«Այն աշխատանքը, որը կարելի էր կատարել սեղմ ժամկետներում, կատարվել է ավելի երկար։ Ես վստահ եմ, որ պարոն Սարգսյանի կառավարման ընթացքում շատ հարցեր կլուծվեն շատ ավելի արագ»,-այսօր Երեւանի քաղաքապետարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Կոտոլյանը, որը եւս միացել է քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու նախաձեռնությանը։
«Իմ քայլի» քաղաքապետի նոր թեկնածուն փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանն է։ Այսօր Երեւանի ավագանու արտահերթ նիստում քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու «Իմ քայլը» խմբակցության նախագծի քննարկումն է։
Հիշեցնենք, որ վարչապետի ընտանիքին պատկանող լրատվամիջոցը օրերս գրել էր, որ Մարությանը պատերազմից հետո դուրս է եկել ՔՊ-ից։
Հարցին՝ կուսակցությունից դուրս գալն արդյոք խոչընդոտ է քաղաքապետ պաշտոնում աշխատելու համար, Արմեն Կոտոլյանը պատասխանեց․ «Կուսակցությունից դուրս գալը խոչընդոտ չէ քաղաքապետ աշխատելու համար, մեր հաջորդ թեկնածուն՝ Հրաչյա Սարգսյանն էլ կուսակցական չէ»:
Կարդացեք նաև
Դիտարկմանը, թե նաեւ իր անունն էր շրջանառվում որպես Երեւանի հաջորդ քաղաքապետ, Կոտոլյանը պատասխանեց․ «Ես այդ մասին լուրերը լսել եմ լրագրողներից»:
Դիտարկմանը՝ ավտոբուսների գնման հարցով Տիգրան Ավինյանը զանգել է ավագանու անդամներին եւ հորդորել տապալել այդ նիստը, իրենք հետո ավելի լավ ավտոբուսներ կգնեն, Կոտոլյանն ասաց, որ տեղյակ չէ դրանից. «Ես նման բան չեմ լսել։ Ես ինքս խոսակցություն եմ ունեցել ավագանու անդամների հետ, ինքս կողմ եմ եղել, որ ներկա պահին գնված ավտոբուսների փոխարեն մենք ունենանք եվրոպական ավտոբուսներ: Քանի որ ամեն դեպքում չկարողացանք այդ հարցը նիստից հանել, ես ինքս չեմ մասնակցել այդ նիստին, քանի որ չէի ուզում քվեարկել այդ ավտոբուսները ձեռք բերելու համար»:
Նրա ներկայացմամբ՝ վերջին մեկ տարում արդեն հստակ էր, որ այլեւս չեն կարող աշխատել Հայկ Մարությանի հետ։
Մանրամասն՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