Ալեն Սիմոնյանն ընդունել է Իլ դը Ֆրանս կենտրոնական շրջանի ղեկավար Վալերի Պեկրեսին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը դեկտեմբերի 21-ին ընդունել է Իլ դը Ֆրանս կենտրոնական շրջանի ղեկավար Վալերի Պեկրեսի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին՝ ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստան այցելությունների թվով Ֆրանսիան բացարձակ առաջատար է, ինչի հիմքում են երկու ժողովուրդների միջեւ դարավոր բարեկամական հարաբերությունները եւ քաղաքական սերտ փոխգործակցությունը:
Ալեն Սիմոնյանը երախտագիտություն է հայտնել Վալերի Պերկեսին նրա գլխավորած Իլ դը Ֆրանս շրջանային խորհրդի՝ Լեռնային Ղարաբաղի ճանաչման վերաբերյալ ընդունած բանաձեւի, ինչպես նաեւ՝ պատերազմի հետեւանքով տեղահանված բնակչության կարիքներին ուղղված 75 հազար եվրո օգնություն հատկացնելու համար:
Կարդացեք նաև
Զրուցակիցները նշել են, որ Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ ապակենտրոնացված համագործակցությունը երկկողմ հարաբերությունների կարեւոր բաղադրիչներից է:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Վալերի Պեկրեսը կարեւորել է Հայաստանի հետ բազմաբեւեռ փոխգործակցությունը: Նրա խոսքով՝ երկու երկրները նույնական համամարդկային արժեքների կրողն են եւ Հայաստանին վերաբերող խնդիրները չեն կարող անտարբեր թողնել Ֆրանսիային:
Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել հետպատերազմյան Արցախում տիրող իրավիճակին, չլուծված հումանիտար խնդիրներին եւ մշակութային ժառանգության պահպանությանն առնչվող հարցերի:
Այս համատեքստում քննարկվել են Ադրբեջանում պահվող հայերի հայրենադարձման առաջնահերթությունները: Վալերի Պեկրեսը կարեւորել է միջազգային հանրության դերը հակամարտության հանգուցալուծման գործընթացում:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