաղության եւ, անկասկած, մեկը մյուսի հետեւից բարձրարվեստ պրեմիերաների մասին։

– Չհամոզեցիք։ Թատրոնն առանց ինտրիգների՞…

– Դե, գիտեք, նման բաներ եղել են ու կլինեն, բայց ոչ ճակատագրական։ Չգիտեմ՝ դրանք նույնիսկ ինչպես անվանել։

– Կային ժամանակներ, երբ հեռուստատեսային հաղորդաշար կար՝ «Երգում են դրամատիկական թատրոնի արտիստները»…

– Այո, դրամատիկական թատրոններում էլ ունենք դերասաններ, որոնք լավ են երգում եւ հաճախ էլ, եթե ոչ պարում, ապա պրոֆեսիոնալին հատուկ պարային շարժումներ անում։ Այդպես էլ պետք է լինի։

– Բայց օպերետի թատրոնում դրանք պարտադիր պայման են։ Այս պահին մտաբերեցինք վոկալի ձեր դրսեւորումները Երվանդ Ղազանչյանի ռեժիսուրայով իրականացված «Ձեր աստվածը փողն է»-ում, Չուխաջյանի «Կարինե»-ում, ըստ Օտյանի «Չարչըլը աղան» ստեղծագործության «Զվարճալի պատերազմ կամ վտանգավոր օտարամոլություն»-ում…

– Հավանաբար գիտեք, որ մեզ մոտ անցկացվում են նաեւ օպերետի երեկոներ։ Հիմա էլ դերասան, երգիչ Գեւորգ Դավթյանը ձեռնամուխ է եղել մյուզիքլի բեմադրական աշխատանքներին։ Կներեք՝ այս պահին մտքիցս թռավ անվանումը։

– Ձեր կինը՝ բեմանկարիչ Մարիամ Մուրադյանն էլ է ստեղծագործում կոմեդիայի թատրոնում։ Իհարկե, դուք ոչ առաջին եւ ոչ էլ վերջին ամուսնական զույգն եք, որ աշխատում է նույն վայրում…

– Ենթատեքստը հասկացա։ Թատրոնում, մեծ հաշվով, մենք չենք հանդիպում, հետեւաբար յուրաքանչյուրիս հետ պատահած դիպված չի կարող տհաճ խոսակցության առիթ դառնալ։

– Բայց տանը հանդիպում եք, չէ՞։ Ու չի բացառվում ընտանեկան երկխոսության թեմայի կիզակետում հայտնվի, ասենք, յուրաքանչյուրիդ հետ թատրոնում պատահած ինչ-որ մի՝ թեկուզ զվարճալի երեւույթ, ինչն էլ սկսվի ու վերաճի անախորժության։

– Տանը, ուզենք-չուզենք՝ հանդիպում ենք (ժպտում է)։ Ունենք մի հրաշք բալիկ՝ Ադրիանան, որն արդեն բավարար է, որպեսզի մանր-մունր բաների հետեւից չընկնենք։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
22.12.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031