Լրահոս
Օրվա լրահոսը

Պուտինը Ղարաբաղի գործարքով իր ակնկալիքն է սպասում Ալիեւից

Դեկտեմբեր 22,2021 12:00

Մոսկվան շոշափում է Ալիեւի տրամադրությունը՝ ԵԱՏՄ-ին անդամակցելու ուղղությամբ

Դեռ տարիներ առաջ մի քանի առիթներով Մոսկվան ուղիղ հասկացնել էր տալիս, որ կցանկանար Ադրբեջանին տեսնել ԵԱՏՄ-ում: Պաշտոնական Բաքուն հետեւողականորեն լռում էր, հասկացնել էր տալիս, որ նման ծրագրեր չունի: Սակայն ռուսական կողմը ժամանակ առ ժամանակ թեժացնում էր Ադրբեջանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցելու թեման: Եվ հերթական նման հայտարարությունից հետո Ադրբեջանի նախկին արտգործնախարար Էլմար Մամեդյարովը մի անգամ նշեց, ոչ Ադրբեջանը չի բացառում Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու հնարավորությունը, ապա ասաց՝ «երբեք մի ասա երբեք»: Իսկ մի առիթով էլ հստակ հարցրեց՝ իսկ ի՞նչ կստանա դրա դիմաց Ադրբեջանը ԼՂ խնդրում: Նկատենք, որ ՌԴ տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաեւը դեռեւս 2014թ. հունիսին Բաքու կատարած իր այցի ժամանակ հրավիրել էր ադրբեջանական կողմին միանալու Մաքսային միությանն ու ԵԱՏՄ-ին:

Բաքվում տարիներ շարունակ փորձագիտական շրջանակները քննարկում էին ԵԱՏՄ-ին Ադրբեջանի անդամակցության հնարավորությունը՝ Լեռնային Ղարաբաղի հարցը իրենց օգտին լուծելու դիմաց: Այժմ պաշտոնական Բաքուն հայտարարում է, որ ԼՂ խնդիրը լուծված է, կարգավիճակի հարց գոյություն չունի, այսպես ասված՝ կարգավորման թեման փակված է:

Ահա, վերջերս Ադրբեջանին դիտորդի կարգավիճակ տալու մասին խոսեց Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը: Ու հենց այս փուլում, 44-օրյա պատերազմում եռակողմ հայտարարության ընդունումից մեկ տարի անց Մոսկվան կրկին թեժացրեց ԵԱՏՄ-ին Ադրբեջանի անդամակցության հարցը, կարծես փորձ անելով ստուգել պաշտոնական Բաքվի տրամադրությունները:

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անցյալ շաբաթ դրական է գնահատել Ղազախստանի առաջնորդ Նուրսուլթան Նազարբաեւի վերոնշյալ առաջարկը՝ Ադրբեջանին ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ տալու վերաբերյալ: «Նուրսուլթան Աբիշեւիչ Նազարբաեւի առաջարկը, որը, ըստ էության, եվրասիական ինտեգրման գաղափարախոսն է, ուշադրության արժանի է: Ինչպես գիտեք, ԵԱՏՄ-ն բաց է այն պետությունների համար, որոնք կիսում են նրա նպատակները, սկզբունքները եւ հետաքրքրված են առավել սերտ ինտեգրման եւ գործակցության հարցում: Առաջին հերթին մենք նկատի ունենք ԱՊՀ երկրները, որոնք ԵԱՏՄ ադամ երկրների հետ առավել սերտ կապեր են պահպանում»,- ասել է Զախարովան: Նա նշել է, որ երկխոսության զարգացումն Ադրբեջանի եւ ԵԱՏՄ-ի միջեւ ցանկացած ձեւաչափով կնպաստեր փոխադարձ առեւտրի եւ տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը: Զախարովան, սակայն, նկատել է, որ Ադրբեջանին դիտորդի կարգավիճակ տալուն կարող է խոչընդոտել Հայաստանը. «Ինչպես գիտեք, հարկ է հաշվի առնել, որ ԵԱՏՄ-ում գործակցության մակարդակի բարձրացման վերաբերյալ որոշումներն ընդունվում են բոլոր անդամ-պետությունների եւ շահագրգիռ կողմերի համաձայնությամբ՝ հաշվի առնելով այդպիսի քայլի հնարավոր տնտեսական հետեւանքների վերաբերյալ համակողմանի փորձագիտական մշակումների արդյունքները»:

