Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ձմեռային ճանապարհ

Դեկտեմբեր 23,2021 12:00

Նա անգամ հարկ չէր համարել Շուբերտին տեղեկացնել, որ ստացել է ստեղծագործությունների փաթեթը։ Ընդունելով իր բանաստեղծությունների երաժշտական հիասքանչ մարմնավորումը, ավելի նախընտրեց չարձագանքել, քան դատարկ բան գրել։ Նա՝ Յոհան Վոլֆգանգ Գյոթեն էր, փաթեթով ուղարկած երգերի հեղինակը պատանի Ֆրանց Շուբերտը… Ունկնդիրը դանդաղ է յուրացնում գեղեցիկի մեջ վսեմ պարզությունը։

Դեկտեմբերի 18-ին Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Ղազարոս Սարյանի անվան օպերային ստուդիայի դահլիճում հնչեց աշխարհում ամենահայտնի ու ամենաբարդ վոկալ ցիկլը՝ Ֆրանց Շուբերտի «Ձմեռային ճանապարհ»-ը։

«Գերմանախոս երկրներում (եւ ոչ միայն) այս գործը կենդանի կատարմամբ լսելու համար երկրեերկիր ճամփորդում են, քանի որ դա մեծ իրադարձություն է»,- ընդգծեց Օպերային ստուդիայի գեղարվեստական ղեկավար Հասմիկ Պապյանը։

Մեզ՝ սովորական ու իսկապես լուրջ երաժշտությանը կարոտ լսարանին իրենց կատարողական հրավերն էին ուղարկել երիտասարդ երաժիշտներ՝ մեներգիչ Արամո Մամիկոնյանը (տենոր) եւ դաշնակահար Արուսյակ Ռշտունին։ 2021 թվականի եզրափակիչ համերգը գերմաներեն խոսող խոստովանություն էր՝ մաքրագործող ու Ֆրանց Շուբերտի երաժշտական պայծառության պտուղների մարմնացում դարձած այն երգերի ընդգրկմամբ, որոնք կազմում են հանճարեղ «Ձմեռային ճանապարհ» վոկալ ցիկլը։ Երաժշտության լեզու փոխադրած Վիլհելմ Մյուլերի պարզկա ու հանճարեղ պոետիկ ստեղծագործությունները ռոմանտիզմի նոր շնչառությամբ բնություն-հերոսի ու պատանի-հերոսի ապրումների փոխակերպման ու բարձրացումի օրինակներ են։

Մեծ երաժիշտները վստահեցնում են, որ զարմանալի ու արեւմտաեվրոպական կոմպոզիտորական ավանդույթ միանգամից մխրճված երգերում ոչ ոք երբեք չի ազդել Շուբերտի գրելաձեւի վրա։ Նրա ճանապարհն անընդմեջ կյանք էր, տխրությունը դուրս բերելու մի սխրանք եւ համերգի օրվա երաժիշտներն առանց որեւէ փափկասուն նոտայի փոխանցեցին Շուբերտի մեղեդիների տաք մարդկային ու կորսված հույսերի թախիծը։ Մեր իրականության ու այդ օրվա ընթերցման մեջ զգացին, որ հիասթափությունն անգամ ավելի շատ մոտ է կյանքին, քան մահվանը։ 31 տարի ապրած կոմպոզիտորն ասում էր, թե երբ թախիծը սողոսկում է վեհ սրտի մեջ, հանիր ու տրորիր այդ մոլախոտը, քանի դեռ չի կեղեքել հոգիդ։

Ցիկլում յուրաքանչյուր երգը երաժշտական բանաստեղծություն է պոետիկ բանաստեղծության մասին։ Միայն իսկական պոետը կարող էր այդպես հասկանալ պոետին, իսկ մեր օրերում թույլ տանք լրացնել, որ այդ շղթայի մեջ կարելի է ավելացնել Արամո-Արուսյակ պոետական ընկալմամբ օղակը։ Մտերմիկն ու հարազատությունը լսելի էին պարզ մարդու ձայնն արտացոլող Շուբերտյան յուրաքանչյուր երգում։ Այդ երեկո հանկարծ բացահայտ դարձավ, որ Օպերային ստուդիայի ռոյալը երբեք այդչափ կամերային ու նրբին չէր հնչել ու երգել, իսկ ակադեմիական երգեցողության բաժնի ուսանողի կատարումը հազվադեպ է «խոսում» երգով – Մամիկոնյանի ու Ռշտունու կատարումն այդպիսին էր։

