Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Փշերի միջով՝ դեպի աստղեր»․ ժամանակին Ալեն Սիմոնյանի համար Մարությանը քաղաքապետի ամենաընդունելի, ցանկալի թեկնածուն էր

Դեկտեմբեր 22,2021 22:15

Ինչպես հայտնել էինք, Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին ավագանու արտահերթ նիստում այսօր անվստահություն հայտնեցին․  քաղաքապետ դարձավ Հրաչյա Սարգսյանը։ Հայկ Մարությանի ելույթի մասին, որում նա գնահատականներ հնչեցրեց ՔՊ-ի հասցեին, այդ թվում կարծիք հայտնեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ Ֆեյսբուքյան գրառմամբ նա կոշտ գնահատականներ հնչեցրեց Հայկ Մարությանի վերաբերյալ։ Սոցցանցային օգտատերերը հիշեցին Ալեն Սիմոնյանի՝  Հայկ Մարությանի հետ հրապարակած լուսանկարն ու ջերմ խոսքերը նրա մասին, շրջանառեցին այն։ Aravot.am-ը փորձեց վերհիշել նախորդ երեք տարում Ալեն Սիմոնյանի հայտարարությունները Հայկ Մարությանի մասին։

-Դեռեւս 2018թ․-ին, երբ Երեւանի ավագանու ընտրություններ պետք է տեղի ունենային, շրջանառվում էին մի քանի անուններ՝ Հայկ Մարության, Նաիրա Զոհրաբյան, Զարուհի Փոստանջյան, Անահիտ Թարխանյան, Արարատ Զուրաբյան։ Aravot.am-ի հետ զրույցում այդ ժամանակ «Ելք» խմբակցության պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Ալեն Սիմոնյանն ասել էր․ «․․․Բոլոր թեկնածուներին էլ, անկեղծ ասած, շատ լավ եմ վերաբերվում, բոլորն էլ ինձ համար քաղաքապետի ընդունելի թեկնածուներ են, բայց ամենաընդունելին եւ ցանկալին Հայկ Մարությանն է»: Նույն հարցազրույցի ընթացքում արձագանքելով Aravot.am-ի դիտարկմանը, որ Հայկ Մարությանի ընդդիմախոսները գտնում են, որ նա դերասան է, դերասանն ի՞նչ քաղաքապետ կլինի՝ Ալեն Սիմոնյանը հակադարձել էր․  «Համաձայն չեմ, որովհետեւ ես Հայկ Մարությանի հետ աշխատել եմ, տարբեր պրոյեկտների վրա ենք միասին աշխատել, մեկը «Ալաբալանիցա» ֆիլմն է, երկրորդը՝ «No comment» ներկայացումը, որի տնօրենն եմ եղել եւ կարող եմ ասել, որ նա աշխատանքի մեջ շատ բծախնդիր եւ շատ պարտաճանաչ, աշխատասեր անձնավորություն է: Ասեմ անկեղծ, անկախ նրանից, որ մենք իրար հետ մրցել ենք, այո, ես համարում եմ, որ ես շատ ավելի լավ կարող էի այդ ամեն ինչը անեի, բայց Հայկը ինձնից պակաս կազմակերպիչ ու տնտեսվար չէ: Ես մեծ հաճույքով սատարելու եմ իրեն եւ մասնակցելու եմ քարոզարշավին»:

