Այսօր Նոյեմբերյանում նորընտիր ավագանու նիստում կայացած քվեարկությամբ «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածու Արսեն Աղաբաբյանը ստանալով 12 քվե՝ դարձել է համայնքի ղեկավար:
Մեզ հետ զրույցում համայնքի ղեկավար ընտրված Արսեն Աղաբաբյանը նշեց, որ իրենք կոալիցիա չեն կազմել «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցության հետ և նիստում ավագանու անդամների ընտրությունը չի եղել նախապես համաձայնեցված:
Աղաբաբյանի խոսքով՝ իր ընտրությունը եղել է միաժամանակ և՛ սպասելի, և անսպասելի․
«Բոլորն էլ սպասում էին, որ կընտրվեմ, սակայն «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցության հետ նախնական համաձայնություն չի եղել»:
Կարդացեք նաև
Աղաբաբյանը խոսելով Նոյեմբերյան խոշորացված համայնքում որպես ղեկավար իր առաջնային աշխատանքներից՝ նշեց, որ գլխավոր խնդիրն իրենց համար լինելու է անվտանգությունը․ «Մենք միանշանակ նաև կկազմենք 5-ամյա ծրագիր և կաշխատենք ի շահ համայնքի զարգացման: Լավ է լինելու»:
Նշենք, որ «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցությունն այսօրվա ավագանու նիստից հետո հայտարարել էր, որ ավագանու նիստում կայացած ղեկավարի ընտրության Հանուն Հանրապետության խմբակցության քվեարկությունը համաձայնեցված չի եղել կուսակցության Քաղաքական խորհրդի հետ:
Հիշեցնենք, որ Դեկտեմբերի 5-ին կայացած Նոյեմբերյան խոշոր համայնքի ավագանու համամասնական կարգով ընտրություններին մասնակցում էին 3 կուսակցություն՝ «Քաղաքացիական պայմանագիր»-ը, որը գլխավորում էր Նոյեմբերյան համայնքի ղեկավար Կարեն Աբազյանը,«Ապրելու երկիր» կուսակցությունը՝ Կողբ համայնքի նախկին ղեկավար Արսեն Աղաբաբյանի գլխավորությամբ և «Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցությունը՝ գործարար Մհեր Աղամյանի գլխավորությամբ:
Ընտրության արդյունքում ՔՊ-ն ստացել էր ձայների մեծամասնությունը՝ 5710 քվե, որը կուսակցությունը չէր բավարարում ձայների 50 և ավելի ձայների մեծամասնությամբ համայնքի ղեկավար դառնալու համար, «Ապրելու երկիր» կուսակցությունը ստացել էր 3856 քվե, իսկ «Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցությունը 3480 քվե:
Ընտրություններից հետո «Ապրելու երկիր» կուսակցությունն ու «Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցությունները հայտարարել էին, որ իրենք պատրաստվում են կոալիցիա կազմել և պնդում էին, որ չեն պատրաստվում համագործակցել ձայների մեծամասնությունը ստացած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ:
Սաթենիկ ՀՈՎՍԵՓՅԱՆ