Կոնսերվատորիայի դոցենտ Արնոլդ Քոչարյանի մասնագիտական դասարանի սան Արամո Մամիկոնյանն իր ելույթներում ներկայանում է արեւմտաեվրոպական օպերային ու ազգային ժողովրդական երգացանկով։ Իսկ այդ օրն այն սահմանն էր, երբ օպերային բեմում երգող երգչի կողքին կանգնեց կամերային երգիչը, Արամոյի դեպքում՝ նաեւ ազգային երգացանկով երգող ակադեմիական երգիչը… Շուբերտի ցիկլում երեւաց, որ նրա ձայնարտաբեման մեջ երգեցիկ մաներաների ներուժի միավորմամբ ստեղծվում է կամերային երգեցողության բնածին հակվածությունը, ինչը համերգում պարզապես դուրս ժայթքելու լույս էր փնտրում, իբրեւ մի նոր աղբյուրից խմելու պատրաստ հագեցում։ Արամոյի ձայնի մեջ կամերայնության այնպիսի ներուժ կա, որը պարզապես անհրաժեշտություն ունի անմիջապես յուրացնել, առնչվել գերմանական երգեցիկ դպրոցի սկզբունքներին։

Երաժշտության ու պոեզիայի միասնության օրինակներով ցիկլի 24 երգերը հավերժ տխրությունը հաղթահարելու 24 քայլեր էին՝ անցնելով բարի գիշերվա (Gute Nacht), թմրության (Erstarrung), հիշողության (Ruckblick), հանգստի (Rast), միայնության (Einsamkeit), պատրանքի (Tauschung), խիզախության (Mut) շրջապտույտի միջով։ Մեկնաբանումը տարավ ոչ թե հակադրության, գագաթ կուլմինացիայի տրամաբանությամբ – այլ՝ նույնակերպար երգերի ամբողջություն ստեղծող տրամաբանությամբ։ Հուզող լռություն խորը, կենտրոնացած հիացումով էր համակել ունկնդրին։ Ամենափոքր երգն անգամ բովանդակում է մանրակերտ օպերաներ՝ դրամատիկ ու ողբերգական, ինչպես լսել էր Ֆրանց Շուբերտը։ Մենք տեսանք երեք արեւ՝ կոնսերվատորիայի օպերային ստուդիայի բեմին, մենք լսեցինք երեք արեւ՝ Ֆրանց Շուբերտ, Արուսյակ Ռշտունի ու Արամո Մամիկոնյան, ում ուսման ուղին դեռ գարնան ճանապարհ է… Ամեն գետ ձգտում է ծովին, ամեն հոգի՝ երկինք։ Արամոյի ձգտումը կամերային երգեցողության բնօրրանները պետք է լինեն. մենք կտեսնենք պատանի մի ենթավարպետի, ով սովորելուց հետո մինչեւ վարպետ դառնալը անպայման կգնա հեռուներ, նոր հորիզոններ։

Ֆրանց Շուբերտին Կոնվիկտում առաջին սեմեստրից հետո վկայականում գրել էին «երաժշտական տաղանդ», երկրորդ սեմեստրում՝ «առաջնակարգ երաժշտական տաղանդ», հաջորդ տարի՝ «հատուկ ուշադրություն դարձնել»… ենթադրելի է, որ նման գեղարվեստական հաշվետվությունից հետո Արամո Մամիկոնյանի համար էլ նոր բնորոշումներ կգրվեն, օրինակ, որ այդ օրը ծնվեց նոր անհատական ձայն հայ կամերային երգեցողության մեջ, եթե չենք սխալվում, այսպիսի լուրջ հայտով՝ առաջին անգամ։

Օլյա ՆՈՒՐԻՋԱՆՅԱՆ
երաժշտագետ

Լուսանկարում՝ Հասմիկ Պապյանը, Արամո Մամիկոնյանը եւ Արուսյակ Ռշտունին

«Առավոտ» օրաթերթ
22.12.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031