Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նոր նշանակում՝ աղմկոտ քրեական պատմության մեջ հայտնված Գյումրու պոլիկլինիկայում

Դեկտեմբեր 21,2021 20:03

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի դեկտեմբերի 14-ի որոշմամբ Գյումրու «Վ․ Աբաջյանի անվան ընտանեկան բժշկության կենտրոն» ՓԲԸ -ի տնօրեն է նշանակվել Կարեն Թորոսյանը։ Կարեն Թորոսյանը Գյումրու հարգված բժիշկներից մեկի՝ «Շտապօգնություն» ՓԲԸ-ի  հանգուցյալ տնօրեն Ռոբերտ Թորոսյանի որդին է։

Ի դեպ, նա ևս մասնակցում էր Գյումրու ՏԻՄ ընտրություններին․ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու թեկնածուների ցանկում էր։

Կարեն Թորոսյանն Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ մասնագիտությամբ տնտեսագետ է, մենք նրանից հետաքրքրվեցինք՝  այդ դեպքում ինչպե՞ս պետք է գլխավորի բժշկական հիմնարկը՝ չլինելով բժիշկ։

Կարեն Թորոսյանը տեղեկացրեց, որ որպես կազմակերպիչ-տնտեսագետ՝  17 տարի աշխատել է  բուժհիմնարկներում․  սկզբում աշխատել  է տուբդիսպանսերում, այնուհետ նախկին «Կարմիր Խաչի»  անվան պոլիկլինիկայում՝  ներկայիս Գրիգոր Նարեկացու անվան պոլիկլինիկայում։

Մեր դիտարկմանը, թե  բժշկական աշխարհում սովորաբար բուռն քննարկումներ են լինում մասնագիտությամբ ոչ բժշկի նշանակելու շուրջ,  մեր  զրուցակիցն ասաց․ «Ճիշտ եք, լինում են, բայց կազմակերպչի աշխատանքն ավելի շատ ֆինանսիստ կամ աուդիտ մասնագիտության տեր մարդկանց է պահանջում։ Կառավարության որոշմամբ էլ  չի պարտադրվում մասնագիտությամբ բժիշկ լինելը, պահանջվում է բարձրագույն կրթություն, մասնագիտական ստաժ»։

Հիշեցնենք, որ այս պոլիկլինիկան մամուլի ուշադրության կենտրոնում հայտնվեց ԱԱԾ-ի բացահայտումներից հետո առ այն, որ «Քովիդ 19-ի» դեմ պատվաստումներ չեն կատարվել, սակայն բնակիչներին հատկացվել էին պատվաստման վկայականներ։

ԱԱԾ-ի պաշտոնական հաղորդագրության համաձայն․ «Շիրակի մարզպետարանի ենթակայությամբ գործող «Գյումրիի Վ.Աբաջյանի անվան ընտանեկան բժշկության կենտրոն» պոլիկլինիկա ՓԲ ընկերության մի խումբ բուժաշխատակիցներ, շահադիտական շահագրգռվածությունից ելնելով, իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ են օգտագործել, այն է՝ 2021 թվականի ապրիլ ամսից մինչև օրս ընկած ժամանակահատվածում նույն բժշկական հաստատությունում փաստաթղթերով ձևակերպված և ինչպես Շիրակի մարզում, այնպես էլ Հայաստանի Հանրապետության այլ տարածքներում բնակվող ավելի քան 700 քաղաքացիների փաստացի չեն պատվաստել սահմանված դեղատեսակներով և դեղաչափերով, փոխարենը` կազմել և հաստատել են կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ ամբողջական պատվաստված լինելը հավաստող, իրականությանը չհամապատասխանող փաստաթղթեր՝ սերտիֆիկատներ, որոնք մուտքագրել են էլեկտրոնային առողջապահության միասնական տեղեկատվական «ԱՐՄԵԴ» համակարգ»:

Ձերբակալվել էին նույն բժշկական հաստատության թվով վեց աշխատակիցներ, որոնք, ըստ քրեական գործի նախաքննության, յուրաքանչյուր քաղաքացուց ստացել են 5.000-10.000-ական ՀՀ դրամի չափով կաշառք, իսկ պատվաստանյութերը ոչնչացվել են:

Ավելի ուշ ձերբակալել էին նաև տնօրենին, դատարանը, սակայն, մերժել էր նրան  նկատմամբ՝ որպես խափանման միջոց կալանավորելը՝  հաշվի առնելով առողջական վիճակն ու տարիքը։

Շիրակի մարզի դատախազ Գուրգեն Գրիգորյանն ասաց, որ դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարը՝ Կարեն Թորոսյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031