Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Մարությանի ելույթը նրա հեռանալու լավագույն հիմնավորումն է՝ ցածր մակարդակի, բակային բամբասանքի բնորոշումներով»․ Արթուր Հովհաննիսյան

Դեկտեմբեր 22,2021 17:30

«Բարդ է նման հայտարարությունը մեկնաբանելը։ Կարծում եմ՝ պարոն Մարությանի այսօրվա ելույթը լավագույն հիմնավորումն էր, թե ինչու նա պետք է հեռանա»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը՝  անդրադառնալով Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի այսօրվա ելույթին, որում նա մասնավորապես ասել է, թե ՔՊ-ն ուզում է կուսակցությունը դարձնել հեղափոխական արժեքների միակ կրողն ու ժառանգորդը․ «Սա անընդունելի է ինձ համար եւ ինձ նման հազարավոր մարդկանց համար, որոնք կուսակցական չեն եւ հեղափոխություն են արել ուղղակի ավելի լավ Հայաստանի երազանքով»։ Հիշեցնենք՝ Մարությանին այսօր անվստահություն հայտնեցին․ քաղաքապետ դարձավ Հրաչյա Սարգսյանը։

Արթուր Հովհաննիսյանը շարունակեց․ «Բոլոր ձեւակերպումները նկատի ունեմ։ Դեղին մամուլին բնորոշ կամ բակային բամբասանքին բնորոշ ձեւակերպումներով մեղադրանքներ հնչեցնելն այն քաղաքական թիմի հասցեին, որն ամենաբարդ պահերին քաղաքական իմաստով սատար է կանգնել քեզ, կարծում եմ, լավագույնս ներկայացնում է այն վիճակը, որը տիրում է քաղաքապետարանում եւ այն խզվածությունը, որը եղել է Հայկ Մարությանի օրոք՝ գործադիր իշխանության, ավագանու «Իմ քայլը» խմբակցության մեծամասնության միջեւ, ինչն էլ, ըստ էության, առաջացրել է քաղաքի կառավարման ճգնաժամ։ Պարոն Մարությանի կողմից նման ցածր մակարդակի եւ ձեւակերպումներով ելույթ չէի սպասում։ Կարծում եմ՝ Երեւանի ավագանին ճիշտ որոշում կայացրեց»։

Ինչ վերաբերում է Հայկ Մարությանի պնդմանը, թե իր դիրքորոշումների եւ խնդիրների մասին բարձրաձայնել է քաղաքական թիմի ներսում, բայց ոչ մի արձագանք չի եղել, Արթուր Հովհաննիսյանը նշեց․ «Ես նման քննարկումների մասին երբեք չեմ լսել։ Լսել եմ հակառակը․ որպես պատգամավոր եւս փաստում եմ, որ Հայկ Մարությանի հետ կար հստակ խզվածություն նաեւ օրենսդիր իշխանության միջեւ։ Շատ դեպքերում ես, որպես պատգամավոր, քաղաքացիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվելիս բարդությունների էի հանդիպում հենց քաղաքապետարանի տիրույթում։ Ուստի հիմա գալ-ասել, թե ինքը բարձրաձայնել է․․․ սա մերկապարանոց, իրականության հետ կապ չունեցող հայտարարություն է։ Իրականությունն այն մասին է, որ ավագանու բազմաթիվ անդամներ, քաղաքապետարանի աշխատողներ, քաղաքական թիմի ներկայացուցիչներ ահազանգել են ու փաստեր ներկայացրել տարբեր մարդկանց վերաբերյալ կոռուպցիոն ռիսկերի առնչությամբ, որոնց, վստահաբար, պատշաճ ուշադրություն չի դարձվել, եւ նման մարդիկ շարունակել են աշխատել քաղաքապետարանում։ Այս հարցն այսօրվանից մեր ուշադրության կենտրոնում է լինելու»։

Հետաքրքրվեցինք՝ Հայկ Մարությանի՞ պաշտոնավարման օրոք ի հայտ եկած կոռուպցիոն ռիսկերի մասին է խոսքը, թե նախկին։ Արթուր Հովհաննիսյանը պատասխանեց․ «Չեմ ուզում պարոն Մարությանին կոռուպցիոների կամ խարդախության պիտակ կպցնել։ Ամենեւին։ Դրա մասին չի խոսքը։ Խոսքն այն մասին է, որ կոռուպցիոն ռիսկերը չեն կանխվել։ Իսկ թե դրանք նախկինից են եկել, թե նոր են ձեւավորված եղել, հարցի պատասխանը ես չեմ կարող տալ։ Վստահ եմ, որ խնդիրները նախկինից էլ են եկած, բայց նաեւ վստահ եմ, որ նոր ի հայտ եկած խնդիրներ էլ կան։ Եթե նախկին խնդիրները չես լուծում, նորերն են ի հայտ գալիս։ Նորից շեշտեմ, որ Հայկ Մարությանի այսօրվա ելույթը նրա հեռանալու լավագույն հիմնավորումն էր»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031