Լրահոս
Օրվա լրահոսը

«Կինոն կայֆ է». Արջ Շերմազանյանը հիշեց Սոլովյովին

Դեկտեմբեր 22,2021 16:09

Ռեժիսոր, «ВГИК-դեբյուտ» պրոդյուսերական կենտրոնի գլխավոր տնօրեն, «Ոսկե արծիվ» և «Նիկա» կինոակադեմիաների ակադեմիկոս, Եվրոպական կինոակադեմիայի և Ռուսական Օսկարի կոմիտեի անդամ Ֆյոդոր Պոպովը խոսելով դեբյուտային կինոյի վաճառվող լինելու մասին, այն որակեց բարդ պատմություն: «Դեբյուտանտները ստեղծում են ապագայի մեր կինոյի հիմքը, դա ներդրում է մեր երկրի համար: Ինչ վերաբերում է դեբյուտային ֆիլմերի վաճառվելուն, նշեմ, որ դրան այլ տեսանկյունից պետք է նայել: Այդ ֆիլմերը հիմնականում փոքր բյուջեով են նկարված, բլոքբաստերներ չեն, հետեւաբար դժվար թե հաղթեն այն կինոնկարներին, որոնց բյուջեն 20,30,50 անգամ ավելի մեծ է, քան դեբյուտներինը»,- «Սպուտնիկ Արմենիայի» կազմակերպած Մոսկվա -Նուր -Սուլթան-Երևան հեռուստակամուրջի ժամանակ ասաց Ֆյոդոր Պոպովը:

Ֆյոդոր Պոպով

Հեռուստակամրջի ժամանակ քննարկվում էր, թե ովքե՞ր են փոխարինելու նախկին ԽՍՀՄ երկրների անվանի վարպետներին, կա՞ արդյոք կրթություն ստանալու հնարավորություն, բարձրացնելու որակավորումը Ռուսաստանում ԱՊՀ երկրների երիտասարդ մասնագետների համար, եւ ի՞նչ պետք է անել, որպեսզի հեռուստադիտողը նախընտրի հենց տեղական ֆիլմերը:

Ֆյոդոր Պոպովի ձեւակերպմամբ, դեբյուտանտներն այն մարդիկ են, որոնք դնում են մեր ապագա կինոարտադրության հիմքերը, եւ հետո իրենք են լուրջ բլոկբաստերներ նկարելու, որոնք լավ կգնվեն: Նա հիշեցրեց Արիստոտելի այն միտքը, որ կայսրությունների ճակատագրերը կախված են երիտասարդության դաստիարակությունից, հետեւաբար կարեւոր համարեց ստեղծագործող երիտասարդների մասին հոգ տանելը

«Պետության դերը երիտասարդներին աջակցելու համար կարեւոր է, որովհետեւ այս պարագայում բիզնեսի մասին խոսք լինել չի կարող: Պետությունը պետք է աջակցի մշակույթին: Իհարկե, պետությունը ֆինանսավորում է դեբյուտները, բայց մշակույթի վրա ինչքան էլ փող ծախսես՝ էլի ծախսելու տեղ կա; Միեւնույնն է՝ մնում են երիտասարդներ, որոնք ինչ-ինչ պատճառներով հայտնվում են լուսանցքում, տարիներով սպասում իրենց հերթին»,-հավելում է նա:

ՌԴ ժողովրդական արտիստ, դերասան, ռեժիսոր, հեռուստահաղորդավար Ալեքսանդր Գալիբինը եւս անդրադարձավ դեբյուտների խնդրին, ասաց, որ դռներ պետք է բացվեն ոչ միայն բացառիկ տաղանդավորների առաջ, այլեւ բոլոր նրանց, ովքեր փորձում են առաջին քայլերն անել կինոյում:

Արջ Շերմազանյան

Ի թիվս այլոց, իր տեսակետը ներկայացրեց նաեւ հայաստանցի ռեժիսոր Արջ Շերմազանյանը: Նա հիշեց նաեւ ռուս հայտնի պրոդյուսեր, ռեժիսոր եւ դերասան Սերգեյ Սոլովյովին ու նրա վարպետության դասերը: Ասաց, որ նա իր երկնային ներկայությամբ այսօր էլ ոգեշնչում է ВГИК-ականներին: «Հիշում եմ՝ մի լրագրողուհի պաթոսով խոսում ու հարցեր էր հնչեցնում այն մասին, թե ինչու նա որոշեց զբաղվել ռեժիսուրայով, եւ ինչ է կինոն իր համար: Սերգեյ Սոլովյովը շատ կարճ պատասխան տվեց՝ կինոն կայֆ է…Կարող եմ ռեալ ասել, որ իսկապես մարդը կինեմատոգրաֆից պետք է հաճույք ստանա: Կինոյի մարդկանց համար կինոն ոչ թե զուտ կոմերցիա է, այլեւ հնարավորություն սեփական դիրքորոշումը, վերաբերմունքը արտահայտելու համար:

Այսօր իսկապես շատ կարեւոր է քարոզել այն արժեքային համակարգը, որը ժառանգել ենք մեր հայրերից ու պապերից: Պետք է խնամքով վերաբերվենք մեր ստացած ժառանգությանը, բացենք այն կինոյի լեզվով եւ ներկայացնենք աշխարհին»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031