Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Հայկ Մարությանն Արմեն Գալջյանին հայտնել է, որ ինքն ունի այլ թիմ եւ հաջորդ ընտրություններին գնալու է այդ թիմով»․ Վահագն Ալեքսանյան

Դեկտեմբեր 22,2021 15:43

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրային կապերի համակարգող Վահագն Ալեքսանյանն Aravot.am-ի հետ զրույցում մեկնաբանեց Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի այսօրվա ելույթի որոշ դրվագներ։

Մարությանը, մասնավորապես, համոզմունք էր հայտնել, որ «փորձում են ՔՊ կուսակցությունը դարձնել հեղափոխական արժեքների միակ կրողն ու ժառանգորդը սա անընդունելի է ինձ համար եւ ինձ նման հազարավոր մարդկանց համար, որոնք կուսակցական չեն եւ հեղափոխություն են արել ուղղակի ավելի լավ Հայաստանի երազանքով»։

Վահագն Ալեքսանյանն այս առնչությամբ նշեց․ «Հայկ Մարությանն, ըստ երեւույթին, տարիներ շարունակ հեղափոխության սեփականատեր էր տեսնում Աննա Ստեփանյանի պես մեկին, որը 2017թ․-ից  եղել է քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետը եւ ում պաշտոնավարման դեմ խոսում էր Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը, եւ որին թեւերը փռած՝ պաշտպանում էր Հայկ Մարությանը։ Ըստ երեւույթին՝ նա հեղափոխության սեփականատեր է տեսնում իր տան վերանորոգման «պրարաբին», ում բերել եւ նշանակել է շինվարչության պետ։ Ըստ երեւույթին՝ նա հեղափոխության սեփականատեր է տեսնում իր կնոջը, որը, չհանդիսանալով որեւէ պաշտոնյա, տարբեր ՀՈԱԿ-ներում իրականացնում է աշխատանքի ընդունման եւ աշխատանքից ազատման գործառույթ, իհարկե՝ ինձ համար անհասկանալի շարժառիթներով եւ կամ՝ չգիտես ինչի դիմաց»։

Վահագն Ալեքսանյանի խոսքով՝ առհասարակ, Հայկ Մարությանի պատկերացումները հեղափոխության եւ հեղափոխական արժեքների մասին լավագույնս բնութագրվում են Աննա Ստեփանյանի՝ հանրակրթության վարչության նախկին պետի շուրջ տեղի ունեցած հակասությունով  ավագանու «Իմ քայլը» խմբակցության հետ․ «Ավագանին պնդում էր, որ նա պետք է հեռանա, իսկ Հայկ Մարությանը պաշտպանում էր։ Դա հեղափոխական արժեքների լավագույն ցուցիչն է»։

Հայկ Մարությանը նաեւ ասել է․ «ՔՊ-ականները վերջերս արդեն առաջ են տանում այն թեզը, որ ով ՔՊ-ից չէ, դեմ է հեղափոխությանը, ինչը նույնպես անընդունելի է եւ վիրավորական այն քաղաքացիների համար, որոնք կուսակցության անդամ չեն»։ Վահագն Ալեքսանյանը պարզաբանեց․ «Նման բան ՔՊ-ականները երբեւէ առաջ չեն տարել։ Բայց Հայկ Մարությանն ինքը ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանին օրեր առաջ հայտնել է, որ ինքն ունի այլ թիմ եւ հաջորդ ընտրություններին գնալու է այդ թիմով։ Ինքը շարունակում է այդ մասին լռել հանրության առաջ, չի էլ փորձում անգամ հերքել կամ մանրամասներ մտցնել այդ ամենում, ինչը շատ լավ ցուցիչ է։ Այստեղ իմ մոտ Արթուր Վանեցյանի հեռանալու հետ կապված դեժավյու է առաջանում։ Շատ իրար նման են զարգանում իրադարձությունները»։

Հայկ Մարությանը նաեւ ասել էր՝ իրեն մեղադրում են, որ շեղվել է հեղափոխության արժեքներից, սակայն կառավարության հեղափոխական անդամները գաղտնի որոշմամբ կտրուկ բարձրացրել են իրենց աշխատավարձերը, թանկարժեք մեքենա գնել, բարելավել միայն իրենց կյանքը։ Վահագն Ալեքսանյանն այս առնչությամբ էլ շեշտեց․ «Նորից եմ ասում՝ շատ շուտով մենք բոլորս եւ հանրությունը կհասկանա, թե աշխատավարձերի մասին խոսող այս սուրբ մարդու եւ իր մերձավորների անձնական միջոցները որքանով են փոփոխվել եւ այդ փոփոխության քանի տոկոսն է առհասարակ կապված աշխատավարձերի հետ։ Հատկապես հանրությանը շատ կհետաքրքրեն Հայկ Մարությանի կնոջ շարժառիթները․ արդյոք դրանք նյութակա՞ն են, թե՞ հոգեւոր, երբ նա տարբեր մարդկանց նշանակում է  տարբեր պաշտոնների»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031