Թատրոնն արվեստի երակն է, որտեղով միշտ չէ, որ միագույն արյուն է հոսում: Եվ պատահական չէ, որ թատրոնը շատ անգամ մարդուն հաղորդակից է դարձնում այնպիսի երևույթների, որոնք կյանքի ընթացքում ներկայանում են որպես ստվերված հետագիծ, հաճախ չերևացող, բայց պահանջներով հագեցած:
«Գոյ» թատրոնում «Օտարը» հոգեբանական դրամայի բեմադրության (բեմադրիչ Սարգիս Արզումանյան) շուրջ տարակարծություններ կան, որոնք հիմնականում գեղագիտական մոտեցմանն են ուղղված: Ճնշող սկիզբը նույնքան հարցականներ է պարունակում իր մեջ, որքան որ ընթացքում ռեժիսորական ամենատարբեր լուծումներ ստացած տեսարանները:
Կերպարային գծեր
Կարդացեք նաև
Լայն ու կիսախավար բեմի առաջնամասի կենտրոնում, մեջքով դեպի հանդիսատեսը, հաշմանդամի սայլակի վրա նստած է ֆրանսիացի գրող և փիլիսոփա Ալբեր Կամյուի 1942 թվականին լույս տեսած «Օտարը» վեպի գլխավոր հերոս` Արթուր Մերսոնի փոխակերպված կերպարը` կարմիր գլխազարդ կրող Մարի Մալենցը: Վերջինիս գործողություններն ունեն հոգեբանական և հոգեկան դրամատիկական ապրումների հենք՝ անընդհատ իր ներսը ցույց տալու պատրաստակամությամբ:
Որոշ տեսարաններում Մարի Մալենցի դերակատար Էլիզա Մանթաշյանի խաղը համոզիչ էր, մինչև այն պահերը, երբ արհեստականությունը խեղդում էր խոսքը: Ասածիս հիմքը հատկապես ծերանոցի տեսարանն է: Սրան զուգահեռ՝ անկախ գրական պատմության բովանդակությունից, մատուցման ձևից, չեմ կարող չնշել ռեժիսորի կողմից պատմությունն այլ շերտերում ձևավորելու, նոր երանգ հաղորդելու և սեփական ոճով ներկայացնելու ձեռագիրը: Ռեժիսորն ամենասկզբից էլ այնպես է լուծել տեսարանը, որ զգացվի Մարի Մալենցի հոգեբանորեն բանտարկված լինելը, ներքին աշխարհի տատանումներն ու խառնվածքը:
Մարի Մալենցը, խառնելով երկու տրամադրությունները մեկ հոգեվիճակում ու իրավիճակում, փորձեց հաղթահարել ստեղծված բարդ ու ցավոտ իրականությունը, խոսեց հեռագրի մասին. մայրը մահացել էր ծերանոցում, իսկ հուղարկավորությանը շատ քիչ ժամանակ էր մնացել: Մենք ականատես ենք լինում Մարիի անտարբերությանը, ինչու չէ նաև ներքին հուզականությանը, որն ավելի է զարգանում ներկայացման ընթացքում, սակայն վերջում կարծես սերն ու կարոտը «կոտրում» են այդ անտարբերության դրսևորումը:
Տեսարանային լուծումներ
Իսկ արդեն ծերանոցի տեսարանում տնօրենը կարծես հարմարվել էր այդ անիմաստ, անտեղի, նաև ինչ-որ տեղ «գժական» խոսքերին, մտքերին, զրույցներին, որոնք ծավալվում էին իր կողմից ղեկավարվող հիմնարկում:
Ռեժիսորն առաջնորդվել է նոր տեսարանաստեղծման և գործողությունների ընթացքը հակիրճ դարձնելու միտումով: Այս համատեքստում նշեմ, որ «Թաղման գրասենյակի» աշխատողների կերպարանքը (երկու երիտասարդ տղամարդ, սև, արևային ակնոցներով, սպիտակ ձեռնոցներով և համաչափ քայլվածքով), ընդգծում էր ինտելիգենտ աշխարհի հորինվածքը, որը համահունչ է դարձնում այդ պահին ընթացող գործողություններն ու ստեղծված իրավիճակը: Այստեղ օգնության հասավ բեմանկարչությունը (բեմի և զգեստների նկարիչ Քրիստինա Նազարյան): Փայտե կոնստրուկցիաները մեծ դերակատարություն ունեցան՝ փոխակերպվելով բոլոր տեսարաններում՝ որպես հագուստի կախիչ, պատ, բանտի ճաղեր և այլն: Անգամ խրտվիլակների տպավորություն էր, որոնք օգնում են տեսարաններն արագ փոփոխելու և որոշ այլ հարցերում:
