Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ պատկերացմամբ՝ ՀՀ-ի մեծագույն կորուստը Արցախի բնակչության հանդեպ կարեկցանքի կորուստն ու վերացումն է». Թևան Պողոսյան

Դեկտեմբեր 22,2021 15:51

«Իմ պատկերացմամբ՝ ՀՀ-ի մեծագույն կորուստը Արցախի Հանրապետության բնակչության հանդեպ կարեկցանքի, հոգատարության, ապրումակցման կորուստն ու վերացումն է»,- «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ այսպիսի մտահոգություն հայտնեց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն»-ի նախագահ Թևան Պողոսյանը:

Ըստ նրա՝ մենք օր օրի ավելի ու ավելի ենք մոռանում Արցախի մասին:

Թևան Պողոսյանը հայ-ադրբեջանական հարաբերություններում որևէ զարգացում չի տեսնում. «Այդպես էլ չգիտակցեցին, որ Ադրբեջանը վարում է առևտրի քաղաքականությունը: Գերին իր համար իր է, որով ՀՀ-ից կորզում է ամեն ինչ, ինչ կկարողանա: Պետք է հասկանանք, որ ցանկացած գերու համար մենք վճարում ենք: Կամ մենք պետք է ձևավորենք միջազգային հանրության և միջազգային ինստիտուտներում այնպիսի իրավիճակ, որտեղ Ադրբեջանի հանդեպ կլինեն սանկցիաներ, որ Ադրբեջանին վախեցնեն այն աստիճան, որ վերադարձնի ինքնակամ կամ կարողանանք նույն քանակով գերիներ ձեռք բերել և փոխանակել բոլորը բոլորի դեմ: Այլ մեխանիզմը չկա, հակառակ դեպքում հանձնելու ես ինչ-որ բան գերիների դիմաց»:

Թևան Պողոսյանի վստահեցմամբ՝ Ադրբեջանն ինչպես թշնամի եղել է, այնպես էլ մնալու է. «Որևէ քաղցր խոսքի հավատալու իմաստ չկա, դա այն նույն ադրբեջանցին է, որ եթե առիթը եղավ, գիշերը կացնով կտրելու է հայի վիզը: Որ մասում կկարողանա ուժով, ուժով կհասնի, որ մասում ուժով չկարողանա, կհասնի իր նպատակներին չակերտավոր խաղաղության օրակարգով»:

Թևան Պողոսյանը ստեղծված իրավիճակից լուծում է համարում այն, որ այս իշխանությունները պետք է ինքնակամ հրաժարվեն, և դրանից հետո ձևավորվի ազգային կառավարության կամ հակաճգնաժամային թիմ: Նա շարունակեց. «Չեմ ասում՝ նորից գնանք ընտրությունների, քանի որ դրանք ոչ դրական էյֆորիայի շրջանակներում, ոչ էլ բացասական տրամադրությունների դեպքում որևէ հարց չեն լուծում»:

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին՝ Թևան Պողոսյանն ասաց. «Կրկին ունենք պարտվողական այն մոտեցումը, որտեղ Թուրքիայի կողմից բոլոր նախապայմանները սեղանի վրա են, մեր կողմից որևէ նախապայման չենք դնում և մտնում ենք գործընթացի մեջ, որտեղ ունենք մեծ բացեր: Այն, որ ՀՀ-ն պետք է աշխարհում բոլորի հետ բանակցի, դրա մասին մեկ անգամ չէ, որ ասում եմ, բայց վախից դրդված բանակցելը միշտ էլ պարտություն է բերելու: Մեծագույն դասը, որը պետք է քաղեինք, այն է, որ ոչ թե ինչ-որ բան է բանակցվում, հետո հայ ազգին ներկայացվում, այլ սկզբից բոլոր օջախները պետք է այցելել, խնդիրները գույքագրել և նոր պատրաստի փաստաթղթով մտնել բանակցային սենյակ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031