Իսկ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Զախարովային լրացրել է՝ խոսելով Հարավային Կովկասում այս պահին բացառիկ հնարավորությունների ձեւավորման մասին: Նա ելույթ ունենալով Բաքվում անցկացվող «Ռուս-ադրբեջանական տնտեսական հարաբերությունների ներկա վիճակը եւ հեռանկարները» խորագրով համաժողովում, ասել է. «Վերջին իրադարձությունների համատեքստում տարածաշրջանում ստեղծվել է բացառիկ հնարավորություն տրանսպորտային-լոգիստիկ ոլորտում»: Նա նաեւ հավելել է, որ՝ «ակտիվ աշխատում են այդ ուղղությամբ»: Իր ելույթում Ռուսաստանի փոխվարչապետն անդրադարձել է նաեւ տարածաշրջանում երկաթուղային եւ ավտոճանապարհային երթուղիների զարգացման, «Հյուսիս-Հարավ» եւ «Արեւմուտք-Արեւելք» միջազգային տրանսպորտային միջանցքների հնարավորություններին:

Ապա Օվերչուկն ավելի է անկեղծացել… Եվրասիական տնտեսական միությունում դիտորդի կարգավիճակ ստանալու պարագայում Ադրբեջանն ավելի շատ կշահի կազմակերպության անդամ-երկրների հետ գործակցությունից, նկատել է նա. «ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակը հնարավորություն կտա Ադրբեջանին ավելի շատ օգուտ ստանալ գործակցությունից: Ադրբեջանում հազիվ թե որեւէ մեկը տեղյակ լինի ԵԱՏՄ-ից, նրա գործունեությունից: Բնակչության մոտ 30-40 տոկոսն ընդհանրապես չգիտի՝ դա ինչ է: Ուստի անհրաժեշտ է բարձրացնել իրազեկվածության մակարդակը»: Օվերչուկի խոսքով՝ դիտորդի կարգավիճակն Ադրբեջանին հնարավորություն կտա մասնակցել աշխատանքային մարմինների գործունեությանը, եւ հետեւաբար, «որքան շատ բան ես իմանում, այնքան մեծ օգուտ կարող ես ստանալ գործակցությունից»:

Անցյալ շաբաթվա վերջին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Բաքվում ընդունեց Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին՝ նրա հետ քննարկելով երկկողմ տնտեսական օրակարգը եւ Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակման հարցը: «Հանդիպմանը կարծիքներ են փոխանակվել ռուս-ադրբեջանական հարաբերությունների զարգացման հեռանկարների շուրջ: Նշել են, որ Ադրբեջանի եւ Ռուսաստանի հարաբերությունները զարգանում են բոլոր ոլորտներում, առանձնահատուկ ընդգծվել է ապրանքաշրջանառությունը: Միաժամանակ կողմերն ընդգծել են լավ հեռանկարի առկայությունը տնտեսական գործակցությունն էլ ավելի ընդլայնելու համար»,- ասվում է Ադրբեջանի նախագահի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ: Զրուցակիցները նշել են, որ Օվերչուկի այս այցը թույլ է տալիս քննարկել 2021թ. տնտեսական գործակցության արդյունքները: «Հանդիպմանը կողմերն անդրադարձել են Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի փոխվարչապետների մակարդակով եռակողմ հանձնաժողովի գործունեությանը, տարածաշրջանում հաղորդակցությունների բացմանը եւ այլ հարցերի»,- ասվում էր հաղորդագրության մեջ:

Թեեւ ԵԱՏՄ-ին Ադրբեջանի անդամակցության վերաբերյալ պաշտոնական հաղորդագրությունում ոչինչ չէր ասվում, սակայն կարելի է եզրակացնել, որ Մոսկվայից հնչած վերջին հայտարարությունների ֆոնին այդ թեման քննարկված կլինի: Այն, որ պաշտոնական Բաքուն առայժմ հրապարակավ չի ցանկանում ռուսական կողմից ուղղված ազդակներին արձագանքել, թերեւս, փաստում է այն մասին, որ պաշտոնական Բաքուն դեռ այդ դաշտում «խաղալու», «մանեւրելու» իր հնարավորություններն է չափում:

Նկատենք, որ Երեւանում դեկտեմբերի 21-22-ը անցկացվելու է հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստը։ Ռուսաստանի պատվիրակությունը գլխավորելու է փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ Վերջինս ԼՂ-ում պատերազմից հետո տարածաշրջանում հաղորդակցության ուղիների վերաբացման նպատակով ստեղծված եռակողմ աշխատանքային խմբում ռուսական կողմի ներկայացուցիչն է։

Ի դեպ, օրերս Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաեւը հայտնեց, թե ռուսական ընկերությունները 13 նախագիծ են ներկայացրել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքում իրականացնելու համար: «Այդ նախագծերից մեկն արդեն սկսել է աշխատանքները «Արազի երկայնքով տնտեսական գոտու» տարածքում»,- ասել է Մուստաֆաեւը:

Ռուս-ադրբեջանական համագործակցությունը, ինչպես նկատում ենք, լայն թափով զարգանում է: Մոսկվան տնտեսական զարգացմանը զարկ տալուն զուգահեռ, թերեւս, փորձում է Ադրբեջանում ազդեցությունն էլ ավելի մեծացնել, չեզոքացնելով թուրքականը, թեեւ պաշտոնապես Մոսկվան շարունակում է պնդել, որ՝ «վտանգ չի տեսնում «թյուրքական աշխարհի» միավորման գաղափարում»: RTI-ին անցյալ շաբաթ տված հարցազրույցում Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը ծավալուն անդրադարձ է կատարել այս թեմային:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից առաջ քաշվող միասնական «թյուրքական աշխարհի» գաղափարը որեւէ վտանգ չի ներկայացնում Ռուսաստանի համար, ասել է նա՝ հավելելով. «Իսկապես, կա թյուրքական աշխարհի ընդհանրություն՝ մշակութային, պատմական: Եվ Կենտրոնական Ասիայի պետություններ, անգամ ՌԴ-ի մեր հանրապետությունները, մեր թաթարները, բաշկիրները, այո՛, նրանք թուրքերի հետ ունեն ընդհանուր պատմություն: Դա լեզվական պատմություն է, մշակութային, ընդհանուր ավանդույթներ: Ուստի դրանում սարսափելի բան չկա»: Այնուհետեւ Պեսկովը նկատել է, որ «իհարկե, Թուրքիայում կան ազգայնական տրամադրություններով ուժեր, որոնք այդ մշակութային միասնությունը ցանկանում են վերածել ավելի մեծ բանի»: «Բայց, փառք աստծո, այդ ազգայնականներն այնքան էլ շատ չեն, եւ նրանք մեծամասնություն չեն կազմում, չնայած շարունակում են պնդել «Մեծ Թուրան» ստեղծելու իրենց գաղափարը: Նրանք չեն ասում «Օսմանյան կայսրություն», նրանք ասում են «Մեծ Թուրան»,- ասել է Պեսկովը:

Միաժամանակ, Պեսկովը նկատել է, որ ազգայնականներ կան ամենուրեք, նրանք, որպես կանոն, յուրաքանչյուր պետության քաղաքական թատերաբեմում լինում են: «Իհարկե, նրանց, որպես կանոն, զսպում են գործող իշխանությունները: Եվ հենց այստեղ է նախագահ Էրդողանը, որը շատ ջերմ, կարելի է ասել՝ բարեկամական հարաբերություններ ունի նախագահ Պուտինի հետ, որոնք, չնայած տարաձայնություններին, հնարավորություն են տալիս նրանց ամենասուր պահերին հավաքվել եւ լուծել ամենաբարդ խնդիրները»,- ասել է Պեսկովը: Նա հավելել է, որ «այդպես եղել է բազմիցս, դա վերաբերում է ե՛ւ Սիրիային, դա վերաբերում է նաեւ ոչ վաղ անցյալի երկկողմ հարաբերությունների ողբերգական պահերին»: «Բայց, այնուամենայնիվ, հաջողվել է դուրս գալ խաղաղ, կառուցողական կարգավորման հունի, եւ փաստացի, չնայած որոշակի տարաձայնություններին, Թուրքիան մեր հարեւանն է, շատ կարեւոր հարեւանը: Թուրքիան մեր գործընկերն է շատ առեւտրատնտեսական, ներդրումային գործակցության կարեւոր նախագծերում, եւ Թուրքիան մեր «վիզավին» է բազմաթիվ տարածաշրջանային հակամարտություններում, դրանց լուծման գործընթացում»,- ասել է Պեսկովը:

Կրեմլը Անկարային Լեռնային Ղարաբաղում վերջին պատերազմի համատեքստում հակամարտության պաշտոնական կողմ դարձնելու հարցում, ինչպես ասում են՝ մեծ ներդրում ունեցավ: Այսօր արդեն, Մոսկվան հպարտորեն արձանագրում է, որ եւս մի հակամարտությունում արդյունավետ համագործակցում է Թուրքիայի հետ: Մոսկվային, ինչ-որ պահից, Թուրքիայի հետ նոր հարթակներում բանակցելն, ակնհայտորեն, ավելի ձեռնտու թվաց, քան ԵԱՀԿ Մինսկի խմբում՝ ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի հետ համագործակցելը: Այստեղ է, որ Մոսկվայի, Անկարայի ու Բաքվի պատկերացումներն ու նպատակները միավորվեցին:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 21.12.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031