Դեռեւս 2006թ. ապրիլի 29-ին «Առավոտում» «Օրենքի միատեսակ կիրառություն հնարավոր չէ» հրապարակման մեջ զրուցակիցս՝ ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական եւ զինվորական գործերով պալատի նախագահ Մհեր Խաչատրյանը, տեղեկացրել էր, որ իրենց պալատում դատավորի հատուկ կարծիք չի եղել: Նա կողմ էր հատուկ կարծիքի հրապարակմանը եւ համամիտ չէր տարածված կարծիքներին, թե դրանով խախտվում է խորհրդակցական սենյակի գաղտնիությունը. «Հատուկ կարծիքը դատավորի ընդունած որոշումն է: Նախադեպերը պետք է հրապարակվեն, ինչպես հրապարակում են Եվրոպական դատարանը, միջազգային այլ դատարանները»:
Նրա կարծիքն այն էր, որ երբ նախադեպային իրավունքը կիրառվի Հայաստանում, կդադարեն տարատեսակ ճնշումները դատավորների վրա: Տողատակում նա ուներ Հատուկ կարծիքներով պայմանավորված դատավորների նկատմաբ հնարավոր ճնշումները: Դատավորները վախենում էին տարիներ առաջ հատուկ կարծիքներ հայտնել, որովհետեւ այն դառնում էր ավելորդ գլխացավանք:
Այսօր «Հատուկ կարծիք» հայտնում են նաեւ ՍԴ դատավորները, եւ այն յուրահատուկ բանալի է որոշ «փակ» խնդիրների մասին իմանալու համար: Անձամբ ես սիրում եմ ՄԻԵԴ հատուկ կարծիքներից բացի, հայրենի դատավորների հատուկ կարծիքներին ծանոթանալ:
Սահմանադրական դատարանում այս տարվա հունվարից մինչեւ դեկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում դատավորները հայտնել են 30 հատուկ կարծիք, որից 1-ը՝ համընկնող: Այդ 1 համընկնող հատուկ կարծիքը հայտնել է ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը:
Կարդացեք նաև
Ուսումնասիրելով Հատուկ կարծիքները, հայտնեմ, որ ՍԴ դատավորներից ամենաակտիվը եղել է ՍԴ դատավոր Երվանդ Խունդկարյանը: Ապա գալիս են Հ. Թովմասյանը, Ա. Խաչատրյանը, Ա. Վարշամյանը, Ա. Թունյանը:
Խունդկարյանի ցուցանիշը 22 է: Այսինքն՝ 30 հատուկ կարծիքից 22-ը հայտնել է մի դատավոր, որն ընդհանուր իրավասության դատարանից էր եկել Սահմանադրական դատարան: Գուցե հենց այդ իմաստով, արդյունքը պատահական չէ: Հիշեցնեմ, որ նա եղել է տնտեսական դատարանի դատավոր, քաղաքացիական դատարանի դատավոր, վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր ու մինչ ՍԴ դատավորի հրամանագիրը, եղել է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի նախագահ: Հետեւաբար, նրա դիտարկումները էապես տարբերվում են սահմանադրագետ գործընկերների դիտարկումներից, եւ հետաքրքիր է այն ուսումնասիրողների համար:
Այս տարվա փետրվարի 2-ին նա տարվա առաջին հատուկ կարծիքն է հայտնել՝ ՍԴՈ -1575 գործով՝ որոշման եզրափակիչ մասի 2-րդ կետի եւ այդ կետին վերաբերող պատճառաբանական մասերի վերաբերյալ: Ի դեպ, եզրափակիչ եւ պատճառաբանական մասերի վերաբերյալ նա իր կարծիքներն է հայտնել մի շարք գործերով՝ ՍԴՈ -1577, ՍԴՈ-1578, ՍԴՈ -1583, ՍԴՈ -1583, ՍԴՈ- 1586 …
Վերջինս Ռոբերտ Քոչարյանի եւ Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումների հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով ՍԴ մարտի 26-ի ՍԴՈ-1586 որոշմանն էր վերաբերում:
Խունդկարյանն այս տարվա ապրիլի 13-ին ՍԴՈ- 1587 գործով իր Հատուկ կարծիքն է արտահայտել ԱԺ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա «ՀՀ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի՝ որպես մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազությունների դադարեցման մասին ԱԺ 2020 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ ԱԺՈ-014-Ա որոշման՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ 2021 թվականի ապրիլի 13-ին կայացված ՍԴՈ-1587 որոշման պատճառաբանական եւ եզրափակիչ մասերի վերաբերյալ»: Այս գործով կար, փաստորեն, երեք հատուկ կարծիք, նաեւ Հ. Թովմասյանի եւ Վ. Գրիգորյանի:
