Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանամերձ բնակիչներին որոշել են զենք բաժանել. «Տեղացի մարդը հարկ եղած դեպքում ինքը պիտի վերցնի այդ զենքը ու սահման գնա, ոչ թե սպասեն՝ Երեւանից հեսա ուժեր են գալիս»

Դեկտեմբեր 22,2021 14:40

«Պատերազմի ժամանակ ես գտնվել եմ հյուսիսային սահմաններում: Լրիվ օդի կռիվ էր, լրիվ բայրաքթարների, դրոնների կռիվ էր: Մենք ուղղակի պատրաստ չենք եղել դրան»,- Aravot.am-ի հետ զրույցում վերլուծելով, թե պատերազմից հետո ինչ ենք արել բանակի համար, որ թերացումներն ենք շտկել, ասաց ՔՊ պատգամավոր, ՊՆ նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը:

Թե ինչու նոր իշխանությունները չեն պատրաստվել այդ պատերազմին ինչպես հարկն է՝ Գագիկ Մելքոնյանը, ինչպես միշտ, մատնացույց արեց նախկինների սխալները. «Ադրբեջանցին 20 տարուց ավելի պատրաստվում էր այս պատերազմին: Մենք լսում էինք, չէ՞, որ Ալիեւն ասում էր՝ ես կռվով եմ վերցնելու, պատերազմելու եմ, իսկ մե՞նք ինչ էինք անում: Ո՛չ կարում էինք դիվանագիտություն անել, անընդհատ խաբում էինք իրենց, ասում էինք՝ վաղը կստորագրենք, մյուս օրը կստորագրենք… Ապրիլյան դեպքերը երբ եղան, իրենք ցույց տվեցին, որ հզոր են եւ կարող են ցանկացած ժամանակ հաղթեն: Մոսկվան փակեց դրանց ճանապարհը, ասեց՝ համբերեք, այս քանի վախտը խնդիրները կլուծենք: Քանի վախտից հետո եղավ էլեկտրիկների շարժում, ասացին՝ սպասեք, էլեկտրիկների շարժումը պրծնենք, նոր, ՊՊԾ գնդի գրավումն եղավ, ասացինք՝ սպասեք, մի հատ ՊՊԾ գնդի գրավումն էլ հասկանանք, պատանդներ ունենք, բան ունենք, հեսա էդ պատանդներին կքրքրեն, կսպանեն, չգիտեմ ինչ կլինի: Հո անընդհատ խաբելով չէ՞ր լինի: Մենք մենակ խաբում էինք, չէինք զինվում: 20 տարի իրենք սկսեցին զինվել, այ այդ 20 տարում մենք էլ պիտի զինվեինք, հեռահար զենքեր, հրթիռներ ձեռք բերեինք: Ասում են՝ 3 տարում ի՞նչ եք արել: 3 տարում ի՞նչ կարելի էր անել: Էլ չասին՝ 3 տարում այս աղքատ պետությունը ինչքա՞ն կարող էր զինվեր, մենք պիտի ամեն տարի զինվեինք, արդիական զենքեր ունենայինք, բայց չենք ունեցել: Ու բերում են, գցում են, թե վերջին 3 տարում ինչի՞ չհաղթեցիք»:

Փոխանցեցինք, որ ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանն ասում է՝ անօդաչուների ձեռքբերման ռազմավարություն է մշակված եղել, գնումների պլան, դուք նետել եք մի կողմ, գնացել ժամկետանց հրթիռներ եք գնել՝ Գագիկ Մելքոնյանն արձագանքեց. «Ժամկետանց հրթիռները թող ասի իրենք ե՞րբ են առել: Դա 10 տարի առաջ է եղել: Թող ճիշտ խոսան, էլի: Հա, բերեք գցեք էս իշխանությունների վրա: Այս իշխանությունները պարտվե՞լ են: Մեր ժողովուրդն է պարտվել, էս իշխանությունները չեն պարտվել, մեր պետությունն է պարտվել»:

Ըստ Մելքոնյանի, մենք պատրաստ չենք սիրել մեր հայրենիքը ու կռվել մեր հայրենիքի համար, ժողովրդին դարձրել են իշխանամետ, ասում են՝ մենք սիրում ենք Սերժ Սարգսյանին, կամ Ռոբերտ Քոչարյանին, կամ Նիկոլ Փաշինյանին. «Տես, եթե զգում ենք պատերազմի վտանգ, մեր երեխեքին լրիվ հանում ենք Հայաստանից դուրս, հետո ասում ենք՝ հաղթենք, ո՞նց ենք հաղթում: Եթե փախնում ենք պատերազմից: Ու դարերով է այդպես եղել, հարուստի տղեն չի կռվել, հարուստի զավակները չեն կռվել ոչ մի պատերազմում: Այս ամբողջ պատերազմը աղքատ, քյասիբ ժողովրդի վրա է եղել, ժողովրդի պատերազմն է եղել միշտ»:

Մեր դիտարկմանը, որ իշխանությունների դերը հենց այդ է, որ համախմբի ժողովրդին, ուղղորդի, որ գնան բանակ, ծառայեն, ոչ թե փախչեն՝ Մելքոնյանը պատասխանեց. «Իհարկե, համաձայն եմ, մենք շատ թերություններ ունենք: Այ հիմա մենք աշխատանքներ ենք տանում: Մենք մտածում ենք աշխարհազորի մասին, տարածքային պաշտպանության մասին, որ տեղերում, սահմանամերձ շրջաններում մենք ունենանք վաշտեր զինված՝ տեղական բնակչությունից, տեղացի մարդկանցից, որ այդ տեղացի մարդը հարկ եղած դեպքում ինքը վերցնի այդ զենքը ու սահման գնա, ոչ թե սպասեն՝ Երեւանից հեսա ուժեր են գալիս, չգիտեմ որտեղից: Չէ՛: Մենք հիմա աշխատում ենք դրա վրա ու կարող է այս երկու օրը մեր քննարկումը շարունակվի, որ սահմանամերձ շրջանի ապրող տեղացին պիտի ունենա հնարավորություն զենք կրելու՝ իր սահմանին կանգնելու համար»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031