«Դինամո» մարզահամալիրում մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնությունում կայացել են նախնական գոտեմարտերը, իսկ այսօր կորոշվեն չեմպիոններն ու մրցանակակիրները:
Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը Aravot.am-ի հետ զրույցում գերադասեց առաջնության ընթացքը գնահատել ավարտից հետո: Նաեւ ասաց, որ եկող տարվա համար արդեն ունեն անելիքների մոտավոր ծրագրերը: «2022 թվականին կայանալու են մեր մարզաձեւի բոլոր կարեւորագույն մրցումները՝ մինչեւ 23 տարեկանների եւ մեծահասակների Եվրոպայի, աշխարհի առաջնություններ, որոնց նախապատրաստվել սկսելու ենք արդեն հունվար ամսից: Հավաքականի կազմում փոփոխություններ կլինեն, թե ոչ, ցույց կտան այս առաջնության եզրափակիչ գոտեմարտերը, սակայն չեմ կարծում, թե մոտակա ժամանակներում էական փոփոխություններ կլինեն, որովհետեւ մեր առաջատար ըմբիշները՝ Արման Անդրեասյանը, Արսեն Հարությունյանը, Վազգեն Թեւանյանը, Արման Ավագյանը եւ մյուսները մնում են ասպարեզում: Ճիշտ է, Արսենը եւ Վազգենը առողջական խնդիրների պատճառով այս առաջնությունը բաց են թողել, սակայն սերնդափոխության գործընթացը չենք անտեսում: Երիտասարդ ըմբիշների մեջ մեկ-երկուսին մենք տեսնում ենք»,-ասաց մարզիչը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