«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնը հերթական նվերն արեց հայաստանցի ունկնդրին: Արդեն 22-րդ անգամ իրականացվող փառատոնի շրջանակներում, որը միշտ բարձր դասի երաժիշտներ է հրավիրում Հայաստան, մեր երկրում առաջին անգամ հանդես եկավ Լոնդոնի Գոսպել երգչախումբը:
«Կարեն Դեմիրճյան» համալիրում կայացած համերգի շրջանակում հնչեցին հայտնի հիթեր եւ Սուրբծննդյան երգեր: Դահլիճում զվարթության հրավառություն էր, իսկ համաշխարհային հիթերի բացառիկ մեկնաբանություններից հետո բացականչություններն ու ծափերը երկար ժամանակ չէին դադարում, ունկնդիրները ձայնակցում էին երգչախմբին, ավելի համարձակներն՝ ինքնամոռաց պարում, հեռախոսների լապտերներով լուսավորում:
Լոնդոնի Գոսպել երգչախմբի անդամները շնորհակալություն հայտնեցին ջերմ ընդունելության համար ու խոստացան կրկին համերգով գալ Հայաստան: Իսկ նրանց բերած զվարթությունն ու գերխիտ էներգիան դեռ երկար կհիշվեն:
Հիշեցնենք, որ Լոնդոնի Գոսպել երգչախումբը համատեղ ելույթներով հանդես է գալիս համաշխարհային գերաստղերի հետ, որոնց թվում են՝ Փոլ ՄաքՔարթնին, Էլթոն Ջոնը, Սթիվի Ուանդերը, Դայանա Ռոսը, Մադոննան, Ադելը, Քայլի Մինոգը, Էլի Գոլդինգը, Ջասթին Թիմբերլեյքը, Փինքը: Լոնդոնյան այս բացառիկ խումբը համագործակցում է աշխարհի մի շարք հայտնի ընկերությունների, նախագծերի հետ՝ BBC, Mercedes-Benz, «Գրեմմի», «Ձայնը» եւ այլն:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