Հայ ժամանակակից գրողների ստեղծագործությունները մեծ հետաքրքրություն են առաջացնում արտերկրում։ Մասնավորապես՝ այս տարվա ընթացքում հայ հեղինակների գործերը թարգմանվել են անգլերեն, մակեդոներեն, գերմաներեն, ուկրաիներեն, ռումիներեն, ալբաներեն և այլ լեզուներով՝ ընթերցողների առավել լայն շրջանակին մեր ժամանակակից գրականությանը հաղորդակից դարձնելու համար։
Առաջին գրական գործակալությունը և «Անտարես» հրատարակչությունը՝ արտասահմանյան հայտնի հրատարակչությունների հետ համագործակցությամբ Գերմանիայում և Նիդեռլանդներում լույս է ընծայել Գրիգի «Հիսուսի կատուն», Նիդեռլանդներում Գուրգեն Խանջյանի «Ենոքի աչքը», Ռումինիայում Վահագն Գրիգորյանի «Ժամանակի գետը», Ուկրաինայում Վարդան Գրիգորյանի «Հավերժական վերադարձը», Մակեդոնիայում Հրաչ Սարիբեկյանի «Երկվորյակների արևը» և Նիկոլ Փաշինյանի «Երկրի հակառակ կողմը»:
«Հպարտ ենք, որ մեր հեղինակները մեծ հետաքրքրություն են վայելում նաև արտերկրում, և որ նրանց գործերը թարգմանվում են այլ լեզուներով։ Ուրախությամբ պետք է շեշտեմ, որ մի շարք արտասահմանյան հրատարակիչներ պատրաստակամությամբ են թարգմանում և լույսընծայում հայ հեղինակների ստեղծագործությունները։ Սակայն, պետք է առանձնահատուկ շեշտեմ ՀՀ ԿԳՄՍ նախարարության՝ «Հայ գրականությունը թարգմանություններում» դրամաշնորհային ծրագրի դերը նման գրքերի թարգմանության և հրատարակման գործում։ Առանձնահատուկ շեշտենք, որ թարգմանվելիք և լույսընծայվող գրքերի թվաքանակը տարեցտարի աճում է, և դա առկա մեծ հետաքրքրության վառ ապացույցն է։ Հաջորդ տարի հայ ժամանակակից հեղինակների ևս 23 գիրք լույս կտեսնի աշխարհի մի շարք երկրներում»,-նշում է Առաջին գրական գործակալության գործակալ Էլինա Հարությունյանը։
Մասնավորապես, հաջորդ տարի Գերմանիայում և Ռումինիայում լույս կտեսնեն Հովիկ Աֆյանի «Կարմիրը», Ալբանիայում՝ Նիկոլ Փաշինյանի «Երկրի հակառակ կողմը», Ռումինիայում՝ Գուրգեն Խանջյանի «Ենոքի աչքը», Մակեդոնիայում և Ռումինիայում՝ Գրիգի «Հիսուսի կատուն» և այլն։
Կարդացեք նաև
«Անտարես» հրատարակչության հաղորդագրություն