Aravot.am-ը բնապահպան Կարինե Դանիելյանից հետաքրքրվեց՝ Երեւան համայնքի բնապահպանական, քաղաքաշինական խնդիրների լուծման տեսանկյունից՝ քաղաքապետ Հայկ Մարությանի երեք տարվա աշխատանքն ինչպե՞ս է գնահատում։ «Կդժվարանամ ասել, որովհետեւ դա հատուկ ուսումնասիրության հարց է»,-պատասխանեց Կարինե Դանիելյանը։
Խնդրեցինք Երեւանի դեռեւս չլուծված հարցերը մատնանշել։ «Սկզբունքորեն, կառուցապատումը եղել է շատ ավելի խիտ, քան դրա կարիքը կար բնապահպանական տեսանկյունից։ Ըստ այդմ, կանաչապատումը չի հասցրել կառուցապատման հետեւից, որպեսզի քաղաքը կարգի բերի։ Իսկ մեր բնակլիմայական պայմաններում դրա անհրաժեշտությունը խիստ կարեւոր է։ Խնդիրը պատմությունից է եկել։ Որքան հնարավոր է՝ փորձում են փոխլրացնել, բայց, իհարկե, դժվար է»,-նախ նշեց Կարինե Դանիելյանը։
Նա կարծում է, որ այս հարցում կարելի է օգնել երեւանցիներին, որպեսզի կանաչապատվեն պատշգամբներն ու շենքերը․ «Ամեն քառակուսի մետր կարեւոր է։ Նաեւ ջրի խնդիր ունենք։ Նման հարցերը միշտ եկել եւ գնալով են ավելի սրվել՝ առավել եւս, որ կլիմայի տատանումներից չես հասկանում՝ հիմա ձմե՞ռ է․ Ռուսաստանից նոր տվյալներ են գալիս -40 եւ -60 ջերմաստիճանների մասին, իսկ մեր մոտ տասը օր է՝ կարծես գարուն լիներ։ Թե վաղը կլիման ինչպես կտատանվի, դժվար է ասել։ Առհասարակ, Երեւանում խնդիրները շատ են»։
Կարինե Դանիելյանը նաեւ ասաց՝ կարճ ժամանակ է աշխատել որպես Երեւանի նախկին փոխքաղաքապետ, բայց հասկանում է, թե ինչ դժվար է Երեւանում նման խնդիրների լուծումը, որովհետեւ հազար ու մի հարց է առաջանում․ «Մի տեղ ուզում ես կանաչապատել, պարզվում է՝ չէ, կողքի բնակիչներն այդտեղ ուզում են ուրիշ բան սարքել ու սկսում են քո հետ կռվել։ Կարծում եմ՝ բավականին հարցեր քայլ առ քայլ լուծվում են, բայց, իհարկե, մեր բնակլիմայական պայմաններում շատ ավելին պետք է արվի»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