Լրահոս
Օրվա լրահոսը

«Ծանր իրավիճակ է, այս որոշմանը մենք ծանր ենք հանգել». Արմեն Գալջյանը` Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու մասին

Դեկտեմբեր 22,2021 12:23

Երեւանի ավագանու այսօրվա արտահերթ նիստում, որտեղ քննարկվում է Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու հարցը, «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանն ասաց, որ Երեւանի քաղաքապետի թեկնածու առաջադրած Հրաչյա Սարգսյանին ՔՊ-ի շարքերն ընդունելու վերաբերյալ որեւէ քննարկում չի եղել։

Հիշեցնենք, որ Երեւան քաղաքի ավագանու որոշման նախագծով առաջարկվում է Երեւանի քաղաքապետ ընտրել փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանին: Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը ստորագրահավաք է իրականացրել Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու նպատակով:

Ինչ վերաբերում է այն հրապարակումներին ու տեղեկություններին, թե քաղաքապետարանում կա համակարգային կոռուպցիա, Արմեն Գալջյանն ասաց. «Այո, քաղաքապետարանում շարունակում են դրսեւորվել կոռուպցիոն երեւույթներ ու ռիսկեր, համակարգային ձեւակերպում տալը այս պարագայում չեմ կարծում, որ խիստ անհրաժեշտություն է, բայց այն, որ կոռուպցիոն երեւույթներ կան, դա անհերքելի փաստ է եւ մենք՝ որպես ավագանու անդամներ հաճախ նկատել ենք դա ու փորձել ենք բարձրաձայնել»:

Արմեն Գալջյանն իր ելույթում շնորհակալություն հայտնեց Հայկ Մարությանին՝ երեք տարիների ընթացքում Երեւանին մատուցած ծառայությունների համար. «Անշուշտ այս տարիներին բազմաթիվ արդյունքներ են գրանցվել: Ծանր իրավիճակ է, այս որոշմանը մենք ծանր ենք հանգել, բայց կարծում եմ՝ սա ստեղծված իրավիճակում անհրաժեշտություն էր, որովհետեւ իսկապես առաջացել էր ճգնաժամ ավագանու եւ քաղաքապետի ինստիտուտների միջեւ: Ես շատ եմ ուզում, որ այսօր անձնավորված ելույթներ չունենանք, որովհետեւ Հայկ Մարության անձի նկատմամբ որեւէ հակակրանք չկա:

Չնայած մամուլում նշվում է, որ Հայկ Մարությանի՝ ՔՊ-ից դուրս գալն է պատճառ հանդիսացել այս պրոցեսի համար, բայց ես ուզում եմ ասել, որ դա ընդամենը առիթ է դարձել այս ճգնաժամի համար: Մենք մեկ տարի է` աշխատում ենք եւ այդ աշխատանքը դժվար է ստացվում: Այստեղ ամենակարեւորը հետեւյալն է, որ ստեղծված իրավիճակը թույլ չի տա առաջիկա 2 տարիներին արդյունավետ աշխատել եւ ծառայել Երեւանին:

Հիմա քաղաքի արդյունավետ կառավարման հարցն է լուծվում: Ես վստահ եմ, որ մենք Հրաչյա Սարգսյանի քաղաքապետությամբ կշարունակենք այն բարեփոխումները, որը դուք եք սկսել, պարոն Մարության»:

Ըստ Գալջյանի, արտահերթ ընտրությունների գնալու երկու ճանապարհ կա՝ որ քաղաքապետը հրաժարական է տալիս եւ ավագանին նոր քաղաքապետ չի ընտրվում եւ, որ ավագանին 3 ամիս շարունակ նիստ չգումարի եւ ավագանին ցրվի: Սակայն, ըստ նրա, այս տարբերակն ի վնաս քաղաքի է լինելու:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031