Լրահոս
Օրվա լրահոսը

Սյունիքում սուբվենցիոն ծրագրերի ուշ մեկնարկը կապված էր նաեւ որոշ համայնքապետերի կալանավորման հետ

Դեկտեմբեր 22,2021 20:15

Սուբվենցիայի հատկացման միջգերատեսչական հանձնաժողովն այս տարի Սյունիքի մարզում իրականացվելիք 21 ծրագիր է հաստատել՝ ընդհանուր 7 մլրդ 280 մլն դրամ նախահաշվային արժեքով։ Մինչեւ հիմա մեկ ծրագիր է ավարտվել՝ Գորայք համայնքի մեքենատրակտորային կայանի համալրումը։ Ծրագրի ընդհանուր արժեքը 40 մլն 150 հազար դրամ է, որի 50 տոկոսը ֆինանսավորել է պետությունը։ Եվս 5 ծրագիր կավարտվի մինչեւ տարեվերջ․ Տեղ համայնքի Խոզնավար եւ Խնածախ բնակավայրերի ոռոգման ներքին ցանցի նորոգումը` 33 մլն 312 հազար դրամ արժողությամբ, որի 65 %-ը՝ 21 մլն 652 հազար դրամ պետության ներդրումն է։ Տաթեւ համայնքի Շինուհայրի մանկապարտեզի վերանորոգման արժեքը 20 մլն 561 հազար դրամ է, պետությունը հատկացրել է գումարի 65 %-ը։ 67 մլն 283 հազար դրամ արժեցել է Մեղրի համայնքի Ագարակ բնակավայրի փողոցների ասֆալտապատումը, որտեղ 45% ֆինանսավորումը տրամադրել է կառավարությունը։

Սիսիան համայնքի բազմաբնակարան շենքերի տանիքների նորոգման համար նախատեսված 177 մլն 361 հազար դրամի 40 տոկոսը նույնպես պետության մասնաբաժինն է։ Կապան համայնքի Աճանան բնակավայրի ոռոգման ցանցի վերակառուցման 160 մլն 326 հազար դրամի 70 %-ը՝ 112 մլն 228 հազար դրամ պետության հատկացումն է։ Սյունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի եւ վերլուծության բաժնի պետ Հայկ Կարախանյանը, ծրագրերի ոչ լիարժեք կատարումը նախ կապում է համավարակի եւ երկրում՝ 2020 թվականին ռազմական դրություն մտցնելու հետ, երբ 2020 թվականի շատ ծրագրեր տեղափոխվեցին 2021 թվական։ Արդյունքում, մարզում գործող շինարարական կազմակերպությունների ներուժը չհերիքեց։ «Կա նաեւ օբյեկտիվ պատճառ։ Այս տարի մարզի մի քանի համայնքներում ընտրություններ էին, փոխվեցին համայնքապետեր, համայնքապետարանների աշխատակազմերը, որոնք եւս նպաստեցին, որ ունենաք նման թույլ ցուցանիշներ»,-ասում է Հայկ Կարախանյանը։

Քաջարանի համայնքապետարանն ընթացիկ տարի նախատեսած սուբվենցիոն ծրագրերի մրցույթներն, ընդամենը օրեր առաջ է հայտարարել։ Քաջարանի համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը (Փարամազյանի խափանման միջոցը փոխվեց դեկտեմբերի 17-ին-Ա․Դ․) եւ համայնքապետի տեղակալ Զոհրապ Առաքելյանը կալանավորված էին, ինչը խանգարեց ժամանակին մրցույթ հայտարարելուն։ «Պատճառը համայնքապետի ձերբակալությունն էր, ապա՝ կալանավորումը, հետո՝ իմ ձերբակալությունը։ Երկու ամիս ստորագրությունների պատճառով չկարողացանք մրցույթ հայտարարել։ Այնուհետեւ էլ խնդիր առաջացավ համաֆինանսավորող կազմակերպությունների հետ, պիտի պայմանագրերը թարմացնեիք, ինչի համար եւս ժամանակ պահանջվեց»,-ասում է Զոհրապ Առաքելյանը։ Քաջարան համայնքում այս տարի նախատեսված էին հետեւյալ սուբվենցիոն ծրագրերը․ 11 շենքի ջերմամեկուսացում եւ էներգախնայողություն, մի քանի գյուղական բնակավայրերի ասֆալտապատում։ Զոհրապ Առաքելյանի խոսքով՝ ծրագրերի իրականացման հետ ունեն պայմանավորվածություն կառավարության, մասնավորապես տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության հետ։ Այս տարվա սուբվենցիոն ծրագրերը Քաջարանի համայնքապետարանը կիրականացնի արդեն 2022թ.-ին։

Սուբվենցիոն ծրագրերի իրականացման առումով կարեւորվել են սահմանամերձ համայնքները։ «Ծավ, Շիկահող, Դավիթբեկ բնակավայրերում ունենք սուբվենցիոն ծրագրեր կապված հասարակական շենքերի արդիականացման հետ, բացի սա՝ 2020 թվականին Կապան համայնքը ուներ ծրագրեր Եղվարդ եւ Ագարակ բնակավայրերում՝ խմելու ջրի հետ կապված, որոնք ավարտվել են այս տարի եւ ներկայումս՝ հանձնման–ընդունման փուլում են»,-ասում է մարզպետարանի ներկայացուցիչ Հայկ Կարախանյանը։

Ի դեպ, կառավարության շրջանառության մեջ է դրել մի նախագիծ, որով համայնքները կարող են սուբվենցիոն ծրագրերը ներկայացնել մինչեւ հունվարի 20-ը։ Նախկինում պիտի ներկայացնեին մինչեւ փետրվարի վերջը։ Այս փոփոխությունը հնարավորություն կտա ֆինանսավորումը կատարել ավելի շուտ, ինչը թույլ կտա ծրագրերը մեկնարկել մարտի կեսերից։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031