Ըստ Գագիկ Մելքոնյանի, զինվորներ կան, որ իրենց տանը այդպիսի ուտելիքներ չեն տեսել ու չեն կերել, բանակում ուտում են:
«Որ ասում ես՝ ի՞նչ է կատարվել մեկ տարի բանակի համար, մենք չպիտի մասսայականացնենք, թե ինչ է կատարվում: Բանակում կատարվում է այն, ինչ ոչ ոք չպիտի իմանա»,- «Առավոտի» հետ զրույցում ՔՊ պատգամավոր, ՊՆ նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը այսպես պատասխանեց մեր հարցին, թե պատերազմից հետո ի՞նչ են արել բանակում, կարողացե՞լ են «Բայրաքթարների» այլընտրանքը ձեռք բերել, դիրքերը ամրակայել:
Նրա խոսքով՝ դիրքերում ինժեներական աշխատանքներ են կատարվել եւ կատարվում. «Սահմանազատում, սահմանագծումից հետո մենք արդեն ավելի բետոնային աշխատանքներ կկատարենք, երբ որ արդեն հստակ մեր սահմաններն ունենանք: Բայց տեղեր կան, որ իրենք արդեն խորացել են մեր սահմաների մեջ: Իրենք պիտի դուրս շպրտվեն, դուրս գան»:
Կարդացեք նաև
Հարցրեցինք՝ դուք զինվորական մարդ եք, չե՞ք գտնում, որ այդքան ելակի, կողմնակի բաների վրա ուշադրություն դարձրեցիք ու լիքը կարեւոր բաներ ուշադրությունից բաց թողեցիք, դրա արդյունքում ունեցանք պարտություն՝ Գագիկ Մելքոնյանը պատասխանեց. «Դա ընդդիմախոսների բանն է՝ ելա՜կ-մելա՜կ, չգիտես ինչ: Այդ ելակը դա մի հատ ոչ մեծ գումար է, ուղղակի ելակն այն է, որ տղեն բանակ գնալուց ուղղակի չմոռանա ելակի համը, չմոռանա մրգի համը: Ի՞նչ վատ է, որ էդ տղեն ելակ է ուտում: Ասենք ելակի գինն էլ թող մի 50 դրամ իր օրապահիկի վրա ավելանա, էս երկիրը չքանդվավ այդ ելակով: Ելակի հետ զուգահեռ նաեւ մնացած ամեն ինչը պիտի արվի: Ասում են՝ սա չի արվել, այ էն ելակն էին ուտում, դրա համար չի արվել, ելակով էին բանակ պահում: Բա ելակ է, մեր երեխեքն են, էդ ինչի՞ գերիների համար բան եք տալիս, էդ գերիներն են չէ՞ կերել ելակը: Մինչեւ գերեվարվելը կերել են, չէ՞: Ի՞նչ վատ է, որ մեր զինվորի սնունդը արդեն միջազգային բոլոր պետությունները, որ կան, համարյա մոտեցել է դրանց սննդակարգին, վա՞տ է: Շատ լավ է: Այդ 50 դրամանոց ելակը ի՞նչ պիտի ավելացներ, մենք մի հատ «բայրաքթա՞ր» էինք առնում այդ ելակով: Բայց էդ էլ է պետք չէ՞ մեզ: Զինվորը պիտի լավ ուտի, լավ հագնվի ու լավ էլ կռվի:
Սոված զինվորը, տկլոր զինվորը ոչ ոքի պետք չի ու չի էլ կարող կռվի, ես դա իմ փորձից եմ ասում»: Երբ ասացինք՝ ելակի տված ուժն ի՞նչ պիտի լինի, մե՛ղր տայիք զինվորին՝ Գագիկ Մելքոնյանը պատասխանեց. «Մեղր էլ են տալիս, է՜: Էդ ելակը ուղղակի գցել են բանի մեջ, թե ելակ են կերել: Մեղր էլ են տալիս, թխվածքաբլիթ էլ են տալիս, կաթնաշոռ էլ են տալիս, ամեն ինչ էլ տալիս են, առաջնագծում շոկոլադով, ամեն ինչով: Ինչի՞ չեն լուսաբանում մի հատ, թող ասեն՝ այսպիսի սնունդ են ստանում զինվորները առաջին գծում՝ խտացրած կաթով, ամեն ինչով»:
Մեր դիտարկմանը, որ նախկինում էլ պաշտպանության նախարարները, պաշտոնյաները ասում էին՝ զինվորն ամեն ինչով ապահովված է, Սեյրան Օհանյանն ասում է, որ երբեւէ մեր զինվորը սոված չի եղել՝ Մելքոնյանն արձագանքեց. «Այո, զինվորը ոչ սոված է եղել, ոչ էլ բան է եղել: Առաջներում ելակ, բան չի եղել, բայց ամեն ինչ եղել է: Այն ժամանակ զինվորի սննդի վրա օրական ծախսվում էր 700-800 դրամ, ոչ ավել, իսկ հիմա՝ 3000 դրամ, այսինքն, 3-4 անգամ ավելի է ծախսվում, որպեսզի զինվորն ամեն ինչ ուտի: Այսինքն, մրգեղեն, կաթնամթերք, ամեն ինչ: Զինվորներ կան, որ իրենց տունը այդպես չեն կերել, չեն տեսել: Բայց հիմա, փառք Աստծո, շատ լավ է սննդակարգը»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
22.12.2021