Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արա Խզմալյան. «Կապիտալ հատկացումները 2019-2021 թթ. աննախադեպ ծավալների են հասել»

Դեկտեմբեր 22,2021 17:40

ՀՀ կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանն ամփոփել է մշակութային տարին՝ ներկայացնելով 2021 թվականին մշակույթի ոլորտում իրականացված ծրագրերն ու աշխատանքները:

 Մշակույթի ոլորտի 2022 թվականի հատկացումները

 Արա Խզմալյանն իր խոսքը սկսել է երկու կարևոր նորություններով. առաջին՝ 2022 թվականին մշակույթի ոլորտին տրամադրված հատկացումները կազմում են 1 մլրդ 589 մլն 13 հազար  դրամ: Նախարարի տեղակալի դիտարկմամբ՝ 2021 թվականին համավարակի և պատերազմի հետևանքներով մի քանի անգամ կրճատվել էր ոլորտային բյուջեն, այդ թվում՝ մշակութային ծրագրերին հատկացվելիք գումարը, սակայն 2022 թվականին հատկացված գումարը հասցվել է մշակույթի ոլորտի՝ 2020 թվականի հատկացումներին:

Կապիտալ հատկացումներ

Երկրորդ՝ աննախադեպ ծավալների են հասել 2019-2020-2021 թվականներին թատերահամերգային կառույցներին, թանգարաններին, մշակութային հաստատություններին կապիտալ հատկացումների ծավալները.

2021թ. «Թատերահամերգային կազմակերպությունների նյութատեխնիկական բազայի համալրում» ծրագրով հատկացվել է 174,8 մլն դրամ. այդ թվում՝ «Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն» ՊՈԱԿ-ին՝ 1,5 մլն դրամ՝ ֆլեյտայի ձեռքբերում, «Երևանի կամերային պետական թատրոն» ՊՈԱԿ-ին՝ 4,8 մլն դրամ՝ շարժական բեմի գույքի և սարքավորումների համար, «Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոն» ՊՈԱԿ-ին՝ 168,5 մլն դրամ՝ գույքի ձեռքբերում։

«Սա համարում եմ տարվա լավագույն ձեռքբերումներից մեկն ու շնորհավորում եմ թատրոնի ամբողջ կազմին: Սա վերջը չէ. պետական բյուջեով գրեթե նույն ծավալի հատկացում կլինի նաև 2022 թվականին, և մենք կունենանք լիարժեք զինված, վերազինված մի կառույց: Սա համահունչ է այն արդյունքներին, որոնք Համազգային թատրոնը գրանցում է վերջին ժամանակաշրջանում»,- շեշտել է Արա Խզմալյանն ու հավելել՝ 2020 թվականին Տիկնիկային թատրոնին հատկացվել էր 21 մլն դրամ, և ամբողջությամբ արդիականացվել էր լուսային տեխնիկան, իսկ այժմ ՀՀ կառավարության որոշման նախագիծ է շրջանառվում, ըստ որի՝ շուրջ 44 մլն դրամ կհատկացվի ձայնային տեխնիկայի համակարգի արդիականացման համար:

 Արա Խզմալյանը տեղեկացրել է, որ «Ներդրումներ՝ թատրոնների շենքերի կապիտալ վերանորոգման համար» ծրագրով հատկացվել է 54,5 մլն դրամ, այդ թվում՝ Երևանի մնջախաղի պետական թատրոնի շենքի վերակառուցման համար՝ 50 մլն դրամ, «Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոն» ՊՈԱԿ-ի սանհանգույցների և դիմահարդարման սենյակների ընթացիկ նորոգման ավարտական աշխատանքների համար՝ 4,5 մլն դրամ: «Ներդրումներ՝ թանգարանների և պատկերասրահների հիմնանորոգման համար» ծրագրով 108,5 մլն դրամ ուղղվել է «Հայաստանի պատմության թանգարան» ՊՈԱԿ-ի օդափոխության համակարգի արդիականացմանը: «Հուշարձանների ամրակայում, նորոգում և վերականգնում» ծրագրի շրջանակում ընդհանուր առմամբ հատկացվել է 242,7 մլն ՀՀ դրամ։ «Կինեմատոգրաֆիայի» ծրագրով Հայաստանի ազգային կինոկենտրոնին հատկացվել է 20 մլն դրամ։

Արա Խզմալյանի նշմամբ՝ 2020 թվականին Հայաստանի ազգային կինոկենտրոնին հատկացվել է 102,7 մլն դրամ, որն ուղղվել է Երևան քաղաքի Տերյան 3ա հասցեում գտնվող, ՊՈԱԿ-ին պատկանող տարածքի հիմնանորոգմանը։

Նախարարի տեղակալի նշմամբ՝ 2022 թվականին «Թատերահամերգային կազմակերպությունների նյութատեխնիկական բազայի համալրում» ծրագրով նախատեսված է շուրջ 767 մլն դրամ, «Ներդրումներ՝ թատրոնների շենքերի կապիտալ վերանորոգման համար» ծրագրով՝ շուրջ 213 մլն դրամ, հուշարձանների համար՝ 108 մլն դրամ:

«Սա աննախադեպ ցուցանիշ եմ համարում: Մենք բարձրացնում ենք մեր չափանիշները պետական կառույցների ֆինանսական ինքնավարության և ներկայանալիության տեսանկյունից, ուրեմն պետք է աջակցենք, որ այդ արտաբյուջեի գեներացման համար լինեն համապատասխան պայմաններ, իսկ դա առանց ժամանակակից տեխնիկայի դժվար է պատկերացնել»,- ընդգծել է նախարարի տեղակալը:

Փոխնախարարի խոսքով՝ այդ ծրագրերից օգտվելու են այն կառույցները, որոնք լայն միջազգային համագործակցություն են ապահովել, հանդես են եկել հեղինակավոր միջազգային փառատոներում, ներկայանալի են եղել ու թույլ են տալիս ասելու, որ ժամանակակից հայ թատրոն կա:

ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031