Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հարցեր Ժիրայր Լիպարիտյանին

Դեկտեմբեր 22,2021 17:02

Կարդացի Ժիրայր Լիպարիտյանի վրդովված պատասխանն իր ընդդիմախոսներին։ Ընդդիմախոսներին նա անվանում է չակերտավոր քննադատներ։ Պարոն Լիպարիտյանը գրում է՝ քննադատողների խոսքերը, բառի սովորական իմաստով, կարծիքներ կամ քննադատություններ չեն․ «Դրանք ամբաստանություններ ու հայհոյանքներ են։ Ամբաստանություններ, որոնք բացարձակապես հիմնավորված չեն ու չեն կարող հիմնավորվել մի պարզ պատճառով. դրանք որեւէ հիմք չունեն։ Իսկ հայհոյանքներ անհրաժեշտ չէին լինի, եթե հեղինակները վերլուծության եւ տրամաբանական հակաճառության արվեստին ծանոթ լինեին»։

Հավանաբար, պարոն Լիպարիտյանը հիմնականում ճիշտ է, քանի որ Հայաստանում ընդունված է ոչ թե քաղաքակիրթ, տրամաբանական, փաստերով քննադատությունն ու բանավեճը, այլ ընդդիմախոսին հայհոյելն ու պիտակավորելը, որն ինքս, ինչպես ասում են «իմ կաշվի» վրա եմ զգացել։ Պարոն Լիպարիտյանը մեջբերում է Հակոբ Պարոնյանի այն խոսքերը․ «Հայհոյանքը փաստի սով է», որոնք հաճախ ինքս եմ օգտագործում։

Բայց արդյոք Ժիրայր Լիպարիտյանի բոլոր քննադատնե՞րն են այդպիսիք։ Նրա ամենաթունդ քննադատներից մեկը ես եմ եղել և եմ։ Խնդրում եմ պարոն Լիպարիտյանին մեջբերել իմ հոդվածներից որևէ արտահայտություն, որը կարող է դիտվել որպես հայհոյանք։

Պարոն Լիպարիտյանն իր հոդվածում չի պատասխանել իմ հարցադրումներից ոչ մեկին։ Ավելին, ես նրան հրավիրել եմ հրապարակային բանավեճի, սակայն նրա կողմից արձագանք չստանալով, պատասխանել եմ նրա որոշ հարցադրումներին։

Եվ այսպես, նորից պարոն Լիպարիտյանին եմ ուղղում մի շարք հարցեր․

1.Եթե Արցախի ինքնորոշումն ու Ադրբեջանից անկախացումը, ձեր կարծիքով, ընդամենը ինքնախաբեություն էր, ապա տրամաբանորեն, ողջ արցախյան շարժումն իրենից ներկայացնում էր ինքնախաբեություն։ Այդ դեպքում, ինքնախաբեության արդյունքում «Ղարաբաղ» կոմիտեն եկավ իշխանության, կոմիտեի անդամ Լևոն Տեր-Պետրոսյանը դարձավ Հայաստանի նախագահ, դուք եկաք ԱՄՆ-ից և դարձաք նրա գլխավոր խորհրդականը։ Փաստորեն, դուք այն ժամանակ կողմ էիք ինքնախաբությանը։ Հարցս հետևյալն է․ ըստ ձեր տրամաբանության, դուք աջակցում էիք ինքնախաբեությա՞մբ, թե՞ խաբեությամբ իշխանության եկածին։

2.Ձեր կարծիքով, ձեր կողմից բազմիցս նշվող «միջազգային հանրությունը» միասեռ, մշտապես միջազգային օրենքներին հետևող կուռ մարմի՞ն է, թե՞ իրենից ներկայացնում է միմյանց միջև բազմաթիվ հակասություններ ունեցող, տարբեր շահեր հետապնդող ուժերի։ Եվ չե՞ք կարծում, որ եթե այդ միջազգային հանրություն կոչվածը, որևէ աշխարհաքաղաքական հարցում, դիցուք արցախյան հարցում, ինչպես 1996թ․ Լիսաբոնում միակամ էր, ապա պատճառը Հայաստանի կողմից տարվող միակողմանի զիջումային քաղաքականությունն էր և ապիկար դիվանագիտությունը, որը հաշվի չէր առնում միջազգային հանրության միջև հակասությունները և չէր համադրում իր շահերը այլ երկրների շահերի հետ։

