Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարությանը դեռ 2020 թվականի փետրվարին է ասել, որ այլեւս չի կարող աշխատել «Իմ քայլ»-ի հետ, որն իր թիկունքում վատ բաներ է անում»

Դեկտեմբեր 22,2021 11:30

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի եւ «Իմ քայլը» խմբակցության անդամների միջեւ խզվածքը սկսվել է ավելի շուտ, մինչեւ 44-օրյա պատերազմը, չնայած, որ իշխանական պաշտոնյաներն ու լրատվամիջոցներն ասում են, թե պատերազմից հետո են հարաբերությունները սրվել։ Այո, Մարությանը «Քաղաքացիական պայմանագրից» դուրս է եկել պատերազմից հետո, սակայն ավագանու անդամների հետ հարաբերություններն արդեն լավ չէին 2020-ի սկզբներից։

Ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Էդուարդ Ավետիսյանն օրերս քաղաքապետին անվստահություն հայտնելու նախաձեռնության մասին ֆեյսբուքում ծավալուն տեքստ էր գրել։ Այս տեքստում մի ուշագրավ տող կար. «… մի 10 օր առաջ տեղի ունեցավ մի բան, որը հատեց կարմիր գիծը։ Քաղաքապետը հայտարարեց, որ իր համար չկա խմբակցություն ու ինքը գնալու է ընտրությունների իր սեփական թիմով»։

Ավագանու անկախ անդամ Իզաբելլա Աբգարյանն «Առավոտ»-ի հետ զրույցում ասում է, որ ինքը ականատես չի եղել նման խոսակցության, չի լսել նման բան, բայց եթե անգամ Մարությանը նման բան է ասել, դա տրամաբանական է. «Ես ինքս հասկանում էի, որ քաղաքապետը շատ վաղուց, նախքան ՔՊ-ից դուրս գալը, չուներ խմբակցություն, «Իմ քայլը» հենարան չէր քաղաքապետին։ Եւ հարցն այն չէ, թե ում հետ նա կգնա ընտրությունների, չէ որ ընտրություններն այսօր չեն, դա քաղաքապետի գործն է։ Երեւի, կոպիտ ասած, ասել է՝ ձեզ հետ այլեւս գնալու ճանապարհ չունեմ»։

Աբգարյանի դիտարկմամբ՝ հիմա ՔՊ-ն պատրաստվում է հաջորդ ընտրություններին, եւ բնականաբար, չունենալով քաղաքապետարանում հենարան, չունենալով քաղաքապետ, որը կմասնակցի քարոզարշավներին, չունենալով թաղապետեր, վարչական ուղիղ լծակներ, ցանկանում է այդ ամենին տիրանալ, հետո նոր գնալ ընտրություններին. «Դա է պատճառը, որ ՔՊ-ն հիմա չի գնում ընտրություններին։ Եթե ՔՊ-ն ամբողջովին տիրանա քաղաքապետարանին, քաղաքապետարանին ենթակա կառույցներին, ՀՈԱԿ-ներին, ահռելի թվով ձայներ կարող է ստանալ։ Սա ընտրական, քաղաքական հաշվարկ է եւ որը որեւէ աղերս չունի Երեւանի կամ երեւանցիների հետ»։

Ի վերջո երբ եւ ինչ տեղի ունեցավ ավագանու անդամների եւ քաղաքապետի միջեւ, որը պայթեց ռումբի նման ու հասավ այն կետին, որ «հեղափոխական թիմը» անվստահություն է հայտնում «հեղափոխական» քաղաքապետին։

Իզաբելլա Աբգարյանը նշում է, թե երբ է Մարությանը դժգոհություն հայտնել «Իմ քայլ»-ից։ «Ես հիշում եմ, թե երբ քաղաքապետն ասաց, որ այլեւս չի ուզում գա ավագանու նիստերին։ Դա Երվանդ Մանարյանի հոգեհանգստից հետո էր, (Երվանդ Մանարյանը մահացել է 2020 թվականի փետրվարի 20-ին, Ն.Բ.) երբ քաղաքապետի հետ մի քանի հոգով խոսակցություն ունեցանք, եւ նա պատմեց թե ինչ վատ արարքներ են կատարվում իր թիկունքում։ Ասաց՝ ես ինձ այլեւս չեմ տեսնում, որ կարող եմ աշխատել այս խմբակցության հետ, որն իմ թիկունքում է գործում։ Եւ սա պատերազմից շատ առաջ էր, քաղաքապետը դեռ ՔՊ անդամ էր, եւ այլեւս խմբակցության նիստներին չէր գալիս»։

