Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչական դատարանը մերժեց «Միասնական Վարդենիս»-ի հայցը

Դեկտեմբեր 21,2021 19:44

Վարչական դատարանը երեքշաբթի՝ դեկտեմբերի 21-ին, հրապարակեց «Միասնական Վարդենիս» դաշինքի բողոքի վերաբերյալ որոշումը:

«Միասնական Վարդենիս» դաշինքը վիճարկել էր 21 տարածքային ընտրական հանձնաժողովի որոշումը, քանի որ ըստ իրենց, 6 տեղամասերում դաշինքից 6 քվեաթերթիկ է վերցվել և տրվել Քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը: Այդպիսով՝ ապահովվել է 1 քվեաթերթիկի առավելություն, և ՔՊ-ն ստացել է ևս մեկ մանդատ:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 9-ին ձերբակալվել էր «Միասնական Վարդենիս» դաշինքի ցուցակը գլխավորող Արամ Հարությունյանը:

Վարչական դատարանը մերժեց դաշինքի բողոքը և թիվ 21 տարածքային ընտրական հանձնաժողովի վիճարկվող որոշումը թողնել ուժի մեջ:

Գործով երրորդ կողմ հանդիսացող «Ահարոն Խաչատրյան» դաշինքի ներկայացուցիչ Արթուր Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Քաղաքացիական պայմանագիրը ստացել էր 13 մանդատ, «Ահարոն Խաչատրյան» դաշինքը՝ 10, իսկ «Միասնական Վարդենիս»-ը՝ 4. «Դեկտեմբերի 5-ին արդյունքները այլ կերպ էին դասավորված: «Միասնական Վարդենիս»-ը ուներ 5 մանդատ, իսկ Քաղաքացիական պայմանագիրը՝ 12: Եվ այնպես էր իրավիճակը դարձել, որ քվեարկողների թիվը, որ հաշվում էիր մեկ թվի տարբերությամբ, օրինակ՝ եթե մեկ անձ դեմ քվեարկեր «Միասնական Վարդենիս»-ին կամ մեկ անձ կողմ քվեարկեր Քաղաքացիական պայմանագրին, ըստ բանաձևի, մանդատները բաշխվելու էին այլ կերպ»:

Նա նշեց, որ «Միասնական Վարդենիս» դաշինքը չի բողոքարկել ընտրությունների նախնական արդյունքները, քանի որ կարծում են, որ վերահաշվարկը չի կարող ինքնանպատակ լինել, բողոքարկել է Քաղաքացիական պայմանագիրը. «6 տեղամասերում իրականացնում են վերահաշվարկ: Վերահաշվարկի արդյունքում մի քվեաթերթիկի տարբերությամբ մեկ ձայն ավելացվում է: Այնտեղ կան քվեաթերթիկներ, որոնք ի սկզբանե տեղամասային հանձնաժողովները դիտել են անվավեր՝ քվեաթերթիկներ քվեարկած ՔՊ-ի օգտին, ակնհայտ անվավեր, Ընտրական օրենսգրքի 69-րդ հոդվածին հակասող, բայց վերահաշվարկի արդյունքում տարածքային հանձնաժողովը որոշում է, որ դրանք վավեր են: Առնվազն 4 քվեաթերթիկ այդպիսին էին, նույնիսկ՝ մի քվեաթերթիկը պատռված: Այնքան անվավերությունը ակնհայտ էր, որ տեղամասային հանձնաժողովը նույնիսկ պատռել էր»:

Արթուր Հովհաննիսյանի խոսքով՝ Վարչական դատարանը բավարարել էր իրենց միջնորդությունը, և քվեաթերթիկների փակ պարկերով բերվել էին դատարան, հանվել էին վիճահարույց 19 քվեաթերթիկները, առանձնացվել էին ակնհայտ անվավեր քվեաթերթիկները. «Ես դեռ չգիտեմ, թե դատարանը ինչպես է արդարացնում տարածքային հանձնաժողովի այս քայլը: Զարմանալի է: Դատական իշխանությունը, իմ կարծիքով, իր բարձրունքին չեղավ, չկանգնեց քաղաքացու քվեի կողքին, տեղական ինքնակառավարման մարմինների ձևավորման ժամանակ, փաստորեն, քաղաքացիների կամքը չի իրականացվում, և դատական իշխանությունն էլ իր վճռով չպաշտպանեց քաղաքացուն քվեն: Ցավալի է մի կողմից: Մյուս կողմից ուրախալի է, որ դատավորներից մեկի մոտ, այս գործերը 5 դատավորի կազմով է քննվում, կա հատուկ կարծիք: Ես ենթադրում եմ, որ դա ի օգուտ «Միասնական Վարդենիսի» է: Այսինքն՝ իմ կարծիքով՝ դատարանը կարծել է, որ հայցը ենթակա էր բավարարման, այսինքն՝ մի դատավոր ամեն դեպքում ավելի անկախ է գտնվել և փորձել է ինչ-որ կերպ աջակցել տեղական ինքնակառավարման մարմնի ձևավորմանը, քաղաքացիների սահմանադրական իրավունքների իրականացմանը»:

Դաշինքը այս որոշումը բողոքարկելու հնարավորություն չունի. «Եթե մենք նույնիսկ դիմենք Սահմանադրական դատարան, միևնույնն է՝ արդեն մանդատները վերահաշվարկի արդյունքում ինչպես բաշխվել են կմնան, և տեղական ինքնակառավարումը կձևավորվի այս կերպ»:

Նա նշեց, որ Հայաստանի իշխանությունները ամեն կերպ ճնշում գործադրելով տեղական ինքնակառավարման մարմինների ձևավորման գործընթացում ամեն ինչ անում են, որ կա՛մ անցնի իր թեկնածուն, կա՛մ եթե իր թեկնածուն չի անցել, խոչընդոտել տեղական ինքնակառավարման մարմնի ձևավորման գործընթացը այնպես, որ ոչ իշխանության ներկայացուցիչները չդառնան համայնքի ղեկավար. «Վարդենիսի դեպքում ակնհայտ է այս օրինակը: Ի սկզբանե 10, 5, մյուս կողմից էլ՝ ՔՊ-ն 12, ընդհանուր լինում էր 15 – 12 մանդատ, բավականին լավ բալանսավորված, և «Ահարոն Խաչատրյան» դաշինքը «Միասնական Վարդենիս»-ի հետ ուներ հուշագիր, որ իրենք համատեղ են գործելու, այսինքն՝ կար հստակ 15 մանդատ: Հիմա ի՞նչ են անում իշխանությունները: Ապօրինի վերահաշվարկի արդյունքներով մի ձայն խլում են դաշինքներից, այստեղ դառնում է 14, խլած մանդատը տալիս է ՔՊ-ին, լինում է 14-13: Նորից ոչ իշխանական ուժը ավելի բարձր է, և կարող է համայնքի ղեկավար լինել առաջին հայացքից: Ի՞նչ են անում հաջորդ քայլով: Կալանավորում են «Միասնական Վարդենիս» դաշինքի համար մեկ թեկնածուին, որ նա չկարողանա մասնակցել համայնքի ավագանու առաջին նիստին, և ձայները լինեն 13-13, չընտրվի համայնքի ղեկավար»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031