Կան գործեր, որտեղ միաժամանակ երեք դատավոր հայտնել են իրենց հատուկ կարծիքները: ՍԴՈ -1603 գործով, օրինակ, հատուկ կարծիք են ունեցել Ա. Խաչատրյանը, Հ. Թովմասյանը, Ա. Պետրոսյանը: Այն վերաբերել է «Հայաաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի եւ «Արդարադատության ակադեմիայի մասին» լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրենքի Սահմանադրությանը համապատասխանելու հարցին: ՍԴՈ -1593 գործով ակտիվ են եղել ՍԴ դատավորները, կան հատուկ կարծիքները՝ Ա.Խաչատրյանի, Ա. Վաղարշյանի: Այն վերաբերել էր այս տարվա մայիսի 14-ի՝ Կոտայքի մարզի «Աբովյան» համայնքի ղեկավար Վահագն Գրիգորյանի, «Ծաղկաձոր» համայնքի ղեկավար Արթուր Հարությունյանի… «Տեղական հանրաքվեի մասին» ՀՀ օրենքի 4-րդ 1.1-ին մասի, 6-րդ հոդվածի 2-րդ եւ 8-րդ հոդվածի 1-ին մասի Սահմանադրությանը համապատասխանելու գործով:
Սահմանադրական դատարանը դեկտեմբերի 7-ին հրապարակել է գրավոր ընթացակարգով ավարտված մի գործ: Այս գործն այնքանով էր հետաքրքիր, որ ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա էր` ներկայացուցիչ սահմանագրագետ Ա. Վարդեւանյան, եւ առնչվում էր ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, 295-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերության՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցին: Հանրության համար ՍԴ որոշումը կարեւոր էր այնքանով, որ առնչվում էր պատգամավորության թեկնածուի, ապա պատգամավոր ընտրվածի անձեռնմխելիությանը: Բացի այդ, ՍԴ երեք դատավորներ՝ Ա. Պետրոսյանը, Հ. Թովմասյանը, Ա. Վաղարշյանը ունեցել են հատուկ կարծիք, որը դեռ չի հրապարակվել:
Կար մի հարց, որը ըստ էության կրկնվել է ՍԴ դատավոր Ե. Խունդկարյանի հատուկ կարծիքներում, երբ ՍԴ դիմող կողմը եղել է ՀՀ կառավարությունը կամ վարչապետը:
Այն առնչվում էր ՍԴ մասին օրենքի 24-որդ հոդվածի 1-ին մասին: Մասնավորապես, «Դիմումը ՍԴ ներկայացվում է թղթային կամ էլեկտրոնային եղանակով», իսկ ՍԴ մասին օրենքի 88 հոդվածի 6-րդ մասը սահմանում է, որ էլեկտրոնային եղանակով դիմումները սահմանադրական դատարան կարող են ներկայացվել «համապատասխան տեխնիկական հնարավորությունների առկայության դեպքում»: Այդ մասին պետք է հաստատի դատարանը իրավական ակտով: Այսինքն, դիմումատուն՝ տվյալ դեպքում վարչապետը արդյոք իրավասո՞ւ է նման եղանակով ուղարկել իր դիմումները, արդյոք այն իրավասո՞ւ է քննելու ՍԴ-ն, արդյոք ՍԴ-ն ունի՞ էլեկտրոնային ստորագրությունը ստուգելու հնարավորություն:
Տեսեք՝ ինչ էր կատարվել, երբ ՍԴ-ում քննության էր դրվել մայիսի 13-ին Մոսկվայում ստորագրված «ՀՀ եւ ՌԴ կառավարությունների միջեւ ներքին գործերի մարմինների իրավասությանը վերաբերող հարցերի շուրջ տեղեկատվական փոխգործակցության եւ էլեկտրոնային եղանակով տեղեկատվության փոխանակման մասին պարտավորությունների գործող Սահմանադրությանը համապատասխանելու հարցը»: Հատուկ կարծիք հայտնած դատավորը վկայակոչելով ՍԴ մասին օրենքը՝ դիմումը թույլատրելի եղանակով ՍԴ մուտքագրելու մասին, նշում է. «ՍԴ -ն իրավասու չէր սույն գործով որոշում ընդունել՝ անկախ այդ որոշման բովանդակությունից», քանի որ ՍԴ-ն գործը քննում է միայն դիմումի առկայության դեպքում: Այս դեպքում, ըստ դատավորի, դիմումն