Ավագանու անդամն ասում է՝ ՔՊ-ն իմանալով իրավիճակի մասին, ոչինչ չէր նախաձեռնում, վարչությունից ընդամենը երկու անգամ են ավագանու անդամների հետ հանդիպել. «Առաջին հանդիպումն այն ժամանակ էր, երբ նոր էինք ընտրվել, եկել էին մեզ վրա մատ թափ տալու, թե՝ քաղաքապետին մի՛ ջղայնացրեք։ Երկրորդ անգամ եկել էին ասելու՝ գնացեք, մասնակցեք «Այո»-ի քարոզարշավին։ Դա է եղել ՔՊ-ի վարչության աշխատանքը ավագանու հետ։ Կարծում եմ, որ քաղաքապետն ակնկալում էր, որ իր կուսակցությունը կսատարի իրեն, քանի որ որոշ ՔՊ-ականների հետ լուրջ խնդիր ուներ։ Այդ կոնֆլիկտը որեւէ կերպ չհարթվեց, ուստի հասունացավ այս իրավիճակը»։

Աբգարյանը, որը ընտրվել էր «Իմ քայլը» դաշինքի ցուցակով, որոշ ժամանակ հետո դուրս եկավ խմբակցությունից, քաղաքապետին եւ քաղաքային իշխանությանը ակտիվ քննադատում էր, այդուհանդերձ, նա գտնում է՝ Հայկ Մարությանը չի ձախողել քաղաքի կառավարումը, ինչպես որ հակամարությանական ավագանու անդամներն են հայտարարում։ Ընդ որում, անվստահություն հայտնողներն ամեն տեղ ասում են՝ քաղաքապետը չի կատարել նախընտրական ծրագիրը։ Աբգարյանն էլ ասում է՝ այո, քաղաքում լուրջ խնդիրներ ունեինք, բայց երբ ասում են՝ ծրագիրը չի կատարել, իսկ նիստերի դահլիճի 80%-ն ինչի՞ համար էր, ավագանու այդ անդամներն ի՞նչ են արել, նրանք նախագծեր բերե՞լ են, որպեսզի նախընտրական ծրագիրն իրականացվեր։

«Հետաքրքիր է, որ նրանք, ովքեր քննադատել են Մարությանին, այսօր սատարում են նրան։ Ես ձեռնպահ եմ քվեարկում այն նախագծերին, որոնք «Իմ քայլը» դակում էր։ Կային նախագծեր, որոնց մասին ասում էի՝ անորակ են, դրանք հնարավոր չէ իրականացել, բայց խմբակցությունը կողմ էր քվեարկում։ Օրինակ կարաոկեների մասին նախագիծը, որ պետք է 200 մետր հեռու տարվեին բնակելի շենքերից։ Կյանքի չկոչվեց այդ նախագիծը»,-հիշում է Աբգարյանը։

Երբ քաղաքային տրանսպորտի բարելավման համար նոր ավտոբուսներ գնվեցին, ավագանու անդամներից շատերը դրանց լուսանկարներն էին հրապարակում, հպարտանում, թե տեսեք, քաղաքային իշխանությունն ինչ լավ բան է անում։ Հիմա նրանք հայտարարում են, որ դա քաղաքապետի աշխատանքի շնորհիվ չէ, այլ՝ կառավարության։

Այս առնչությամբ էլ Աբգարյանն ասում է՝ քաղաքապետը միշտ ասում էր, որ ավտոբուսների համար պետք վարկ վերցնել, իսկ դա քաղաքը չէր կարող անել, դա կարող էր անել կառավարությունը. «Մենք տեսանք, թե կառավարությունը երբ վերցրեց այդ վարկը։ Այն ժամանակ, երբ որոշել էր ազատվել Մարությանից, այն ժամանակ, երբ ունեին ծրագիր այլ մարդու նշանակելու։ Հարց է առաջանում՝ այդ կառավարությունը եթե ավտոբուս առնող էր, ինչո՞ւ շուտ չէր առնում։ Չէին ուզում օգնել Հայկ Մարությանին, ինչից էլ նա լարվում էր, չէր կարողանում աշխատել ավագանու հետ»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
22.12.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031