4. Դուք, որպես պատմաբան, պետք է որ հիանալի տիրապետեք առնվազն 19-րդ դարի կեսերից սկսած հայ-թուրքական հարաբերություններին․1895-96թթ․ սուլթան Համիդի կողմից կազմակերպված շուրջ 300 000 հայերի կոտորածը: 1908թ․, հայ-թուրքական «բարեկամությունից» հետո, 1909թ․ Ադանայում շուրջ 30 000 հայերի կոտորածը, 1915թ․ հայոց ցեղասպանությունը, 1919-20թթ․ Բաքվի և Շուշիի կոտորածները։ Նույն 1920թ․, այս անգամ հայ բոլշևիկների և թուրքերի «բարեկամության» ընթացքում, Ալեքսանդրապոլի մոտակայքում հայերի կոտորածը։ 1988թ․ Սումգայիթի ջարդերը, 1990թ․ Բաքվի, Գանձակի ջարդերը։ Եվ վերջապես, վերջին պատերազմի ընթացքում Ադրբեջանի վայրագությունները գերիների հանդեպ։ Եվ դուք այս ամենը չե՞ք նկատում, թե՞ ինչպես նախկինում, համարում եք, թե այսօրվա Թուրքիան և Ադրբեջանն արդեն ուրիշ են և միջազգային հանրությունն այլևս նրանց կողմից վայրագություններ թույլ չի տա։

Այո, ցավոք, հազարավոր հայաստանցիներ այսօր աշխատում և իրենց գլուխն են պահում Պոլսում։ Չնայած Պոլսում, բացի 1915թ․ հայ մտավորականներին կոտորելուց, հետագայում լուրջ բռնություններ չեն եղել, բայց այնտեղ աշխատելն ու գլուխ պահելը ցույց է տալիս մեր ժողովրդի բավականին ստվար հատվածի արժանապատվությունից զուրկ լինելը՝ «որտեղ հաց, էնտեղ կաց»։

4.Ենթադրենք, իրականանում է ձեր տեսլականը, ներեցեք՝ իրատեսական ծրագիրը։ Ուղղակի հիշեցում՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը, ոչ միայն բարի-դրացիական հարաբերություններ ուներ հարևան Թուրքիայի հետ, այլև ընտանեկան ջերմ հարաբերություններ Էրդողանի ընտանիքի հետ։ Եվ ի՞նչ եղավ․․․

5.Դուք իսկապե՞ս կարծում եք, որ մեր տարածաշրջանում հնարավոր է, ինչպես Եվրոպայում, լինել չեզոք պետություն։ Եվ հավատու՞մ եք, որ մեր չեզոքությունը ապահովելու համար Ավստրիան, Շվեյցարիան, Ֆինլանդիան իրենց զավակներին վտանգի կենթարկեն դրա համար։

6.Դուք նշում եք, որ ձեր հայեցակարգը կնպաստի, որ Հայաստանն իր կախվածությունից կազատվի, չնշելով, թե որ երկրից։ Պարզից էլ, պարզ է նկատի ունեք Ռուսաստանը։ Հարգելի պարոն Լիպարիտյան, կարո՞ղ եք նշել, բացի պայմանականորեն ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Չինաստանից, գուցե նաև Իրանից, մեկ այլ երկիր, որը լիարժեք ինքնիշխան է և կախում չունի որևէ այլ երկրից։ Իսկ Հայաստանի պարագայում, որը հիշեցնեմ, թե որտե՞ղ է գտնվում, Ռուսաստանից կախվածությունից հրաժարվելու դեպքում, ոչ թե կախվածության մեջ կհայտնվի ԵՄ-ի, կամ ԱՄՆ-ի, այլ Թուրքիայից։

7.Դուք համոզված եք, որ պատերազմն անխուսափելի էր և դուք բազմիցս այդ մասին զգուշացրել եք։