Բարի տեսարանում տեսնում ենք շատ ակտիվ դերասանական խաղ, որտեղ միանգամից գրավում է մատուցողի կերպարը, որը մարմնավորում է Էդգար Անդրեասյանը: Բավականին աշխույժ և ինչ-որ տեղ ուշադրությունն իր վրա սևեռող կերպար է, որն ունի հատուկ շարժուձև՝ մեկ-մեկ թեք, բայց արագաշարժ քայլվածք, համակ ուշադրություն, պատրաստակամություն և ճիշտ ժամանակին տվյալ կետում գտնվելու զարմանալի արագաշարժություն: Այդ գծի վրա կարելի է առանձնացնել նաև նրա սարսափը՝ երիտասարդ ծխող ու խմող աղջկա գոռգոռոցից: Փոփոխվող տեսարանների հետ նաև Է.Անդրեասյանի կերպարներն էին փոխվում՝ նա մե՛կ թաղման գրասենյակի աշխատակից է, մե՛կ ծեր պապիկ, մատուցող, քննիչ, փաստաբան, դատավոր:
Իսկ երիտասարդ տղան՝ մանկամիտ Մորիսը (դերասան Հայկ Կլեկչյան), որը սիրահարվել էր հերոսուհուն և չհասկանալով` սերն ինչ է, անընդհատ ուզում է ամուսնանալ՝ մի անգամ ծաղկեփունջ բերելով Մարիի համար, մե՛կ գլխատման նախորդ գիշեր ուրիշ հանդերձանքով նրան այցելելով: Ներկայացման ընթացքում գնալով բացահայտվում էր հերոսուհու ներաշխարհը, որը շատ անգամներ տարակուսելու և իրական կերպարը չճանաչելու «ուղերձներ» էր հղում: Ռեժիսորն այս տղայի միջոցով Մարիի կերպարն է նաև այլ հարթությունում բացահայտում՝ նրանց հուզազգացական շերտերը ինչ-որ տեղ նաև հակադրության մեջ դնելով:
Տրամաբանական ընթացք
Հոգեվիճակից դրդված մարդասպանությունը բովանդակության շրջադարձեր էր պարունակում՝ ինքնահարցադրումներով լի: Կարևորի և երկրորդականի տարբերակման մեջ ռեժիսորը գլխավոր հերոսուհուն փորձել է մի քանի տրամադրության մեջ պահել, սակայն ներքին անկայունությունը գրեթե անպակաս էր բոլոր տեսարաններում:
Երբ Մարի Մալենցը թքում է խաչին՝ ապաշխարելու փոխարեն, իմ կարծիքով ռեժիսորը դրանով հակակրոնական համատեքստ չի ցանկացել ցույց տալ, բայց էսթետիկական խնդիրների է բախվում, ինչու չէ նաև՝ կրոնական անհանդուրժելի վերաբերմունքի (խաչը առանցքային և պատկերավոր էր ամենասկզբից, բայց ընթացքում կարծես խախտվեց ամեն ինչ, և չես հասկանում, թե ինչ իրավիճակներում հայտնվեց այն, անգամ, կոպիտ կհնչի, բայց բառացի կրոնական բացասական զարգացող ընթացքում):
Ներկայացումը հոգեբանորեն ծանր ընթացքով տեղափոխվում է ավելի խիստ ու սահամանափակ տարածություն: Այդ ծանր ու հուզականություն առաջացնող տեսարաններից էր երկնային մորը հղած Մարիի խոստովանանքները՝ ես սիրում եմ քեզ, կարոտում եմ: Ու կարծես հենց այս տեսարանում է գլխավոր հերոսուհու խաղը մարդկանց աչքերի արցունքի պատճառ դառնում: Սրանից հետո սլացիկ կերպով հերոսուհին գնում և նստում է իր սայլակին (կարծում եմ սա պայմանական լուծում է ռեժիսորի կողմից) և հենց բեմի վերջում, աջակողմյան հատվածում տեղադրված խաչի դիմաց էլ կնքում իր մահկանացուն՝ խավարի մեջ, մեղքերի ծովում, ճնշված: Խաչը վերև է բարձրանում…
Այն, որ վեպի հեղինակը գեղարվեստականորեն առարկայացրել է աբսուրդի և էքզիստենցիալիզմի փիլիսոփայության հետ կապված իր տեսակետները, ակնառու է, իսկ ներկայացման մեջ ավելի բարակ գծով է:
Այսպիսով, կյանքի վայրիվերումները մարդու ներաշխարհում, դրանից բխող հետևանքները ներկայացված են «Օտարը» ներկայացման մեջ: Կյանքը միայն օտար է նրանց համար, ովքեր իրենց չեն գտնում, ճիշտ ուղով չեն ընթանում և դարձնում են այն պատահականություն: Պատահական ոչինչ չի լինում, անգամ օտարվելը պատահականության արդյունք չէ:
Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
Լուսանկարները տրամադրել է «Գոյ» թատրոնը