Լրահոս
Օրվա լրահոսը

Մեծանուն երգիչը չարանենգությանն ի պատասխան՝ բարոյականության դաս է տվել

Դեկտեմբեր 22,2021 13:00

Հաճախ են հանդիպում դեպքեր, երբ մարդու փաստաթղթերում նշված ծննդյան օրը չի համապատասխանում իրականությանը։ Օրինակ, մեծանուն Հովհաննես Չեքիջյանը ծննդյան օրվա շնորհավորանքներ է ստանում դեկտեմբերին եւ հունվարին։ Ընդ որում, մաեստրոն դեկտեմբերի 23-ին կդառնա 93 տարեկան։

Դեկտեմբերի 12-ին էլ լրացավ մեր մյուս մեծանուն արվեստագետի՝ Ռուբեն Մաթեւոսյանի ծննդյան 80-ամյակը։ Սակայն ըստ մեր հավաստի տեղեկության, սիրված երգչի հոբելյանը կնշվի 2022թ. հունվարի 12-ին, Ազգային օպերային թատրոնում։ Այդ առիթով ժամանակին երգիչը մեզ հայտնել էր, որ ծնվել է Երեւանում, 1941թ., դեկտեմբերի 12-ին, երբ հայրը արդեն զոհվել էր Հայրենական մեծ պատերազմում։ Տարիներ անց ինքը փոխել է իր ծննդյան օրը՝ դարձնելով հունվարի 12՝ հոր ծննդյան օրը, այդպիսով կարծես նրա նկատմամբ կարոտը մեղմելով եւ հիշատակը վառ պահելով, նաեւ կատակել էր, թե մեկ ամսով փոքրացրել է տարիքը։

Հիշում ենք երգչի հետ հարցազրույցներից մեկում նրա արտահայտած հետեւյալ միտքը. «Եթե ուզում ես դուրս կորզել հայ երգի մեջ ներդրված հույզն ու իմաստը, դրանով հուզել ունկնդրին, մի փնտրիր շռայլ գեղգեղանքներ, քաղցրածոր ելեւէջներ, փնտրիր միայն պարզություն, մի անբասիր նրբերանգ եւ, եթե կարողացար գտնել ու շեշտել այն, երգը կդառնա մի կենդանի, ոգեշունչ խոսք, հույզ, պատկեր…», որը յուրօրինակ հեռակա վարպետության դաս է, հատկապես երիտասարդ երգիչների համար։ Իսկապես, հայ երգը որքան բազմախորհուրդ ու հուզական, որքան հախուռն ու ջերմ, որքան զգայուն ու նրբանկատ, այնքան էլ հստակ է, ջինջ, պարզ եւ տարբերվում է իր արտահայտչամիջոցների չափի զգացմամբ։ Իսկ դա հարազատ է Ռուբեն Մաթեւոսյանի ողջ էությանը։ Եվ այդ է պատճառը, որ նա ոչ միայն հայ երգի անգերազանցելի կատարող եղավ, այլեւ շատ երկար ժամանակ մնալու է այդ երգի կրողը։ Երգչի անսպառ բարեմասնությունների զուլալ ակունքը ժողովրդական երգն է, որի զորեղ դարբնոցում են կոփվել առաջին բեմելից՝ 1961թ., նրա կյանքն ու տաղանդը…

Մանկուց ունկնդիր լինելով իր ժողովրդի հույզերի արձագանքին, նա տարիներ շարունակ լսեց այն, սովորեց, ուսումնասիրեց, երգեց, իր երգածը շտկեց ու հղկեց այնքան, մինչեւ որ այդ երգերի մեջ մարմնավորված բյուրեղյա հույզերն ու զգացումները իսկական բյուրեղ դարձան։ Նա մի կողմից մշակում էր իր կատարողական հնարավորությունները, որովհետեւ միայն լավ մարզված երգային գործիքի՝ կոկորդի միջոցով է, որ կարելի է իրագործել գեղարվեստական մտահղացումները, մյուս կողմից՝ խորանում ազգային երաժշտության բնույթի ու առանձնահատկությունների ուսումնասիրության, դրանց ընկալման մեջ։ Մի կողմից ուսումնասիրում էր, ընդհուպ ծանոթանում վաղուց արդեն մշակված երգային մշակույթի նվաճումներին՝ աշխատելով մեծն Արամ Մերանգուլյանի ղեկավարությամբ, մյուս կողմից ջանում էր հարազատորեն վերարտադրել ազգային ժողովրդական երաժշտության ուրույն այդ երկու գծերը։ Եվ երգիչը կարողացավ դրանք զուգորդել, ժողովրդական երաժշտությունը, երգը բարձրացնել կատարողական արվեստի պրոֆեսիոնալ աստիճանի։

