Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն այսօր ընդունել է Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոս Ռուսլան Կանդաուրովին և Գյումրիում ռուսական տան ղեկավար Անտոն Բերյանևին։ Ողջունելով հյուրերին՝ Շիրակի մարզպետը նշել է, որ կարևորում է հայ-ռուսական դարավոր բարեկամությունը․
«Ուրախ եմ Ձեզ հյուրընկալելու, հայ և ռուս ժողովուրդների դարավոր անցյալը բարեկամության և ամուր հիմքերի վրա է դրված եղել, հիմա էլ մենք պատրաստ ենք համագործակցության և հյուպատոսարանի հետ արդեն ձևավորված գործընկերությունն ամրապնդելու։ Հաշվի առնելով թե ռազմաբազայի առկայությունը, թե Շիրակի մարզում ռուս ազգաբնակչության ներկայությունը՝ վստահ եմ, որ համատեղ նոր ծրագրեր ու նախաձեռնություններ կկարողանանք կյանքի կոչել»։
Ռուսլան Կանդաուրովը շնորհավորել է Նազելի Բաղդասարյանին` մարզպետի պաշտոնում նշանակվելու առթիվ՝ մաղթելով բեղմնավոր աշխատանք․ «Տիկին մարզպետ, Ձեզ արդյունավետ ու արգասաբեր գործունեություն եմ մաղթում և ինքս էլ հաստատում եմ մեր պատրաստակամությունը համագործակցելու, կարծում եմ` փոխադարձ պատրաստակամության առկայությունն արդեն լավ հիմք է գործնական քայլերի իրականացման համար»։ Կողմերն անդրադարձել են նաև հայ գերիների վերադարձի խնդրին։
Շիրակի մարզպետը բարձր է գնահատել Ռուսաստանի Դաշնության ջանքերը խնդրի կարգավորման հարցում` հյուպատոսին ներկայացնելով դեռ ԱԺ-ում այս խնդրի կարգավորմանը միտված իր քայլերը։
Կարդացեք նաև
Մարզպետը նշել է նաև, որ վաղուց է ծանոթ Գյումրիում ռուսական տան աշխատանքին, համագործակցել է դեռ ԱԺ պատգամավոր եղած ժամանակ՝ բարձր գնահատելով գիտության ու մշակույթի բնագավառներում համագործակցության խորացման համար ռուսական տան ձեռնարկած քայլերը։