Լրահոս
Օրվա լրահոսը

Գեներալ Մանվելի սանիկը, մեծահարուստ գործարարի հարսը, դաշնակցականները՝ Շիրակի մարզում իշխանավորներ

Դեկտեմբեր 22,2021 22:45

Հայտնի են Շիրակի մարզի 4 խոշորացված համայնքների՝ Արթիկի, Ախուրյանի, Ամասիայի և Աշոցքի համայնքապետերն ու կառավարող ուժերը։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որը չորս համայնքներում էլ ձայների քանակով առաջատար էր, միանձնյա իշխանության անցավ միայն Աշոցքում։

ՔՊ-ական Կարեն Մանուկյանը, մրցակցելով ԲՀԿ-ի թեկնածուի՝ Գոգհովիտ գյուղի միջնակարգ դպրոցի ուսուցիչ Վարուժան Հարությունյանի հետ, կրկնակի անգամ շատ ձայներ ստացավ։

Արթիկ խոշորացված համայնքում էլ, թեև համայնքապետ ընտրվեց գեներալ Մանվել Գրիգորյանի սանիկը՝ ՔՊ-ի ցուցակը գլխավորող Անանիկ Ոսկանյանը, սակայն ձայների 41,61 տոկոսը ստացած ՔՊ-ն ստիպված եղավ համագործակցության հուշագիր ստորագրել Սամվել Բաբայանի՝ 12 տոկոս հավաքած «Ազատական» կուսակցության հետ։

Ի դեպ, Անանիկ Ոսկանյանին համայնքապետ են ընտրել ավագանու 18 անդամներ։

ՔՊ-ն ստացել էր 11 մանդատ, «Ազատական» կուսակցությունը՝ 3։ Անանիկ Ոսկանյանին իր 4 ձայնն է տվել նաև Արման Բաբաջանյանի հիմնած «Հանուն Հանրապետության» ժողովրդավարության պաշտպանների դաշինք կուսակցությունը։

«Ազատական» կուսակցության ցուցակի առաջին համարը գլխավորող Արտակ Հարությունյանի փոխանցմամբ, վաղը համայնքապետի երդմնակալության արարողությունն է։

Ամասիայում տեղի ունեցած հետընտրական գործընթացներն անսպասելի էին․ ՔՊ-ն, որը ստացել էր քվեների 38,84 տոկոսը՝ 1215 ձայն ու 16 ձայնով առավել էր Ամասիա խոշորացված համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանի գլխավորած «Արփի Ամասիա» նորաստեղծ դաշինքից, ինքնաբացարկ հայտնեց՝ հույս ունենալով հասնել նոր ընտրությունների։

Նրանք պնդում էին՝ ՔՊ-ի թեկնածու Մերգել Ղարիբյանը պիտի լինի համայնքապետ։

Սակայն նրանց հաշվարկը սխալ դուրս եկավ, ու ՔՊ-ն ընդհանրապես դուրս մնաց Ամասիայի իշխանությունից։ Այստեղ 9 մանդատ հանձնվեց, 6-ը՝ «Արփի Ամասիա» նորաստեղծ դաշինքին, 3-ը՝ ՀՀԿ-ին։

9 ձայնով համայնքապետ ընտրվեց 71-ամյա Ջեմմա Հարությունյանը։

Հիշեցնենք, որ Ջեմմա Հարությունյանը «Աշոցք ճանշին»-ի ղեկավար Մարսել Կարապետյանի կինն է։ Իսկ Կարապետյանները Հայաստանի մեծահարուստներից են, նրանց է պատկանում Բանդիվան կաթնամթերքի գործարանը, Ջեմմա Հարությունյանի տեգրոջը՝ Գենիկ Կարապետյանի ընտանիքին է պատկանում «Հին Արենի» գինու գործարանը, Երևանի «Անի Պլազա» հյուրանոցը։

Հիշեցնենք նաև, որ ՀՀԿ-ի ցուցակը գլխավորում էր Ջեմմա Հարությունյանի տեղակալը՝ Արթուր Մկրտումյանը։ Նրանք մի պահ հայտարարություն տարածեցին կոալիցիա կազմելու մասին, սակայն մեկ-երկու օր անց հերքեցին։

Ինչպես տեղեկացրեց ՀՀԿ Գյումրի շրջանային կազմակերպության կազմակերպիչ-համակարգող, Գյումրու ավագանու անդամ Նարեկ Միրզոյանը, տվյալ պահին համագործակցության հուշագիր չունեն։

Ախուրյանում ևս սպասվում էին ինտրիգային ընտրություններ, ՀՅԴ-ն հայտարարություն էր տարածել, որ ՔՊ-ն փորձում է մեկ ձայն փախցնել համագործակցության հուշագիր ստորագրած «Ախուրյան» ու «Հաղթանակ» դաշինքներից՝ ստանձնելով իշխանությունը։

Սակայն համայնքապետ ընտրվեց «Ախուրյան» դաշինքի թեկնածու, Ախուրյանի երկարամյա համայնքապետ, դաշնակցական Արծրուն Իգիթյանը։ Այստեղ իշխանությունն անցավ դաշնակցականներին․ «Հաղթանակ» դաշինքի թեկնածուն ևս դաշնակցական է, Մարմաշեն խոշորացված համայնքի ղեկավար Կարեն Արշակյանն է։

ՔՊ-ի թեկնածու Ալբերտ Այվազյանը մեկ ձայնով զիջեց դաշնակցական Արծրուն Իգիթյանին։ Վերջինս ստացավ 14 ձայն, ՔՊ-ի թեկնածուն՝ 13։

ՆուՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031