Լրահոս
Օրվա լրահոսը

Բագրատ Եսայան. Արամ Հարությունյանը քրեակատարողական հիմնարկում ինքնաբացարկի դիմում է գրել

Դեկտեմբեր 21,2021 20:44

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Վարչական դատարանը երեքշաբթի՝ դեկտեմբերի 21-ին, հրապարակեց «Միասնական Վարդենիս» դաշինքի բողոքի վերաբերյալ որոշումը:

Հիշեցնենք՝ «Միասնական Վարդենիս» դաշինքը վիճարկել էր 21 տարածքային ընտրական հանձնաժողովի որոշումը, քանի որ ըստ իրենց, 6 տեղամասերում դաշինքից 6 քվեաթերթիկ է վերցվել և տրվել Քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը: Այդպիսով՝ ապահովվել է 1 քվեաթերթիկի առավելություն, և ՔՊ-ն ստացել է ևս մեկ մանդատ:

Իսկ դեկտեմբերի 9-ին ձերբակալվել էր «Միասնական Վարդենիս» դաշինքի ցուցակը գլխավորող Արամ Հարությունյանը:

Հայ հեղափոխական դաշնակցության Գերագույն մարմնի անդամ Բագրատ Եսայանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ այսօրվա Հայաստանում դժվար էր սպասել այլ որոշում. «Այն քայլերը, այն հայտարարությունը, որ երկու դաշինքների (նկատի ունի «Միասնական Վարդենիս» և «Ահարոն Խաչատրյան դաշինքները, խմբ.) հաջորդ իսկ օրը Ազգային ժողովում պատգամավորներից մեկը՝ Հայկ Սարգսյանը, հայտարարեց, թե դե կտեսնեք, թե ինչ է լինելու Վարդենիսում, սա շատ սպասելի էր: Սպասելի էր նաև առաջին համարի կալանավորումը, որը ուղղակի ծիծաղելի է և ուղղակի իրավական տգիտության բարձրագույն արտահայտություն է: Երբ որ մարդու նկատմամբ գրավ է կիրառվել, որևէ ձևով գրավի պայմանները չի խախտվել, սակայն քննիչը առանց որևէ հիմնավորման դիմում է դատարան, և միջնորդություն է ներկայացնում փոխել խափանման միջոցը և կիրառել կալանքը՝ որպես խափանման միջոց: Այսինքն՝ որևէ հիմք չունենալով վերացնել նախորդ խափանման միջոցը՝ գրավը, կիրառվում է երկրորդ խափանման միջոցը՝ կալանավորումը: Այս կերպ նրանք մանդատագողությամբ և ուղղակի մարդագողության միջոցով փորձում են փոխել ուժերի հարաբերակցությունը Վարդենիս համայնքում»:

Նրա խոսքով՝ «Միասնական Վարդենիս» և «Ահարոն Խաչատրյան» դաշինքների որոշումը հստակ է. Թույլ չեն տալու, որ Քաղաքացիական պայմանագիրը ընտրվի. «Այսօր արդեն քրեակատարողական հիմնարկում Արամ Հարությունյանը ինքնաբացարկի դիմում է գրել, և հանձնել է դիմումը քրեակատարողական հիմնարկի ղեկավարությանը, ինչպես կարգն է»:

Բագրատ Եսայանը նշեց, որ վաղը մանդատների բաշխում է իրականացվելու, և Արամ Հարությունյանի դիմումը պետք  է քննարկվի, և Արամ Հարությունյանի մանդատը պետք է անցնի «Միասնական Վարդենիս» դաշինքի հաջորդ համարին, և վերականգնվի մանդատների 14-13 հարաբերակցությունը. «Նրանք հույս ունեին, որ ձայները կբաշխվեին 13-13 և 3-րդ քվեարկությունից հետո տարիքով ավելի ավագը, որը ՔՊ-ի ներկայացուցիչն է, կտրվեր համայնքապետ: Բայց նկատի չեն ունեցել, որ օրենքը բազմաթիվ հնարավորություններ է տալիս ընդդիմադիր երկու դաշինքներին՝ սկսած նիստը բոյկոտելուց և նիստը տապալելուց: Երկրորդ քայլը՝ ինչը, որ եղավ Վեդիում, երկու դաշինքները իրավունք ունեն և հնարավորություն ունեն ամբողջ կազմով մանդատները վայր դնել և գնալ նոր ընտրությունների: Երրորդ տարբերակ՝ այն, ինչ որ մենք ընտրել ենք, իրավական ճանապարհն է, և մենք չենք ուզում այս ակնհայտ հաղթանակը զիջել զոռբա ՔՊ-ականների վարչախմբին: Եվ այս ինքնաբացարկի դիմումով Արամ Հարությունյանը ուղղակի քաղաքական քայլ արեց, և շախն ու մատը միասին արեց»:

Նա կարծում է, որ մանդատների այսպիսի հարաբերակցությամբ, երբ «Միասնական Վարդենիս» և «Ահարոն Խաչատրյան» դաշինքները ունեն 14 մանդատ, իսկ Քաղաքացիական պայմանագիրը՝ 13, առնվազն չի ընտրվի Քաղաքացիական պայմանագրի թեկնածուն. «Ես վստահ եմ, որ որպես համայնքապետ կընտրվի երկու ընդդիմադիր դաշինքների ներկայացուցիչը»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031