Սպառողը անընդհատ պահանջում է բովանդակության «պարզունակացում», եւ հաղթում է նա, ով ընդառաջ է գնում այն պահանջին
1964 թվականին լույս է տեսել «նոր ձախերի» գաղափարախոս Հերբերտ Մարկուզեի գիրքը, որի վերնագիրն անգամ շատ բան էր ասում իր ժամանակվա արեւմտյան հասարակության մասին՝ «Միաչափ մարդը»: Մարկուզեն եւ, այսպես կոչված, «Ֆրանկֆորտյան դպրոցի» իր համախոհները վստահ էին, որ զանգվածային սպառման պարագայում արժեքները դառնում են միատեսակ եւ այդպիսի հասարակությունում անհատն ամենեւին ազատ չէ, նա դառնում է չափազանց վերահսկելի, ստանդարտացված պահանջմունքների ստրուկ: Փիլիսոփան առաջարկում է հրաժարվել այդ սպառողական հոգեբանությունից եւ հայացքն ուղղել հոգեւոր արժեքների վրա: Իմ ընկալմամբ, դա նախազգուշացում էր, ահազանգ, որը մարդկությունն այնքան էլ լուրջ չընդունեց: Ճիշտ է, 1960-ականների երկրորդ կեսին Արեւմուտքում ապրող երիտասարդները տարվեցին այդ նոնկոնֆորմիստական գաղափարներով՝ սկսեցին ման գալ ճղճղված ջինսերով, աճեցրեցին մորուքներ ու երկար մազեր, ստեղծեցին «հիփիական» համայնքներ եւ ցույցեր էին անում «բուրժուական բարքերի» դեմ: Բայց հետադարձ հայացք ձգելով, կարելի է ասել, որ դա, ըստ էության, այն «հոգեւոր ուղղությունը» չէր, որ պետք է էական ազդեցություն ունենար իրադարձությունների հետագա զարգացման վրա:
Մարդու՝ «միաչափ» դառնալու միտումը 20-րդ դարում իսկապես նկատելի է: Հիշենք թեկուզ աստվածաշնչյան սյուժեների մեկնությունները՝ Դոստոեւսկու «Մեծ հավատաքննիչի» հերոսով, Բուլգակովի Յեշուա Հա-Նոցրիով մինչեւ բրոդվեյան մյուզիքլի հերոս Jesus Christ Superstar-ը: (Այդ հետընթաց զարգացման վրա ուշադրություն է դարձրել Գերմանիայում ապրող հայ փիլիսոփա Կարեն Սվասյանը): Կամ համեմատենք նույն Դոստոեւսկու կամ Ֆոլկների վեպերի բարդ, բազմաշերտ բովանդակությունը Թոլկիենի գրքերի՝ բարու եւ չարի պարզունակ պայքարի հետ: Այդքանով հանդերձ, 1979 թվականին մահացած Մարկուզեն չէր կարող պատկերացնել, թե ինչ աստիճանի «միաչափ» է դառնալու մարդը հաջորդ՝ հետինդուստրիալ, թվային դարաշրջանում:
Մարդկային ուղեղով զբաղվող մասնագետները պնդում են, որ վերջին երկու տասնամյակներում մտավոր աշխատանքի համար «գլխավոր պատասխանատու» մերձճակատային կեղեւում են տեղի ունենում զուտ ֆիզիոլոգիական փոփոխություններ. կենդանի շփումից եւ բարդ խնդիրներ լուծելուց հրաժարվելու հետեւանքով համապատասխան նեյրոնային կապեր այլեւս չեն ստեղծվում: Հատկապես երիտասարդների՝ 21-րդ դարում ծնվածների մոտ ստեղծվում է այն, ինչ այդ մասնագետներն անվանում են «սոցիալական աուտիզմ»՝ մեկուսացման յուրահատուկ տեսակ: Բանն այն է, որ երբ մեր ուղեղին առաջարկվում է ընտրություն կատարել բարդ եւ պարզ խնդիրների միջեւ՝ ասենք, ցուցադրվում է առանց նկարների բարդ տեքստը եւ գունագեղ, պարզունակ ուղերձներ պարունակող կայքը, ուղեղն ընտրում է «հեշտ ճանապարհը»՝ հաճախ ի հեճուկս մեր գիտակցական ջանքերի: Ուղեղը «ծրագրավորված է» էներգիան «տնտեսելու» վրա, քանի որ իր քաշի հետ համեմատ այն մարդուց հսկայական ջանքեր է խլում: Սոցիալական ցանցերը եւ համացանցն ընդհանրապես «տնտեսելու» համար իդեալական պայմաններ է ստեղծում:
Կարդացեք նաև
Մարդկանց մերօրյա «միաչափությունը» հանգեցնում է հեռու գնացող հետեւանքների՝ միջանձնային հարաբերություններից սկսած մինչեւ արվեստ, լրագրությունից մինչեւ քաղաքականություն: Երբ ես չեմ տեսնում մարդուն, առերես չեմ զրուցում նրա հետ, այլ նրա հետ կարճ հաղորդագրություններ եմ փոխանակում, ես արդեն գործ ունեմ ոչ թե այդ անձի, այլ նրա՝ համացանցում ստեղծված կերպարի հետ, որը զուրկ է երանգներից, խորությունից, էլ չեմ ասում, որ կարող է խեղաթյուրված լինել: Հեռուստատեսային սերիալների հեղինակները փաստում են, որ վերջին 10 տարում սպառողներն ավելի ու ավելի պարզունակ բովանդակություն են պահանջում եւ կոշտ մրցակցության մեջ հաղթում է նա, ով հնարավորինս կարող է պարզեցնել սյուժեի ինտրիգը եւ կերպարներին: Ավելի կոնկրետ եւ արդիական օրինակ բերեմ. եթե ես չեմ կարդում Ժիրայր Լիպարիտյանի գիրքը, չեմ լսում նրա դասախոսությունը, բայց մեկնաբանում եմ, «շեյրում եմ», «լայքում եմ», «վերլուծում եմ» նրա արտասանած կես նախադասության մեկնաբանությունները եւ ավելացնում եմ նույն ոգով գրված իմ սեփական «դարակազմիկ» մտքերը, ես իջեցնում եմ կարեւոր թեման ցանցային «չաչանակության», որտեղ իմաստը, բովանդակությունը բացարձակապես որեւէ նշանակություն չունի: «Հանձնենք Ղարաբաղն ու կսկսենք լավ ապրել»՝ չնայած նման բան երբեք ոչ ոք չի ասել, պարզունակ ուղեղի վրա այդ չեղած բանաձեւը շարունակում է իր անվրեպ ներգործությունը:
Դեղատոմսը նույնն է՝ չհանձնվել, չտրվել հոսանքին: Սովորել մտածել բարդ:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
21.12.2021