Լրահոս
Օրվա լրահոսը

Մի քանի խոսք «քննադատների» մասին

Դեկտեմբեր 21,2021 22:45
Jirayr Liparityan

Ժիրայր Լիպարիտյան

 

Երեւանից վերադարձա օրեր առաջ։ Նամակատուփս լեցուն էր այդ այցի ընթացքում ունեցած ելույթներիս եւ տարբեր արտահայտություններիս մասին դրական ու բացասական կարծիքներ ներկայացնող հաղորդագրություններով։ Խոսքը Թուրքիայի եւ մասամբ Ադրբեջանի հետ Հայաստանի հարաբերությունների մասին է։ Մի կողմ թողնելով առաջինները եւ արձագանքելու հետ կապված վերապահություններս, անհրաժեշտ համարեցի մի քանի դիտողություն ներկայացնել բացասական արտահայտությունների վերաբերյալ:

 

  1. Ընդհանրապես իմ մոտեցումը քննադատողների խոսքերը բառի սովորական իմաստով կարծիքներ կամ քննադատություններ չեն։ Դրանք ամբաստանություններ ու հայհոյանքներ են։ Ամբաստանություններ, որոնք բացարձակապես հիմնավորված չեն ու չեն կարող հիմնավորվել մի պարզ պատճառով. դրանք որեւէ հիմք չունեն։ Իսկ հայհոյանքներ անհրաժեշտ չէին լինի, եթե հեղինակները վերլուծության եւ տրամաբանական հակաճառության արվեստին ծանոթ լինեին։

«Հայհոյանքը փաստի սով է»,- գրել է Հակոբ Պարոնյանը։

 

  1. Տպավորություն է, որ իմ վերլուծումներն ու դրանցից բխող ախտաճանաչումները, ինչպես ասում են, «մատը վերքի վրա են դրել»: Որքան մատը մոտ է վերքին, այնքան հիվանդը բարձր է գոռում։ Եւ այնքան ավելի է մտահոգվում, որ հանրության համար կպարզվի հիվանդության բնույթն ու հետեւանքները։ Իսկ այդ պարզաբանման դեպքում հանրությունը կարող է այլ ձեւով ընդունել նրանց պնդումներն ու մոտեցումները, ավելի ճիշտ՝ մերժել դրանք։

 

  1. Տասնամյակներ ի վեր այդ մարդկանց նպատակն է եղել ամեն կերպ արգելակել իր հարեւանների հետ հարաբերությունները բնականոն հունի մեջ դնելուն ուղղված՝ Հայաստանի որեւէ իշխանության քաղաքականությունը եւ, հետեւաբար, ժողովրդին հնարավորություն տալու, որ իր կյանքը խաղաղեցնի, իր կյանքը բարելավելով զբաղվի։

 

  1. Այլ խոսքով, գործ ունենք վախի վաճառականների հետ, որոնք առնվազն քաղաքականապես օգտվում են կամ հույս ունեն օգտվելու իրավիճակից՝ մշտական վտանգի, պատերազմի ու անխուսափելի ջարդի զգացողությունը պահելով։ Եւ գիտակցաբար, թե ոչ, բարձրացնելու Հայաստանի կախվածության աստիճանը՝ այն երկրներից, որոնք միշտ չէ, որ Հայաստանի շահերը նկատի ունեն։

 

  1. Ինչպես հստակորեն պնդել եմ իմ գրքերում, հոդվածներում ու այլ առիթներով, վտանգի զգացողությունը կարեւոր է, եթե ոչ՝ կենսական։ Սակայն նույնքան կարեւոր է եւ կենսական՝ առարկայականորեն վերլուծել այդ վտանգի իսկական բնույթն ու աստիճանը, ճիշտ գնահատել եւ գտնել այն նվազեցնելու ռազմավարությունը, որն անպայմանորեն պետք է իր մեջ ներառի դիվանագիտությունը:

 

