Հայ-ռուսական փոխգործակցության շրջանակներում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է ռուսաստանյան մի շարք օժանդակ տեխնոլոգիաների արտադրությամբ զբաղվող ընկերությունների ղեկավարների և ներկայացուցիչների: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում Ռուսաստանի Դաշնության առևտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկոն:
Հյուրերը ներկայացրել են տեխնոլոգիաների արտադրությամբ զբաղվող իրենց ընկերությունների աշխատանքը, մասնավորապես` տարբեր երկրներում գրանցած օրթեզավորման և պրոթեզավորման ծառայությունների հաջողությունները, անդրադարձել առողջապահական ոլորտում հեռանկարային ուղղություններով փոխգործակցության զարգացման առաջարկներին:
«Սերտ համագործակցությունը հնարավորություն կտա խորացնելու հայ-ռուսական երկկողմ հարաբերությունները նոր տեխնոլոգիաների և նոր գաղափարների շուրջ, որոնք նախադրյալներ կստեղծեն առաջիկայում առողջապահական համակարգում լուրջ հաջողությունների հասնելու համար»,- նշել է Անահիտ Ավանեսյանը:
Երկկողմ պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում ավելի մանրամասն քննարկել նոր տեխնոլոգիաների կիրառմամբ փոխշահավետ ծրագրերի իրականացման ուղղությամբ համագործակցության շրջանակը, այդ թվում` փոխայցերի կազմակերպմամբ, որը կխթանի առողջապահական համակարգի գործունեության բարելավմանն ու արդյունավետության բարձրացմանը:
Կարդացեք նաև
ՀՀ առողջապահության նախարարություն