Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Քաղաքապետի նոր թեկնածու․ «Քաղաքապետարանում ակնհայտ կոռուպցիոն դեպքեր չկան»

Դեկտեմբեր 22,2021 14:59

Այսօր Երեւանի ավագանու արտահերթ նիստում քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու «Իմ քայլը» խմբակցության նախագծի քննարկումն է։ Խմբակցությունը քաղաքապետի նոր թեկնածու է առաջադրում փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանին։

Նիստի ընդմիջմանը Հրաչյա Սարգսյանը լրագրողների հետ ճեպազրույցում պատասխանեց որոշ հարցերի։

«Կարծում եմ՝ քանի որ խզում կար քաղաքապետի եւ կառավարության, քաղաքապետի եւ ավագանիների միջեւ ընդհանուր տրանսպորտային համակարգի տեսլականի հետ կապված, ավելի խորքային ուսումնասիրություն պետք է կատարել եւ ներկայացնել կառավարությանը»,-ասաց Հրաչյա Սարգսյանը՝ պատասխանելով դիտարկմանը, թե ավտոբուսների ձեռք բերման նախագծին «Իմ քայլի» անդամների վրա ճնշում է եղել նախագծի տապալելու համար։

Քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր իր ելույթում խոսեց մի քանի երեւույթների մասին, որոնք ցույց են տալիս, թե իշխող ուժն է շեղվել հեղափոխական գաղափարներից, ոչ թե քաղաքապետը։ Նա օրինակ բերեց ԱԺ նախագահի համար թանկարժեք նոր ավտոմեքենա ձեռք բերելը, այն դեպքում, երբ երկրում 30% աղքատություն կա։ Հրաչյա Սարգսյանն այս գնման մասին հարցին ասաց՝ ժամանակավրեպ է նման ծախսեր իրականացնելը։

«Քաղաքական կուսակցությունները տարբեր փուլերում տարբեր սխալներ են իրականացնում, եւ չի կարելի ասել, որ այդ սխալները, որ իրականացնում են, ուրեմն ամբողջությամբ սխալ են»,-ասաց Սարգսյանը։

Նա նաեւ նշեց, որ ինքը Հայկ Մարությանին անվստահություն չի հայտնել, պարզապես համաձայնություն է տվել իր թեկնածությունն առաջադրելու համար։

«Ես գոհ եմ պարոն Մարությանի աշխատանքից։ Պարոն Մարությանի հետ խնդիրներ չեմ ունեցել»,-վստահեցրեց Հրաչյա Սարգսյանը։

Նա վստահեցրեց՝ անկուսակցական է, ՔՊ-ին անդամակցելու առաջարկ չի ստացել, բայց եթե լինի՝ չի միանա։ Ընդ որում, նրա կարծիքով՝ իր անկուսակցական լինելն ու ՔՊ-ին չանդամակցելը խզվածություն չի առաջացնի ավագանու եւ քաղաքապետի միջեւ։

Դիտարկմանը՝ Մարությանը ՔՊ-ից դուրս է եկել, սա նրան անվստահություն հայտնելու հիմքերից մեկն էր, ինչպես հասկանալ, որ Հրաչյա Սարգսյանի դեպքում հնարավոր է կուսակցությանը չանդամակցել, քաղաքական թիմի անդամ չդառնալ, վերջինս պատասխանեց․ «Այս պահին կա ճգնաժամ, դրա լուծման համար ես իմ համաձայնությունն եմ տվել, պատասխանատվությունը վերցրել»։

Հարցին՝ եթե Մարությանից գոհ է, ի՞նչ խղճով է համաձայնում նրա պաշտոնը զբաղեցնել, Հրաչյա Սարգսյանը պատասխանեց․ «Այն խղճով, որ այն ծրագրերը, որոնք սկսել ենք 2018 թվականից, ավարտին հասցնենք։

Քանի որ «Իմ քայլի» ավագանու անդամները սաբոտաժ էին անում եւ դժգոհ էին ավտոբուսների գնման գործընթացից, որը համակարգում էր Հրաչյա Սարգսյանը, ապա հարց է առաջանում՝ ինչպե՞ս է լինում, որ իր համակարգած ծրագրի դեպքում դժգոհ են Հայկ Մարությանից, բայց ոչ Հրաչյա Սարգսյանից։ Այս առնչությամբ Հրաչյա Սարգսյանն անտրամաբանական պատասխան տվեց․ «Ես ու պարոն Մարությանը կողմ ենք եղել ավտոբուսներ ձեռք բերելու ծրագրին»։

Հրաժարականի պահանջի հիմքերից խմբակցությունը նշում է նաեւ քաղաքային իշխանությունում կոռուպցիան չվերացնելը, նախընտրական ծրագրերը չիրականացնելը։ Սակայն Հրաչյա Սարգսյանը կարծում է, որ ակնհայտ կոռուպցիոն դեպքեր չկան, եթե կան, ապա դրանցով իրավապահներն են զբաղվում․ «Կան ասեկոսեներ, բայց քանի իրավապահները չեն հաստատել․․․աղբահանության ոլորտում քրեական գործ կա»։

Դիտարկմանը՝ այսինքն` ասեկոսեների՞ հիման վրա են Մարությանին մեղադրում, Հրաչյա Սարգսյանը կոնկրետ չպատասխանեց, ասաց՝ կան տարբեր խոսակցություններ, որոնք այս պահին իրավապահները չեն հաստատել։

Հարցին՝ կիսո՞ւմ է քաղաքական թիմի այն օրակարգը, որ թուրքերի հետ պետք է հարաբերությունները բարելավել, Սարգսյանը դրական պատասխան տվեց, նշելով՝ դրա համար, սակայն դեռ շատ տնային աշխատանք կա անելու։ Նա նաեւ նշեց, որ վտանգ է տեսնում այդ հարաբերություններում։

Այսօր քաղաքապետ Հայկ Մարությանը նիստում իր ելույթում նշեց խնդիրները, նշեց, թե իրականում ով է շեղվել հեղափոխական արժեքներից։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031