Վտանգի զգացողության արտահայտություն չէ՛ պնդելը, որ թուրքն առաջին իսկ առիթով գալու է մեզ նորից ցեղասպանության ենթարկելու։ Բազմահազար թրքահայեր եւ տասնյակ հազարավոր Հայաստանից մեկնած հայեր ապրել են եւ այսօր ապրում են Թուրքիայում ու չեն ջարդվել։ Մարդիկ «ցեղասպանություն» բառն օգտագործում եւ վախի դրոշը պարզում են որպես թմրեցուցիչ՝ պատմագիտական կամ քաղաքական որեւէ լուրջ քննարկման առաջն առնելու համար։

Երբ վերջերս ինձ տրված հարցին, թե արդյո՞ք Թուրքիան ու Ադրբեջանը Հայաստանի համար վտանգ են ներկայացնում, պատասխանել եմ՝ «Ոչ», նկատի եմ ունեցել վտանգի այն սահմանումը, որն ինձ հարց ուղղողներն ու իրենց ուղարկողները նկատի ունեն որպես վտանգ. այսինքն, որ «թուրքը» առաջին իսկ առիթով գալու ու ջարդելու է մեզ։ Վտանգներ, անշուշտ, կան. թղթակցի այդ հարցին, վստահաբար, պետք է ավելի լայն, պարզաբանող պատասխան տայի, դա էլ է ճիշտ։ Իսկ մյուս կողմից՝ այդ մասին այնքան եմ գրել ու խոսել: (Տե՛ս, օրինակ, 2016 թ. փետրվարի 15-ին «Առաջին լրատվական»-ին տված հարցազրույցում արտահայտած իմ կարծիքը. «Ի տարբերություն ուրիշների, ես նոր ցեղասպանություն չեմ ակնկալում»։)

Եւ իմ՝ ոչ ամբողջական պատասխանը չի փոխում այն, որ որոշ ուժերի անհրաժեշտ է վտանգը բացարձակացնել ու ցեղասպանության ուրվականը ժողովրդի գլխում անդադար պտտեցնել՝ հարեւանների հետ հարաբերությունների կարգավորման ճանապարհն ընդմիշտ փակելու եւ ուրիշի գիրկը նետվելով իշխանության գալու համար։

 

  1. Այդ մարդկանց անհրաժեշտ է, որ քաղաքացին չմտածի, այլ միայն վախենա։ Իսկ որեւէ վերլուծում կամ մոտեցում, որն առաջարկում է ի շահ պետության այդ վախի հետ պատշաճ ու առարկայական կերպով վարվել, վտանգում է այդ քննադատների դիրքն ու քաղաքական շահաբաժինը։

 

Զգացական ու ինքնին վտանգավոր նման մոտեցումն իր ուժը կորցնում է, անշուշտ, երբ ենթարկվում է պատմագիտական, քաղաքական լուրջ վերլուծումների։ Իսկ այդ մարդիկ ամեն վերլուծության համար իրենց մոգական պայուսակի մեջ ունեն մեկ պատասխան. «Հապա ցեղասպանությո՞ւնը։» Ակնկալում են, որ այդ բառի դիմաց պետք է առկախենք ամեն տրամաբանություն, քննարկում եւ ամեն դատողություն։

 

  1. Քննադատների համար տխուր իրականություններ ընդունելն ու արտահայտելը խնդիրներ են առաջացնում։ Իրատեսությունը համարում են «տեսլականների» թշնամի: Նույնիսկ, երբ այդ տեսլականը մեր ժողովրդին եւ պետությանը հասցրել է քաղաքական ամլության ու աղետների։ Իսկ ճշմարտություններն առաջ քաշելը նկատվել է որպես վնասակար ու վտանգավոր։ Նույնիսկ, երբ իրականությունները պարզ են բոլոր պետությունների ու դիտորդների համար։ Միայն մենք ենք, մեր ժողովուրդն է, որ պետք է անտեղյակ լինի այդ ճշմարտություններին։

 