Ռուբեն Մաթեւոսյանը երգում է ժողովրդական երգեր, կոմիտասյան երգեր, բազմաթիվ հայ գուսանների երգեր. Սայաթ-Նովայի գրեթե բոլոր հայտնի երգերը, Ջիվանու, Շերամի, Աշոտի, Շահենի… Երգում է շատ բանաստեղծների տեքստերով ստեղծված հայտնի ու անհայտ կոմպոզիտորների երգեր։ Նրա կատարմամբ յուրաքանչյուր ստեղծագործություն դուրս է գալիս երգի շրջանակներից, դառնում երգ-բալլադ։ Երգիչը գիտի գտնել յուրաքանչյուր երգի բնույթը, տալով նրան իր՝ մաթեւոսյանական մեկնաբանությունը։ Հակիրճ նրա կատարման մասին կարելի է ասել հետեւյալը. Ռուբեն Մաթեւոսյանը ցուցադրում է իր հուժկու, մարզված, առինքնող եւ թովիչ ձայնը եւ այդ ձայնի բազմազան ելեւէջներն ու երանգները մերթ հաղթական, մերթ սիրային ու մեղմօրոր, մերթ երգիծական ու հուզումնալից ապրումներով տարուբերում են ունկնդրի հույզերը։

1992-ից մի քանի տարիների ընդմիջումներով Ռուբեն Մաթեւոսյանը հանդիսանում է ռադիոյի Արամ Մերանգուլյանի անվան ժողգործիքների արդեն 95-ամյա անսամբլի գեղարվեստական ղեկավարը։ Իսկ այդ մի քանի տարիների ընդմիջումների մասին հիշյալ անսամբլի երբեմնի տնօրեն, արվեստաբան, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սերգեյ Առաքելյանը հայտնեց հետեւյալը. «1992թ. ռադիոյի Մերանգուլյանի անվան անսամբլը չարանենգ մի հրամանով գլխատվեց, արդյունքում ժողովրդական արտիստներ Օֆելյա Համբարձումյանը, Հովհաննես Բադալյանը, Անժելա Աթաբեկյանը, Վարդուհի Խաչատրյանը, Արտեմ Մեջինյանը, վաստակավոր արտիստներ Նորայր Հովհաննիսյանը, Խաչատուր Ներսիսյանը, Խաչատուր Շիրակյանը, Վոլոդյա Եգորյանը, անսամբլի գեղարվեստական ղեկավար, արվեստի վաստակավոր գործիչ Մանվել Բեգլարյանն ու մի քանի նվիրյալներ՝ շուրջ 19 երաժիշտ կատարողներ, օտարվեցին սիրած գործից։ Անսամբլի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Մաթեւոսյանը չհանդուրժելով նման անարդար վերաբերմունքը գործընկերների նկատմամբ, ինքն էլ հաժարվեց աշխատանքից։ Չարանենգությունից մեկ շաբաթ անց Օֆելյա Համբարձումյանն ու Ռուբեն Մաթեւոսյանը հրավիրվում են վարչապետ Խոսրով Հարությունյանի աշխատասենյակ։ Վարչապետն առաջարկում է անտեսել անհիմն հրամանը եւ վերադառնալ կոլեկտիվ, սակայն վիրավորանքն ավելին էր, քան չարանենգության անտեսումը։ Կարճ ասած՝ նրանք ստեղծեցին «Աստղեր» անսամբլը, որը Ռուբեն Մաթեւոսյանի ղեկավարությամբ համերգներ ունեցավ գաղթօջախներում՝ Սիրիայում, ԱՄՆ-ում, Կանադայում, Իրանի Իսլամական Հանրապետությունում եւ այլուր։ Միայն 1996 թ. «օտարվածները» նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրահանգով եւ այդ տարիներին ռադիոյի գլխավոր տնօրեն Ստեփան Զաքարյանի հրամանով վերադարձան հարազատ օջախ»։

Պարոն Առաքելյանին խնդրեցինք բարձրաձայնել այդ չարանենգության հեղինակի անունը։ Մեր զրուցակիցն ընդամենը ասաց. «Նա շատ վաղուց լքել է հայրենիքը, բնակվում է Ավստրալիայում։ Այն տարիներին վարում էր ռադիոյի երաժշտական հաղորդումների գլխավոր խմբագրի պաշտոնը։ Անունը չեմ էլ ուզում բարձրաձայնել, երգիչ էր…»։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
21.12.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031