«Դինամո» մարզահամալիրում ավարտվեց ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնությունը: Ըստ քաշային կարգերի՝ հանրապետության չեմպիոն դարձան. 57 կգ քաշային կարգ՝ Մանվել Խնձրցյան, 61 կգ՝ Նորիկ Հարությունյան, 65 կգ՝ Գեւորգ Թադեւոսյան, 70 կգ՝ Արման Անդրեասյան, 74 կգ՝ Խաչատուր Պապիկյան, 79 կգ՝ Արման Ավագյան, 86 կգ՝ Մհեր Մարկոսյան, 92 կգ՝ Հովհաննես Մխիթարյան:
Առաջնության ավարտին ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը լրատվամիջոցներին ասաց. «Այս տարի առաջնությանը մասնակցում էր ընդամենը 70 ըմբիշ: Քանակն, իհարկե, չի բավարարում ու համեմատած նախորդ տարիների հետ, նվազում է: Պատճառները շատ են, բազմաթիվ՝ սկսած երկրի վիճակից, վերջացրած ժողովրդագրությունով: Սակայն որակական առումով որոշակի դրական տեղաշարժ նկատվում է: Երիտասարդ մարզիկները սկսել են ավելի լավ հանդես գալ եւ սերնդափոխություն ինչ-որ չափով տեղի ունենում է: Նոր անուններ ի հայտ եկան: Նրանք կհրավիրվեն մեծահասակների հավաքներին, սակայն դեռ երիտասարդական հավաքականում են ու մեծահասակներին կարող են միանալ հետագայում»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