  1. Այդ քննադատներն իմ աշխատանքներից ոչ մեկի վերաբերյալ համապատասխան վերլուծություն չեն արել, դրանց շուրջ այլընտրանքային վերլուծություն չեն ներկայացրել։ Խոսքը վերաբերում է «Հայաստան-Թուրքիա» խորագրով իմ վերջին հատորին, Ղարաբաղյան վերջին պատերազմին առնչվող իմ համահեղինակած Սպիտակ թղթին, հարցազրույցներին եւ այլ նյութերի։ Այնտեղ ընթերցողը կգտնի մեզ հուզող հարցերի համապարփակ ու համակարգային վերլուծություն եւ հիմնավորում՝ զերծ գաղափարախոսական զեղումներից ու քաղաքական նկատառումներից։

Ի վերջո, յուրաքանչյուր քաղաքացի, որն ուզում է մտածել ու գիտակցված եզրակացության հասնել, պետք է ինքն իրեն հարց տա. ովքե՞ր են, որ վտանգ ներկայացրին եւ ներկայացնում են հիմա էլ, ովքե՞ր են այլ պետությունների ջրաղացին ջուր լցնողները: Նրա՞նք, ովքեր իրատեսորեն զգուշացրին պատերազմի անխուսափելիության եւ այդ պատերազմը կորցնելու հավանականության մասին, ովքեր փորձեցին փոխզիջումների հիման վրա, նվազագույն վնասներով հակամարտությունը կարգավորել եւ Արցախն ու Հայաստանը զերծ պահել ավելի մեծ աղետներից։

Թե՞ նրանք, ովքեր գերհայրենասիրական լոզունգներով՝ «ոչ մի թիզական», այսպես կոչված՝ պահանջատիրական, մեզ շրջապատող իրականությունների անտեսմամբ ու ցնորային սցենարներով մեր բախտը պատերազմի՛ եւ ո՛չ խաղաղության հետ կապելով, մեզ տարան այդ պատերազմին՝ անասելի եւ բազմաթիվ առումներով անդառնալի կորուստներ պատճառելով ե՛ւ Հայաստանին, ե՛ւ Արցախին։

Այդ կորուստների համար պատասխանատու՝ Հայաստանի եւ Արցախի ղեկավարների, կուսակցությունների ու մտավորականների հասցեին «լրտես» ու «դավաճան» պիտակները չեմ գործածում։ Ես պատասխանատվությամբ եմ օգտագործում նման բառերը. պատասխանատվություն, որն այդ քննադատները չեն զգում։

Ես չգիտեմ, թե այդ մարդիկ այսօր ինչ խնդիր են լուծում։ Թերեւս իրենց ներսում գիտակցում են վերջին աղետի համար իրենց ունեցած մեղքի բաժինն ու փորձում են դա քողարկել՝ պնդելով իրենց մտայնության իրավացիությունը եւ ուրիշների նկատմամբ կյանքի կոչելով վատագույն պիտակները։ Թերեւս նրանք հույս ունեն, որ իրենց պիտակներով ու հայհոյանքներով կկարողանան արգելակել վերլուծումների ու դատողությունների գործընթացը Հայաստանում, Արցախում, թե Սփյուռքում։ Կարող են նաեւ այլ խնդիրներ ունենալ, չգիտեմ։

Գիտեմ, որ կարեւոր խնդիրների առողջ հասարակական քննարկման դեմ ներկայումս մի մթնոլորտ է ստեղծվել թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում եւ թե՛ Սփյուռքում, եւ դրանում տիրապետում է մտավոր տեռորիզմը։ Այդ երեւույթի ստեղծած վախը դժվարացնում է մտավորականների եւ մասնագետների կողմից հիմնախնդիրների ազատ քննարկումը։ Եւ դա ինչ-ինչ կասկածներ է հարուցում, որ մենք որեւէ բան չենք սովորել այդ պատերազմից եւ թերեւս դատապարտված ենք նոր կորուստներ ունենալու։ Ինչպես արդեն գրել եմ՝ երբ անկարելին ենք պահանջում, ոչինչ չենք ստանում եւ նույնիսկ մեր ունեցածն ենք կորցնում։ Ինչպես անցյալում, այնպես էլ ներկայում, իրատեսությունն ու ճշմարտությունը խնամարկողը չէ, որ պետք է պատասխանատու լինի այդ նոր կորուստների համար։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031