Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Երկրաշարժերն Ամբերդում

Դեկտեմբեր 22,2021 12:30

Ամբերդը միջնադարյան Հայաստանի հզոր ամրոց-բնակավայրերից է: Գտնվում է Արագած լեռան հարավային լանջին, Ամբերդ եւ Արխաշան գետերի միախառնումից գոյացած հրվանդանի վրա: Օգտագործվում է նաեւ Անբերդ անվանումը: Հետաքրքիր է, որ Հովհաննավանքի 1350թ. արձանագրությունում երկու ձեւերն էլ կան: Միջնադարյան հայ հեղինակներից շատերը գործածել են Անբերդ ձեւը:

Ամրոցը հիմնարկվել է 7-րդ դարի սկզբում, Կամսարականների կողմից: Բագրատունյաց թագավորության ժամանակ անցել է Պահլավունիներին, իսկ Զաքարյանների ժամանակ (1210-1221 թթ. միջեւ)՝ Վաչուտյաններին, որոնք տեղում շինարարական լայն գործունեություն են ծավալել եւ ամրոցը դարձրել իրենց վարչական կենտրոն: Վաչուտյաններն աճող ամրոց-բնակավայրը շրջափակում են նոր, ավելի ընդարձակ պարիսպներով, որոնք այս անգամ իրենց մեջ են ներառում ամբողջ հրվանդանը: Նրանք միջնաբերդը վերածել էին պալատի եւ դարձրել իրենց համար մշտական բնակության վայր: Սակայն կյանքը Ամբերդում ընթանում է մինչեւ 14-րդ դարի վերջը՝ Լենկ Թեմուրի արշավանքը, երբ այն ավերվում եւ այլեւս չի վերականգնվում:

Ամբերդը կիրճի մյուս ափից

Ամբերդն ունի հատակագծային երկմաս կառուցվածք՝ բաղկացած միջնաբերդից եւ արտաքին ամրոցներից: Առաջինը, որ անվանվում է նաեւ դղյակ, կառուցվել է բերդատարածության հյուսիս-արեւմտյան անկյունում, բարձրադիր ժայռալեզվակի վրա: Իսկ ամրոցը եռանկյունաձեւ թեք հրվանդանի վրա է: Երկուսն էլ ունեցել են պաշտպանական կառուցվածքների ինքնուրույն համակարգեր: Դրանց բաղկացուցիչ մասն էին կազմում Ամբերդաձորն իջնող գաղտնուղիները՝ միակտոր ճեղքված բազալտե սալածածկերով բերդադարպասները, ջրատար գծերը եւ այլն: Ամրակուռ պարսպապատերը, որոնք տեղ-տեղ կրկնակի են, բրգավոր, կառուցված են կոպտատաշ բազալտից, կրաշաղախի օգտագործմամբ: Այստեղ 1936թ. սկսվել էին հնագիտական պեղումներ (ղեկ. Հովսեփ Օրբելի) եւ շարունակվել մինչեւ 1960-ական թթ.:

Ամբերդի եկեղեցին 1026թ. կառուցել է սպարապետ Վահրամ Պահլավունին, որի մասին հաղորդում է հյուսիսային դռան բարավորի արձանագրությունը: Այն ուղղանկյուն հատակագծով, չորս անկյուններում ավանդատներով կենտրոնագմբեթ եկեղեցի է: Գմբեթը քառանկյունի պատերի վրա փոխանցվում է առագաստների եւ կամարների միջոցով: Նրա թմբուկը սովորականից մի քիչ լայն է, ձեւով նման Մարմաշենի եկեղեցուն: Մուտքը հարավային կողմից է: Կառուցված է տեղական մշակված բազալտից:

Եկեղեցին երկրաշարժերից վնասվելով մեզ էր հասել կիսավեր վիճակում եւ առանձնապես զգալի էր հարավային պատի խարխլումները, վերին շարքերի պատերից դուրս եկած քարերը: Այն վերականգնվել է 1972-1976թթ.:

Ամբերդը բազմիցս վնասվել է օտար ասպատակողների կողմից, որին եւ նպաստել են պարբերաբար կրկնվող երկրաշարժերը: Հատկապես կործանարար է եղել 1679թ. երկրաշարժը, երբ փլվել են պարսպապատերի հատվածները: Այն վնասվել է նաեւ 1176, 1264, 1827, 1840, 1949 թթ. երկրաշարժերից: Վերջին դեպքում փլվել է արեւելյան հզոր աշտարակներից մեկը, իսկ 1988թ. երկրաշարժից՝ առանձնապես արեւելյան եւ արեւմտյան պարսպապատերի որոշ հատվածները եւ մնացած մասերը ստացել են վտանգավոր ճաքեր:

Արմեն ԱՍԱՏՐՅԱՆ

Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի գիտաշխատող

Գլխավոր լուսանկարում՝ Ամբերդի միջնաբերդը հարավից

«Առավոտ» օրաթերթ
21.12.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031