Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Մի՞թե Մարությանը չէր հասկանում, որ առաջնային այլ խնդիրներ կան»․ Սիլվա Ադամյանը՝ Մարությանի դրական գործերի ու չարած աշխատանքի մասին

Դեկտեմբեր 22,2021 18:20

«Քաղաքապետի մասին իմ կարծիքը բոլորին հայտնի է դեռ նրա պաշտոնավարումից սկսած։ Դեմ եմ եղել՝ մտածելով, որ նա չի կարող, չունի անձնական ռեսուրս։ Այլ գործերի համար ռեսուրս, օրինակ՝ արվեստի բնագավառում, ունի, բայց ես կտրուկ դեմ եմ խոսել, այդ պատճառով էլ առանձնապես համագործակցություն չի եղել, բայց, օրինակ, կենդանաբանական այգու խնդրով մասնակցել եմ քննարկումներին, շատ բաներ տեսել»,-Aravot.am-ի հետ զրույցում այսօր ներկայացնելով Երեւանի քաղաքապետի պաշտոնում Հայկ Մարությանի պաշտոնավարման երեք տարիների գնահատականը՝ ասաց բնապահպան Սիլվա Ադամյանը։

Հիշեցնենք՝ Մարությանին այսօր անվստահություն հայտնեցին․ քաղաքապետ դարձավ Հրաչյա Սարգսյանը։

Սիլվա Ադամյան

Սիլվա Ադամյանը նշեց՝ որպես քաղաքացի եւ հասարակական գործիչ՝ շատ ակնկալիքներ չի ունեցել Հայկ Մարությանից՝ Երեւան քաղաքի առաջընթացի առումով․ «Եթե օբյեկտիվորեն առանձնացնենք բացասականն ու դրականը, ապա չէի սպասում, որ թափառող կենդանիների խնդիրը դեպի լուծում կգնա, որովհետեւ քանիցս քաղաքապետ ենք փոխել, հարցը դրվել է սեղանին, բայց, ցավոք, հարցը չի լուծվել։ Բայց արձանագրենք, որ Հայկ Մարությանի օրոք խնդիրը սկսեց լուծում ստանալ, թեեւ այդ լուծումը վերջնական չէ։ Մենք, որպես բնապահպաններ, քաղաքացիներից ահազանգեր ենք ստանում․ բողոքում են, օրինակ, որ շները հարձակվում են երեխաների ու անցորդների վրա, թեեւ ստերջացված են։ Խնդիրը, ցավոք, կա, բայց որ քայլ է կատարվել դեպի լուծում՝ ակնհայտ է»։

Ըստ Սիլվա Ադամյանի՝ տրանսպորտի հարցում Հայկ Մարությանը բավականին լուրջ մոտեցում ունեցավ․ «Որոշակի տեղաշարժ ունենք եւ պետք է դա փաստել։ Հարցը տարիներ շարունակ չէր լուծվում։ Հիմա էլ ենք թեեւ ստիպված երթեւեկել փնթի, կեղտոտ, գարշահոտ երթուղայիններով, բայց մի քիչ առաջընթաց կա, այլընտրանք կա, ինչը խրախուսելի է։ Մնացած հարցերում՝ աղբահանություն, կանաչ տարածքներ, քաղաքի պահպանված կերպար, տեսք, ցավոք, այս ամենը չունեցանք։ Երեւանը, որպես Երեւան, կներեք, դեմքը կորցրեց։ Ես հասկանում եմ, որ պատերազմն ու քաղաքական իրավիճակն էլ դեր խաղացին, բայց քաղաքը կորցրեց դեմքը։ Երբ դուրս ես գալիս քաղաք, Երեւանն անճանաչելի է։ Միշտ զարմանում էի, որ Հայկ Մարությանը փող էր ծախսում այն բանի վրա, որ ինչ-որ տեխնիկա տարվի մի խուլ տեղ, ու շինություններ քանդվեն։ Մտածում էի՝ սխալ եմ արել, որ իրենց խորհուրդ չեմ տվել ու ասել, որ դա ճիշտ ճանապարհ չի։ Սկզբից պետք է բարեկարգել։ Բոլորին խանգարող 12 հարկանի շենքը հնարավոր չէ քանդել։ Գնում են խեղճուկրակ մարդկանց շինություններն են քանդում ու դրա համար քաղաքի բյուջեից փող տրամադրում։ Մի՞թե Հայկ Մարությանը չէր հասկանում, որ առաջնային այլ խնդիրներ ունենք, օրինակ՝ աղբահանությունը, որը չի կառավարվում»։

Սիլվա Ադամյանը շեշտեց, որ քանիցս ֆեյսբուքյան ուղիղ եթերով ցույց է տվել, թե ինչ վիճակում է Քանաքեռ-Զեյթուն համայնքի աղբահանությունը․ «Սարսափելի է՝ աղբի մեջ կորած ենք։ Նույնը տեսել եմ կենտրոնում։ Քանիցս գործընկերներով քաղաքապետարանին կոչ ենք արել հարցը լուծել, բայց սայլը տեղից չի շարժվել։ Ծարավ աղբյուրում, օրինակ, աղբամաններ են տեղադրված։ Հարուստ թաղամաս է, ունեն տեսակավորման աղբամաններ։ Ո՞րն է տրամաբանությունը։ Եթե Հայկ Մարությանը որոշել էր իրավիճակը փոխել ողջ քաղաքում, ապա ինչո՞ւ Զեյթունում չկան նման աղբամաններ։ Այդ թաղամասն այլեւս ծայրամաս չի համարվում։ Անշարժ գույքը սարսափելի գների է։ Բացի այդ, աղբը թափվում է եւ օրերով մնում։ Քաղաքի մաքրությունը համընդհանուր խնդիր է, որն այդպես էլ լուծում չստացավ։ Ես, իհարկե, չեմ ասում, թե նախկին ղեկավարությունը փողոցները փայլեցնում էր։ Եթե անկեղծ, ես Երեւանը մաքուր եմ տեսել միայն Սովետական միության օրոք։ Դրանից հետո ես մաքուր եւ բարեկարգ Երեւան չեմ նկատել»։