Այսինքն, ձեր կարծիքով, այսպես կոչված «թավշյա» հեղափոխության երկու տարիները, որոնք քայքայեցին բանակը, պառակտեցին հասարակությունը, Հայաստանը թշնամացրեցին Ռուսաստանի հետ, որևէ նշանակություն չունեցան։ Նույնիսկ Ադրբեջանի նախագահն է անկեղծանում, որ իրենք ստացան պատերազմի հարմար պահը։ Եվ եթե դուք հետևել եք ողջ պատերազմի ընթացքին, չե՞ք նկատել պատերազմի ապիկար կառավարումը, որպես օրինակ՝ պարտադիր զորակոչից հրաժարվելն ու կամավորական ջոկատների ստեղծումը, պատերազմի դադարեցումից հրաժարումը։ Չե՞ք կարծում, որ պատերազմի ճիշտ, մասնագիտորեն կառավարելու դեպքում, մենք առնվազն չէինք պարտվի, ինչպես 2016թ․։

8.Դուք մշտապես հեգնում եք «ոչմիթիզհողականությունը»։ Նորից ու նորից կրկնում եմ, Հայաստանի ոչ մի ղեկավար չի եղել «ոչմիթիզհողական», բոլորն էլ եղել են փոխզիջումների կողմնակից։ «Ոչմիթիզհողական» եղել է հանրության որոշ հատված, որոնք էլ՝ պարզվեց, այդպիսիք չեն եղել, այլ ընդամենը ձևեր են թափել, ինչպես ԱԺԲ խմբավորումը և ժամանակին նրանց համախոհ, այսօր ձեր ջատագով Հրանուշ Խառատյանը։

9. Պարոն Լիպարիտյան, կարո՞ղ եք նշել աշխարհում որևէ պետություն, այդ պետության ղեկավար, այդ պետության ժողովուրդ, որը «ոչմիթիզհողական» չէ և պատրաստ է իր հողերը «նվիրելու» թշնամուն, հանուն խաղաղության։

10.Եվ վերջապես վերջին հարցը․ պարոն Լիպարիտյան, չե՞ք կարծում, որ եթե 1918թ․ մայիսին ձեր տեսակետը հաղթեր և դրան չընդդիմանար Արամ Մանուկյանը, ապա Հայաստան պետություն, երկիր չէր լինի․․․

 

Ինչ վերաբերում է իմ տեսակետին հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ ,ապա ինքս կողմ եմ եղել և եմ, բայց ե՞րբ, ինչպե՞ս և ի՞նչ պայմաններում։

 

Հ․Գ․ Եվս մեկ անգամ հայտարարում եմ, որ պատրաստ եմ պարոն Լիպարիտյանի հետ բանավիճելու, թեկուզ հեռավար։

Ավետիք ԻՇԽԱՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Mika says:

    Իրականում ոչ մի ճիշտ և իրատեսական հարցադրում չկար փեր գրածների մեջ և Լիպարիտյանը բանավիչելու թեմա իրականում չունի ձեր հետ։ Ամերիկյան ռազմականփորձագետները հրապարակել են իրենց ուսումնասիրությունը, ըստ որի մեր բանակը իր զինվածությամբ, հագեցվածությամբ մեկը վեցի համամասնությամբ զիջել է ադրբեջանական բանակին։ Թուրք-ադրբեջանական համատեղ օպերացիան, ձեր սիրելի ռուսների հետ ճշտված իրականացվել է հստակ իմանալով որ հայերի պոտենցիալը քսան օրից ավել ի վիճակի չէ դիմադրել․․․․ պոպուլիզմի հիվանդությունը նաև ձեզ է հասել ու գրած հարցերի մեծ մասը պարզապես պոպուլիզմ է․․․ ի դեպ մի բան էլ շատ իզուր եք ներքաշում Հրանուշ Խառատյանին, չարժե ռուսական գործոնը բացարձակացնել, այն դեպքում, երբ ռուսները իրենց տասնամյակներով խոստացածը չեն անում նույնիսկ Հայաստանի տարածքի առումով, նենց որ շատ իզուր եք այդ աստիճան պուտինամետ

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031