Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցությունը միշտ է պահանջել Երեւանի քաղաքապետի հրաժարականը։ Այս մասին այսօր Երեւանի քաղաքապետարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Մարկոս Հարությունյանը։
Այսօր ավագանու արտահերթ նիստում քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու «Իմ քայլը» խմբակցության ներկայացրած նախագծի քննարկումն է։
ԲՀԿ խմբակցությունը միացել է այս նախաձեռնությանը։ Թե ինչո՞ւ է ԲՀԿ-ն միացել, Մարկոս Հարությունյանն ասաց․ «Երբ թագաժառանգները բանակցությունների էին եկել եւ քաղաքապետի պնդումները, թե՝ ջինսերով էին, հեռախոսով էին խոսում, մենք այդ պահից սկսած քաղաքապետի հրաժարականն ենք պահանջել, որովհետեւ քաղաքը մեծ կորուստներ կրեց։ Քաղաքում պետք է կառուցվեր հիվանդանոց, որն անվճար պետք է սպասարկեր երեւանցիներին»։
Հարությունյանի ներկայացմամբ՝ ԲՀԿ-ն տարբեր նախագծերին նաեւ կողմ է քվեարկել, օրինակ` ավտոբուսների նախագիծը․ «Այնպես չէ, որ մենք, որպես ընդդիմություն, ամեն ինչ արել ենք, որ չհաջողեն, հակառակը, ամեն ինչ արել ենք, որ հաջողեն։ Սակայն տրամաբանական չէր լինի, եթե չմիանայինք հրաժարականին, որովհետեւ մենք պարբերաբար նշում էինք, որ պետք է հրաժարական տա քաղաքապետը»։ Ըստ ավագանու անդամի, տարիներ շարունակ բյուջեի նախագծում չէր ներառվում իրենց բարձրացրած խնդիրը՝ վթարային շենքերի վերանորոգման հարցը։
Կարդացեք նաև
«Մենք չենք միացել ՔՊ-ի նախաձեռնությանը, ՔՊ-ն է միացել մեր նախաձեռնությանը»-այսպես ասաց Հարությունյանը անվստահություն հայտնելու նախաձեռնության մասին։
Քաղաքապետի նոր թեկնածուի մասին կարծիք չհայտնեց: Ասաց , որ ճիշտ կլինի ավագանին ազատ արձակվի, որովհետեւ նիստերին ՔՊ-ն միշտ մասնակցել է 30 հոգով, մինչդեռ «Իմ քայլը» ավագանիում 57 մանդատ ունի, եւ նման մասնակցությունը, նման կերպ քաղաքի կառավարմանը մոտենալը փնթիություն է․ «Այսօր քաղաքապետի հրաժարականի նիստին 57 հոգով մասնակցում են, այսինքն, քաղաքապետի հրաժարականն ավելի կարեւոր է․ քան քաղաքի կառավարո՞ւմը»։
Հրաժարականին միանալու որոշումը, ինչպես ասաց Մարկոս Հարությունյանն, իր անձնական որոշումն է, սակայն կարծում է, որ խմբակցության ցանկությունը էականորեն չի տարբերվի իր ցանկությունից։
Քաղաքապետի ոչ արդյունավետ աշխատանքից, Հարությունյանը նշեց կադրային քաղաքականությունը, պարգեւավճարները․ «Եթե տեսնեք, թե ինչ արագությամբ են կադրերը փոփոխվում, կզգաք․․․ ոլորտը վստահել մեկին, որը պետք է գա, մի ամիս աշխատի, հետո հրաժարվի, հետո մեկ ուրիշը գա»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