Սիլվա Ադամյանի գնահատմամբ՝ Հայկ Մարությանը, շեղվելով այլ հարցերի վրա, քաղաքային բյուջեի գումարները տրամադրել է տրակտորներով շինությունները քանդելուն․ «Այո, ապօրինի շինություններ չպետք է լինեն, բայց դրան ուրիշ լուծում կա։ Մի՞թե Հայկ Մարությանը չգիտեր, որ նման մարդկանց կարելի է բերել օրենքի դաշտ, այդ շինությունները հո փողոցի մեջտեղո՞ւմ չէին։ Պետք էր ստիպել, որպեսզի նման մարդիկ վճարեն իրենց կառուցածի համար։ Այ այսպիսի նրբությունները չեն արվել։ Ինչ վերաբերում է կանաչ տարածքներին, ապա տեսնում եմ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատանքը։ Շատ հարգված մարդիկ են, բայց ուղղությունը միայն որոշակի տարածքների համար է՝ մի փոքր այգի, մի փոքր տարածք, որտեղ արդեն կանաչ կա։ Նման տարածքներում կանաչն ավելանում է, բայց տեսեք, օրինակ, Զեյթունի այգին, որն ուղղակի չորացել է, վիճակ չկա, բազալտե քարերն ու չոր ծառերն են մնացել։ Պատասխանն այն է, որ այգին վաճառված է, դրա համար մենք այգի չենք ունենա։ Ծառատունկ չի արվում։ Սա միայն իմ թաղամասի օրինակն է, բայց նույնը կարելի է ասել մնացած տարածքների մասին, որովհետեւ հարցին տեղային սկզբունքով են մոտենում։ Չի արվել մոնիթորինգ, թե Երեւանում որ տարածքներն են վտանգված, խաթարված բնապահպանական տեսանկյունից»։

Մեր զրուցակիցը կարծում է, որ Հայկ Մարությանի հանդեպ դժգոհությունը ծագել է քաղաքական պատճառներով, որովհետեւ նշյալ խնդիրների մասին բնապահպանները մշտապես բարձրաձայնել են․ «Դա հասկանալի է, բայց ես, որպես քաղաքացի, գոհ չեմ նրա աշխատանքից։ Անձի խնդիր չէ։ Նրանից սպասելիքներն ավելի շատ էին։ Երբ առաջին անգամ տեսա, որ հարյուր տարվա սրճարանը տեխնիկայով քանդում են․․․ես դեմ եմ քաղաքի կառուցապատմանը, բայց բարեկարգ սրճարանը քանդելով՝ ցույց տվեցին իրենց դեմքը, ու այդպես էլ թողեցին տարածքը։ Չէ՞ որ մենք տուրիզմով ենք զբաղվում։ Եթե ժամանակին թույլ է տրվել, սխալը եղել է, ուրեմն պետք է բարեկարգել ու կանաչապատել, հարցեր դնել կառուցողների առաջ՝ որպես աշխատելու նախապայման։ Նման հարցերը բարձիթողի վիճակում են եղել։ Նման բաները պետք է որ դժգոհություն առաջացնեին քաղաքացիների մոտ, մինչդեռ նրանք չէին դժգոհում, ասում էին, թե հրաշալի քաղաքապետ է։ Ես հատուկ հակակրանք կամ անձնական որեւէ բան չունեմ Հայկ Մարությանի հանդեպ, ես միշտ խնդիրների մասին եմ գրել։ Նա հրաշալի մարդ է, բայց որպես քաղաքապետ՝ նա չէր կարող աշխատել այդ ոլորտում։ Ասում եմ՝ քաղաքը մահացել է, կորցրել դեմքը»։

Սիլվա Ադամյանը զրույցն այսպես եզրափակեց․ «Ցավում եմ մեր զոհված հերոսների համար։ Չեմ ասում՝ նոր տարուն հրավառություն անենք կամ երգ ու պար կազմակերպենք, բայց կարելի էր չէ՞ քաղաքն ուղղակի լուսավոր պահել։ Ոչ մի տոնակատարության մասին չեմ ասում, միայն լուսավորության։ Մի հատ նայեք, թե այլ քաղաքները ոնց են պահվում։ Ճապոնացիները ժամանակին Հերոսիմա են ապրել, Իսրայելն ամեն տարի գնդակոծվում է, բայց մի հատ տեսեք, թե իրենց քաղաքներն ինչ վիճակում են պահում։ Սիրիայում, որն այդքան զոհ ու ավերածություն տեսավ, տեսեք, թե ինչ տեսքի են բերել Հալեպը։ Մարդիկ ապագայի հանդեպ հավատ պետք է ունենան, իսկ ապագան այս քաղաքում չտեսանք, այդ թվում՝ տարրական լուսավորություն։ Փոխարենը մութ փողոցներ են»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031