Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Լոռու մարզի Գարգառ գյուղի դպրոցը կվերանորոգվի

Դեկտեմբեր 22,2021 18:40

Ճապոնիայի կառավարությունը 96.957 ԱՄՆ դոլարի դրամական աջակցություն է տրամադրում ՀՀ Լոռու մարզի Գարգառ գյուղի հանրակրթական դպրոցի և խմելու ջրի համակարգի վերանորոգման նպատակով:

 

Այսօր ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի դեսպան Մասանորի Ֆուկուշիման և «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Նունե Ղազախեցյանը ստորագրել են համագործակցության պայմանագիր՝ դրամաշնորհային ծրագրի շրջանակում Գարգառ գյուղի հանրակրթական դպրոցի և խմելու ջրի համակարգի վերանորոգումն իրականացնելու վերաբերյալ: Միջոցառմանը ներկա է եղել և ողջույնի խոսքով հանդես է եկել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:

Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել Ճապոնիայի կառավարությանը այս կարևոր նախագծի շարունակական իրականացման համար: Փոխնախարարը կարևորել է համատեղ գործակցությունը՝ միտված կրթության ոլորտում առկա խնդիրների լուծմանը և որակյալ կրթական համակարգի կառուցմանը:

«Այս ծրագիրն ամբողջությամբ համահունչ է ՀՀ կառավարության ծրագրով սահմանված առաջնահերթություններին, համաձայն որոնց՝ նախատեսվում է էապես բարելավել հանրակրթական համակարգի ենթակառուցվածքներն ու պայմանները, ինչը կնպաստի նաև կրթական համակարգի որակի բարելավմանը: Ապագայում կայցելենք Գարգառի դպրոց և հնարավորություն կունենանք՝ տեղում տեսնելու, թե ինչ բարերար ազդեցություն է ունեցել ծրագիրը կրթական որակի, երեխաների՝ սովորելու ցանկությունը բարձրացնելու վրա»,- ասել է նախարարի տեղակալը և նախարարության անունից պատրաստակամություն հայտնել ընդլայնելու համագործակցության շրջանակները և աջակցելու նմանատիպ ծրագրերին՝ ի շահ երեխաների և կրթության որակի բարելավման:

Դեսպան Մասանորի Ֆուկուշիման ևս շնորհակալություն է հայտնել ծրագրում ներգրավված բոլոր կողմերին և տեղեկացրել, որ դրանից կօգտվի շուրջ 1500 մարդ:

«Խորապես համոզված ենք, որ կրթությունը երկրի ամենակարևոր սյուներից է և ապագայի հաջողության բանալին: Մեր նպատակն է այս ծրագրի միջոցով բարելավել մարդկանց կյանքի որակը»,- ասել է դեսպանը և մաղթել շարունակական հաջողություն:

«Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Նունե Ղազախեցյանը, շնորհակալություն հայտնելով Ճապոնիայի կառավարությանը և ԿԳՄՍ նախարարությանը համագործակցության համար, ներկայացրել է հիմնադրամի գործունեությունը և տեղեկացրել, որ սա 2-րդ ծրագիրն է, որ իրականացվում է ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանատան հետ:

 

ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031