Հարցին՝ Արարատ Զուրաբյանն ասում է, որ եթե այդ տրամաբանությամբ շարժվենք, նոր մարդկանց բերենք քաղաքապետ, կարելի է առաջարկել Նիկոլ Փաշինյանին իր հետ Գյումրուց Երեւան քայլած մարդկանցից մեկին դարձնել իր օդանավի օդաչուն եւ ասել՝ թռչենք Մոսկվա,  Սիմոնյանը պատասխանել էր․ «Արարատ Զուրաբյանը մի թիմի ներկայացուցիչ է եղել, որն ունեցել է գրող Ներքին գործերի նախարար ու քաղաքապետ, Վանո Սիրադեղյանը գրող է եղել, բայց ոչ պակաս քաղաքապետ, Լեւոն Տեր-Պետրոսյանը լեզվաբան է եղել, մասնագիտություններից կառչելը եւ դա որպես չափանիշ վերցնելը…դրա մասին հրապարակային խոսելուց առաջ պետք է նախ մի հատ նայել սեփական անցած ճամփան: Այնպես որ դա ասելը, կարծում եմ, փրփուրներից կառչել է: Հայկ Մարությանը լավ մենեջեր է, լավ կազմակերպիչ է, լավ ղեկավար է իր թիմին ամեն հնարավոր ձեւով աջակցում է, իսկ մեր երկիրն այլեւս փորձադաշտ չի, որովհետեւ գործում է արդեն ընտրությունների մեխանիզմ: Եթե, Աստված մի արասցե, ժողովուրդը դժգոհ կլինի Հայկի ընտրությունից, մենք նախկին իշխանությունների պես չենք կառչելու, ընտրությունների միջոցով այլեւս ՀՀ քաղաքացին հնարավորություն ունի փոխել: Ոչ միայն ընտրությունների ձեւով, եթե դժգոհություն լինի, այդ ճանապարհը բաց է փոխելու, այդ ճանապարհը բացել ենք հենց մենք: Այդ մտածելակերպը հին տրամաբանություն է, հին տրամաբանությամբ պետք չի շարժվել»։

-Ավելի ուշ՝ 2019թ․-ի հուլիսին, երբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում վարչության նիստ էր հրավիրվել,  ՀՀ վարչապետ, կուսակցության նախագահ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ քննարկվել էր Երեւանի ավագանու ընտրություններին քաղաքապետի թեկնածուի հարցը: Լրագրողների հետ զրույցում ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանը, որը թեկնածուներից մեկն էր, ասել էր, որ  ընտրությունը տեղի է ունեցել երկու փուլով: «Պայքարը» եղել է երկրորդ փուլ անցած երկու թեկնածուների՝ Ալեն Սիմոնյանի եւ Հայկ Մարությանի միջեւ: Առավել ձայները, սակայն ստացել է Հայկ Մարությանը: Ալեն Սիմոնյանի խոսքով՝  առաջին փուլում երկու անվավեր քվեաթերթիկ է եղել, որոնց ձայները երկրորդ փուլում գումարվել են Հայկ Մարությանի ձայներին: Ալեն Սիմոնյանը կոչ էր արել բոլոր այն մարդկանց, որոնք սատարել են իրեն, միանալ եւ պաշտպանել Հայկ Մարությանի թեկնածությունը։

-2019թ․ դեկտեմբերի 3-ին, երբ ընդդիմությունը, նկատի ունենալով «Կամազ»-ների նվիրաբերության պատմությունը, պահանջում էր Հայկ Մարությանի հրաժարականը՝ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում հետեւյալն է ասել․ «Հայկ Մարությանի հրաժարականի որեւիցե անհրաժեշտություն չկա: Չեմ մեղադրում պարոն Մարությանին որեւիցե ձեւով որեւիցե հարցի շուրջ: Նա մնացել է իր գործառույթների մեջ, օրենսդրական առումով որեւէ խախտում չեմ տեսնում, այլ հարց է, որ միգուցե օրենսդրական բաց գոյություն ունի, որն այսօր ընդդիմությունը շահարկում է: Նվիրատվությունների կարգը, ինչպես պետք է հայտարարի, ով պետք է հայտարարի, կամ ընդհանապես քաղաքապետը ինչու պետք է զբաղվի, ամեն ինչը վերցնի իր վրա»: Ինչ վերաբերում է շինթույլտվություններին, ապա Ալեն Սիմոնյանը նույն ճեպազրույցի ժամանակ ասել է, որ խնդրահարույց ոչինչ չի տեսնում․ «Այն մարդիկ, որոնք ենթադրել են, որ կարող են «Կամազի» դիմաց ինչ-որ բան անել, դա հին տրամաբանության, հին մտածելակերպի մեջ է»:

-Հիշեցնում ենք Ալեն Սիմոնյանի 2019թ․-ի դեկտեմբերի 18-ի գրառումը, որին կից նա հրապարակել էր Հայկ Մարությանի հետ լուսանկար․ «Մեր մասին շատ են խոսում, տարբեր բաներ հորինում և բամբասում, իսկ մենք արդեն քանի տասնամյակ է անում ենք ամենադժվար գործերից մեկը` մեր ընկերությունը փշերի միջով տանում ենք դեպի աստղեր: Շնորհավոր ծնունդդ շնորհավոր, Հայկ Մարության ջան»։

Պատրաստեց Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031