Լրահոս
Օրվա լրահոսը

«200 մետրից 4 հատ թուրքի լամուկ գալիս են, ասում են՝ տղե՛րք, արեք, խոսալու բան կա ու դուք հելնում եք՝ 32 հոգով գնո՞ւմ եք». Գագիկ Մելքոնյանը խրախուսում է զինվորին պայթել ու գերի չընկնել

Դեկտեմբեր 22,2021 16:25

«Ալիեւը մեր գերիներին դաժանորեն ճնշել է: Ու հիմա Ալիեւի «շպիոններն» այստեղ մեր լրատվամիջոցներն են: Իմ ասածները հասցնում են Ալիեւին»,- Aravot.am-ի հետ զրույցում խոսելով Ադրբեջանում պահվող հայ գերիների ճակատագրի մասին՝ ասաց ՊՆ նախկին փոխնախարար, ՔՊ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը:

Ըստ նրա, Ալիեւի «վեջը չի», որ մեր սահմաններում հարյուրավոր դիակներ ունի, իրեն դրել է մարդասերի տեղ ու իբր անհանգստանում է, թե հայ գերիներին ինչու են կալանավորել. «Մենք մեր մինչեւ վերջին գերու ու զոհվածի աճյունի համար ամեն ինչի պատրաստ ենք: Է՛լ տվեցինք  ականապատ քարտեզները, տալիս ենք, որ մեր գերեվարվածներին, կամ զոհվածների աճյունները բերենք: Բա իրենք երբեւիցե չեն մտածում վերադարձնեն իրենց ծնողների աճյունները: Մի օր այդ հարցը չբարձրացրեցին, եթե բարձրացնեին, մենք մեծ հաճույքով կտայինք իրենց՝ առանց որեւիցե բանի»:

Ըստ Մելքոնյանի, եթե գերին հանձնվել է ադրբեջանցուն, պատիժ է հասնում նրան. «Ի՞նչ է նշանակում: Ես իմ հայրենիքը վստահել եմ քեզ, չէ՞ որ քեզնից առաջ ե՛ս եմ այդ սահմանները պահել սրբորեն ու հանձնել եմ քեզ, դու ի՞նչ իրավունք ունես այդ սահմանները հանձնես ու գնաս էլ մի հատ գերի ընկնես, դրա հետ էլ ամբողջ մեր պետությանն ես գերի գցում, որ ինչ ասես էս պետության գլուխը հանում են թուրքերը: Ու հիմա էլ դառնում են հումանիստ, ասում են՝ մենք տանք, դուք վայթե տանեք դատեք»:

Հարցրեցինք՝ չէ՞ր կարելի այդ ամենը սուսուփուս կազմակերպել, ընթացակարգ է, անեիք սովորական, առանց «դհոլ-զուռնայի», հայտարարությունների՝ Գագիկ Մելքոնյանը պատասխանեց. «Ո՞վ է անում, իշխանություննե՞րը, ամբողջ ԶԼՄ-ներն են անում: Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ գերիներին բերում ենք, պետք է քննություն լինի, եթե ինքը անգիտակից է եղել, վիրավոր է գերի ընկել, հասկանալի է, որ ինքը գերի է: Իսկ այն մարդը, որ ձեռները բարձրացրել է ու գերի ընկել, 7 հոգով գնացել 60 հոգու գերի են տանում, դրան ո՞նց հասկանանք, դրանք հերոսնե՞ր են, թե՞ չէ հիմի, ձե՛զ եմ հարցնում, էդ 60 հոգին հերո՞ս են, թե՞ չէ»:

Հարցին՝ ինչո՞ւ ենք մենք մենակ զինվորի վրա գցում մեղքը, ո՞վ էր նրանց այդ հանգամանքները պարտադրել՝ Մելքոնյանը հակադարձեց. «Այդտեղ զինվոր չի, է՜, մի վայրկյա՛ն: Դու զինվոր բառը մոռացեք: Էդ որ գերի է ընկել, ինքը մեր սահմանապահն է, մեր զորքն է, բա զինվորը պիտի պահի քո սահմանը, ո՞վ է պահելու: Պիտի իրենց պարտքը տան, հետ գան, բա այդպես են այդ սահմաններն անառիկ»:

Հարցին՝ եթե չկրակելու հրաման է եղել, ո՞նց իրենց վերադասի հրամանի «վրայով անցնեին», ու ինչո՞ւ մինչ օրս մի գեներալ չի կալանավորվել, հենց գերիներին են կալանավորել՝ Մելքոնյանը պատասխանեց. «Գերին պիտի խոսա, չէ՞, ասի, որ այսինչ գեներալը եկավ մեր մոտ, ասեց՝ հանկարծ չկրակեք, կգնաք բանավոր կխոսաք, կերգեք, դհոլ ու զուռնա կնվագեք, ինչ ուզում եք արեք, մենակ չկրակեք: Բա դա պիտի ասի չէ՞, որ մենք էլ այդ գեներալին բռնենք, «պագոնները» հանենք ու իրան տանենք կալանավորենք: Հետո պիտի նաեւ դա ապացուցվի, որովհետեւ իրենք եղել են 60 հոգի, այդ 60 հոգին է պիտի նույն բանը պնդեն՝ արդյոք հրամանատարը դա ասե՞լ է, թե՞ չի ասել: Եթե ասել է, ազատ կարձակվեն: Հայրենական պատերազմից հետո ովքեր գերի են ընկած եղել, բոլորին աքսորել են Սիբիր՝ առանց դատի-դատաստանի, բոլորին աքսորել են: Մեր քառօրյա պատերազմի ժամանակ քանի՜ տղա իրեն պայթեցրեց, որ գերի չընկնի»:

Այսինքն, մենք խրախուսում ենք, որ ավելի լավ է քեզ պայթեցնես, քան գերի՞ ընկնես՝ Գագիկ Մելքոնյանը պատասխանեց. «Իհարկե: Իհարկե: Մենք պիտի խրախուսենք, որ հայ տղեն մտածի մի բան՝ իր քույրը հետեւն է, քրոջը բռնաբարելու են, ինքը պիտի այդ սահմանը պահի սրբորեն: Այ դա՛ պիտի մենք խրախուսենք, ոչ թե ասենք՝ 18 տարեկան երեխեն ի՞նչ աներ այնտեղ: 18 տարեկան երեխու ձեռը ջեբը չի, կամ ձեռքին մի հատ փետ, ինքը ունի զենքեր, որով կարողանում է պաշտպանվի: Տարբեր տրամաչափի մենք այնտեղ զենքեր ունենք: Ի՞նչ է նշանակում՝ 200 մետրից 4 հատ թուրքի լամուկ գալիս են, ասում են՝ տղերք, արեք, խոսալու բան կա ու դուք հելնում եք 32 հոգով գնո՞ւմ եք: Պիտի քննությունը պարզի՝ այդպե՞ս է եղել, թե՞ մեր հրամանատարները հրաման են տվել չկրակել, թողել փախել են, այս մարդիկ մնացել են առանց հրամանատարի: Համբերենք դրա համար»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031