առկա չէր, իսկ դիմումը կարող էր ՍԴ ուղարկվել անգամ էլեկտրոնային եղանակով, եթե ՍԴ-ում առկա լինեին էլեկտրոնային-տեխնիկական հնարավորություններ: Այսինքն, ՍԴ դիմող սուբյեկտների համար պետք է հասանելի լինի ՍԴ իրավական այն ակտը, որով ճշտված լինի, թե դիմումները էլեկտրոնային որ հարթակով են ընդունվում ՍԴ-ում: Մեկ անգամ չէ, որ բարձրաձայնվում է ՍԴ մուտքագրվող դիմումների տեխնիկական անկատարության հարցի մասին, շատերը տեղյակ չեն Հատուկ կարծիքների բովանդակությունից: Դիմումը, ըստ դատավորի, կարող էր մուտքագրվել թղթային եղանակով դատարան՝ «առանց նախապայմանների»: Դիմումը, որը վերապահված է կառավարությանը, պետք է ստորագրված լիներ իրավասու անձի կողմից: Նա տեղեկացնում է, որ ՍԴ կայքում նշված են էլեկտրոնային փոստի հասցեն, դատավորների էլեկտրոնային փոստի հասցեները: Դատավորը հարցնում է՝ ինչպե՞ս է ՍԴ դիմողի համար պարզ լինելու, որ իր ուղարկած դիմումը այս կամ այն դատավորի էլեկտրոնային հասցեով տեղ է հասել եւ այն կարո՞ղ է դառնալ գործի քննության առիթ: Դիմողների համար պարզ չէ, թե ի՞նչ միջոցների կիրառմամբ է ՍԴ-ում հաստատվում կամ հերքվում ներկայացված էլեկտրոնային փաստաթղթի՝ իրավասու անձի կողմի ստորագրված լինելու հանգամանքը: Դատավորը նշել էր, որ այս համաձայնագրի վերաբերյալ գործով՝ թղթային տարբերակով դիմումի վրա չկա դիմողի ստորագրությունը:
Մեր նախորդ հրապարակումներից մեկում գրավոր ընթացակարգով այս նիստի մասին գրելիս, տեղեկացրել էինք դատավորի հայտնածը՝ «Դիմումը դատարան է հասել կառավարության Mulberry էլեկտրոնային փաստաթղթաշարժի եղանակով, այն դեպքում, երբ Սահմանադրական դատարանում առկա չէ համապատասխան տեխնիկական հնարավորությունների մասին ՍԴ համապատասխան իրավական ակտ, որով հաստատվեր, որ ՍԴ-ում ընդունելի են Mulberry էլեկտրոնային համակարգով դիմումների ներկայացումը: Ինչ վերաբերում է էլեկտրոնային ստորագրության առկայությանը, ապա տեղին է հիշել օրենքը, համաձայն որի՝ սահմանվել է. «Պետական մարմիններն էլեկտրոնային թվային ստորագրության կիրառմամբ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց «Ինտերնետ» ցանցով էլեկտրոնային ծառայությունների մատուցման հասանելիություն ապահովելու նպատակով մինչեւ 2017 թվականի հոկտեմբերի 1-ը պետք է իրենց տեղեկատվական համակարգերում ներդնեն եւ համապատասխան պայմանագրեր կնքեն N 2 հավելվածով սահմանված բջջային էլեկտրոնային թվային ստորագրության օպերատորների հետ՝ ֆինանսական միջոցների բացակայության դեպքում, ըստ անհրաժեշտության, մինչեւ 2017 թվականի օգոստոսի 1-ը մանրամասն հաշվարկներով հիմնավորված ֆինանսավորման հայտ ներկայացնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն։ Ներկայացված հայտը պետք է ներառի առաջարկություն՝ անհրաժեշտ ծախսերը Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով համապատասխան մարմնին հատկացված ընդհանուր միջոցների հաշվին իրականացնելու վերաբերյալ կամ նշում դրա անհնարինության մասին» («Առավոտ, հոկտեմբերի 25):
Մենք ՍԴ նիստերը լուսաբանելիս դատավորների հատուկ կարծիքներում հնչածը տեղեկացրել ենք, մինչդեռ դատելով ՍԴ դատավորների նմանօրինակ հարցերի շարունակաբար բարձրաձայնելուց, ՍԴ-ում տեխնիկական հնարավորությունների առումով նախնադար է: Եվ երբեմն անհավասար մրցակցային իրավիճակ է, սկսած դիմումատուների փաստաթղթերը դատարան մուտքագրելիս, ավարտված փաստաթղթեր ներկայացնելու կարգով:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
21.12.2021