Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու են փոխում սահմանադրությունը

Դեկտեմբեր 22,2021 10:00

«Պաշտոնապես հայտարարում եմ, որ ես՝ Սերժ Սարգսյանս, այլեւս երբեք չեմ առաջադրվի  Հայաստանի Հանրապետություն նախագահի պաշտոնի համար: Եթե վերջնական քննարկումների արդյունքում իմ ցանկությանը չհամապատասխանող ուղի ընտրվի, նկատի ունեմ պառլամենտական կառավարման մոդելը, ապա ես չեմ հավակնի նաեւ վարչապետի պաշտոնին: Վստահ եմ անգամ, որ մեկ մարդը երկու անգամից ավելի իր կյանքում չպիտի հավակնի ընդհանրապես երկրի կառավարման ղեկին Հայաստանում», – 2014 թվականի ապրիլի 14-ին ասել է Հայաստանի երրորդ նախագահը սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի հետ հանդիպման ժամանակ:

Ես սա մեջբերում եմ ոչ թե դրան հետեւած իրադարձությունները եւս մեկ անգամ հիշելու համար՝ չնայած, եթե երկրի առաջին դեմքը ինչ-որ բան «պաշտոնապես հայտարարում է», ապա աշխարհն էլ շուռ գա, պետք է գործի իր հայտարարածին համապատասխան:

Բայց ես այս ելույթը հիշում եմ այն պատճառով, որ հիմա էլ է նախաձեռնվում սահմանադրական փոփոխությունների գործընթաց, որի նպատակներն ինձ համար ակնհայտ են: Այս իշխանությունը կարող է եւ չձգել մինչեւ 2026 թվականի հերթական խորհրդարանական ընտրությունները՝ արտահերթ ընտրություններն ամենեւին չեն բացառվում:  Նախ՝ պարզ է, որ ո՛չ սոցիալ- տնտեսական, ո՛չ անվտանգության առումով Հայաստանին պայծառ հեռանկարներ չեն սպասվում: Դրան կգումարվի այն հանգամանքը, որ մոտակա 1-2 տարում կարկառուն ՔՊ-ականները կարգին «կթռփոշանան», կամ, իրավաբանական լեզվով ասած, «ապօրինի կհարստանան» (գործընթացն արդեն սկսվել է) եւ շարքային քաղաքացիների համար կդառնան ճիշտ նույնպիսի կերպարներ, որպիսիք էին կարկառուն ՀՀԿ-ականները:

Փաշինյանի անձնական վարկանիշն այդ ընթացքում եւս դժվար թե բարձրանա, բայց բոլոր դեպքերում իր հավատարիմ ընտրազանգվածի համար նա մնա որպես հերոս, որն իրենց ազատագրել է «ղարաբաղցիներից»: Որպես ՔՊ ցուցակի առաջին համար նրան ավելի դժվար կլինի վերարտադրվել, քան որպես նախագահի թեկնածու, որին աջակցում է «կուսակցությունների լայն կոալիցիա» (չտամ այդ կուսակցությունների անունները՝ դրանք հայտնի են): Այդպիսով, ռիսկերը նվազեցնելու նպատակով, իմաստ ունի մյուս տարի փոխել սահմանադրությունը, վերադառնալ նախագահական համակարգին, իսկ  հետո 5 տարով ընտրվել ՀՀ նախագահ:

Ինչ մնում է սահմանադրական փոփոխությունների պաշտոնական հիմնավորումներին, ապա դրանք կլինեն մոտավորապես նույնը, որոնք հնչել են 2014 թվականին՝ ժողովրդավարության խորացում, ընդլայնում, տարածում եւ այլն: Եթե իշխանությանն իսկապես հուզեր ժողովրդավարությունը, ապա այն չէր հետապնդի իրեն ոչ հավատարիմ դատավորներին, մեկը մյուսի հետեւից չէր ընդունի խոսքի ազատությունը սահմանափակող օրենքներ, չէր ազատազրկի համայնքապետերին:

Իսկ որ մյուս տարի քաղաքացիների մեծամասնությունը կողմ կլինի սահմանադրական փոփոխություններին՝ դրանում ոչ մի կասկած չունեմ: Նրանց կասեն՝ «եթե չեք ուզում, որ Ռոբերտ Քոչարյանը վերադառնա, պետք է «այո» ասեք փոփոխություններին», եւ դրանով հարցը կլուծվի:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Սվետլանա says:

    Ես շարունակում եմ կապել նիկոլի գալը ասպարեզ և Սերժ Սարգսյանի Ցյուրիխյան պրոտոկոլների չեղյալ հայտարարելը 2018-ի մարտի 1-ին: Սերժ Սարգսյանի այս քայլը “ապտակ” էր` Արևմուտքը լուծում էր իր խնդիրները Անդրկովկասում և չէր հանդուրժի նման անկախություն: ՀՀ Սահմանադրությունն էր, որ արգելեց պրոտոկոլների ապագան Հայաստանի Հանրապետության ինստիտուտներում: Պրո-թուրքական փոփոխությունները անհրաժեշտ էին և են արևմութքի համար ավելի քան թուրքերը կարող են իրենք ձևակերպել: Դա և Ռուսաստանի քայքայման խնդիրն է, և թուրքերի գեոպոլիտիկ ամբիցիաների վեկտորը Եվրոպայից շեղելու անհրաժեշտությունը և կայուն նավթային ռեսուրսների աճող անհրաժեշտությունը…: Այսօր, ՀՀ Սահմանադրությունը փոխվում է որպեսզի ցեղասպանությունը դադարի անժխտելի պատմական փաստ մնա հայի համար ու անցնի պատմաբանների ֆորումների օրակարգ: Սյունիքը Հայաստանի ողնաշարն է և այն ջարդելով ՀՀ դադարում է լինել ըստ էության: Սահմանադրությունով ամրագրված ցեղասպանության պատմական փաստը հայ ազգային ոգու ողնաշարն է: Այն ջարդելով և Սյունիքը մասնատելով նիկոլը կավարտի իր “միսսիան”: Նրան խոստացած են ապահով ապագա: Մնացածը իրեն պետք չի:

  2. Armen says:

    Ցավալին հենց դա է, որ նախկին նախագահի վերադարձով սպառնալով կարելի է սահմանադրություն փոխել և իշխանություն պահել, մարդու, որին հենց այդ նույն ժողովուրդն է «ընտրել»:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031