Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցի վերաբերյալ
Արձանագրում ենք, որ հայտնի չէ, թե ինչ օրակարգով են նախատեսվում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ներկայիս բանակցությունները։
Միեւնույն ժամանակ փաստում ենք, որ Հայաստանի Հանրապետության անունից հանդես եկող իշխանությունն անթաքույց ջատագովն է Մոսկվայի եւ Կարսի ապօրինի պայմանագրերով եւ ի զարգացումն դրանց ոգու եւ տառի կայացված ԽՍՀՄ կուսակցական ու վարչական ապօրինի ակտերով ձեւավորված Խորհրդային Հայաստանի ժառանգորդության, ինչպես նաեւ հրապարակավ ներկայացնում է մեր ազգային իրավունքներից հրաժարվելու դիրքորոշում։
Այդ պատճառով, անհրաժեշտ համարելով Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը, հայտարարում ենք, որ անհայտ օրակարգով ու ազգավնաս հայեցակարգով առաջնորդվող ներկայիս իշխանության մասնակցությամբ հայ-թուրքական կարգավորումն ամենայն հավանականությամբ կհանգեցնի Հայաստանի եւ հայության համար անդառնալի ծանր հետեւանքների` ստեղծելով գոյութենական մարտահրավերներ։
Կարդացեք նաև
Միեւնույն ժամանակ` աշխարհում եւ տարածաշրջանում կատարվող փոփոխություններն անխուսափելի են, ուստի հայությունը պետք է օր առաջ համախմբված կերպով ոտքի կանգնի, ստեղծի ազգային իշխանություն եւ նրա առաջնորդությամբ գալիք փոփոխություններն ու հավանական մարտահրավերները դարձնի Հայաստանի Հանրապետության վերակերտման ու ազգային իրավունքների վերատիրացման արդյունավետ ռեսուրս։
Ընտրության ժամանակ է եւ ժամանակը սուղ է։
Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհուրդ