ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է բանկի մասնաճյուղի կառավարչի կողմից կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով յուրացում, կազմակերպության ծառայողի կողմից լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Մինչդատական վարույթում իրականացված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող հանգամանքները, այդ թվում՝ յուրացման մեխանիզմը:
Նախաքննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ Հայաստանի Հանրապետությունում գործող բանկերից մեկի «Մարտունի» մասնաճյուղի կառավարիչը, միասնական դիտավորությամբ, իր կառավարչական լիազորությունները կազմակերպության շահերին հակառակ, սակայն իր օգտին օգտագործելով, կեղծ դրամարկղի ելքի օրդերներ պատրաստելու և օգտագործելու եղանակով մաս-մաս ելքագրել և հափշտակել է 2017-2020թթ. ընկած ժամանակահատվածում քաղաքացիների կողմից բանկի մասնաճյուղում ներդրված ավանդների՝ առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 618 000 ԱՄՆ դոլար գումար՝ բանկին զրկելով իր պարտավորությունների կատարումից և պատճառելով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ կառավարչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 214-րդ հոդվածի 2-րդ կետով և 325-րդ հոդվածի 1-ին կետով, իսկ որպես խափանման միջոց նրա նկատմամբ կիրառվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին: Վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ արգելանք է դրվել կառավարչի գույքի վրա:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
Կարդացեք նաև
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտե