Ծանրամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանն այսօր ամփոփել է մրցաշրջան 2021-ի արդյունքները եւ մասնավորապես խոսել օրերս Տաշքենդում կայացած աշխարհի առաջնության մասին:
Նա հայտարարեց, որ ծանրամարտը նվաճած մեդալների քանակով այս տարի էլ առաջատարն է երկրում՝ նշելով, որ օլիմպիական խաղերում, աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում ընդհանուր առմամբ նվաճված 185 մեդալներից 97-ը Հայաստանին բերել են ծանրորդները: «Այստեղից գալիս է հարցը, թե ի՞նչ գնահատական տալ ֆեդերացիայի աշխատանքին՝ դրակա՞ն, թե՞ բացասական: Տարվա ընթացքում ոսկե մեդալների քանակը 38 է, որից 28-ը՝ երկամարտի գումարով: Այսինքն, 28 անգամ այլ պետություններին պարտադրել ենք ոտքի կանգնել, նայել մեր դրոշին եւ լսել Հայաստանի օրհներգը: Սրան ավելացնենք 32 արծաթե եւ 27 բրոնզե մեդալները»,-ներկայացրեց Փաշիկ Ալավերդյանը եւ անդրադարձավ Տաշքենդում կայացած աշխարհի առաջնությանը, որտեղ ակնկալվող արդյունքները չեղան:
«Երբեմն ասում են՝ դու մեղավոր չես, շատ բանի ես սովորեցրել: Ճիշտ են ասում: Ես ինչի՞ եմ մի մրցումից բերել երկու չեմպիոն, երկու 2-րդ, մեկ 3-րդ տեղ, որ հիմա մեկ 2-րդ, երկու 3-րդ եւ առանձին վարժությունից չեմպիոնը համարում եք ձախողում: Պետք է աշխատանքը ճիշտ գնահատել: Եթե ձեռք է տալիս, ես կարող եմ մեծ հաճույքով գնալ թոշակի, եթե ձեռք չի տալիս, ասեք սխալները որն են, ես էլ ուղղեմ»,-ասաց Փաշիկ Ալավերդյանը: Իսկ հետո նա ներկայացրեց Տաշքենդում մի քանի ծանրորդների, որոնց մասնակցությունը համարվում է անբավարար, ցույց տված արդյունքները, որոնք համեմատած Եվրոպայի առաջնության հետ աճել են:
Փաշիկ Ալավերդյանը ասաց, որ հնարավորությունից ցածր հանդես են եկել աղջիկները, եւ միտք կա, որ կանանց մեծահասակների առանձին թիմ չպահվի, այլ ինչպես մի քանի այլ երկրներում է ընդունված, տղամարդկանց տարբեր տարիքային թիմերի մարզվեն եւ մասնակցեն մրցումների:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