Լրահոս
Օրվա լրահոսը

«Զինված ներխուժել են Գառնիկ Իսագուլյանի տուն, կինն ուշագնաց է եղել». Աննա Ծառուկյան

Դեկտեմբեր 21,2021 17:44

«Մտել են տուն՝ զինված, Գառնիկ Իսագուլյանի կինը վատացել է, ուշագնաց է եղել, նույնիսկ իրենք են շտապ բուժօգնություն կանչել»,- Aravot.am հետ զրույցում ասաց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի պաշտպան Աննա Ծառուկյանը:

Երբ պաշտպանը փորձել է հասկանալ, թե ինչո՞ւ են այդ կերպ ներխուժել Գառնիկ Իսագուլյանի բնակարան, քննիչը պատասխանել է՝ հանրության համար վտանգավոր արարք է կատարել: «Սուտ մատնությունն այնպիսի արարք է, որ կարելի է այնպես մտնել, որ կինը վատանա»,- ասաց Աննա Ծառուկյանը:

Հիշեցնենք, ՔԿ-ում քննվող քրեական գործի շրջանակներում Գառնիկ Իսագուլյանը ներգրավվել է որպես մեղադրյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ սուտ մատնություն կատարելու հատկանիշներով, որը զուգորդվել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրելով: Նա այսօր ձերբակալվել է: Այս մեղադրանքով Գառնիկ Իսագուլյանին հինգ տարի ազատազրկում է սպառնում:

Գառնիկ Իսագուլյանն առաջին ատյանի դատարանում արդեն ունի ստորագրություն՝ չհեռանալու մասին: Պաշտպանն ասում է՝ միշտ կանչել են դատարան՝ ներկայացել է, ուստի այժմ տարօրինակ է նման խափանման միջոցի կիրառումը:

Աննա Ծառուկյան

Աննա Ծառուկյանն այս գործում ուշադրության արժանի ամենակարեւոր հանգամանքն այն է համարում, որ ձերբակալության որոշումը կայացրել է Քննչական կոմիտեն, որի նախագահն է Արգիշտի Քյարամյանը: Վերջինիս հետ Գառնիկ Իսագուլյանն արդեն դատական գործընթացի մեջ է: Հիշեցնենք՝ Գառնիկ Իսագուլյանի կողմից արված մեկ այլ հայտարարության՝ Արգիշտի Քյարամյանի կողմից ադրբեջանցիներին հայկական անձնագրեր բաժանելու վերաբերյալ հարուցված եւ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում գտնվող քրեական գործ կա: Այդ գործի շրջանակներում Գառնիկ Իսագուլյանը մեղադրվում է կրկին սուտ մատնություն կատարելու մեջ։

Պաշտպանի հավաստմամբ, անձնական թշնամություն կա՝ Արգիշտի Քյարամյանի կողմից ԱԱԾ համակարգից Գառնիկ Իսագուլյանի որդուն հեռացնելու հետ կապված: Գառնիկ Իսագուլյանը հայտարարել է այդ մասին: Պաշտպանը տեղեկացրեց, որ անվստահություն են հայտնել կառույցին, քանի որ գտնում են, որ այս հանգամանքների առկայության պարագայում ՔԿ-ն չի կարող օբյեկտիվ քննություն իրականացնել:

Նաեւ գրավ կիրառելու միջնորդություն են ներկայացրել:

«Եթե հիմա որոշվեց, որ այս կառույցը պատշաճ մարմին չէ, կարծում եմ, գրավը կկիրառեն: Այլապես՝ կգնանք դատարան»,- ասաց Աննա Ծառուկյանը:

Գառնիկ Իսագուլյանի ձերբակալման գործը վերաբերվում է Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ, այժմ՝ Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանի՝ թուրքական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված լինելու մասին արված հայտարարություններին։ Դրանք արվել են 2021 թվականի սեպտեմբերի 21-ին: Պաշտպանը նկատում է, որ Գառնիկ Իսագուլյանն իր հայտարարությունները պայմանավորել է լրատվամիջոցներում արդեն առկա փաստերի հիման վրա, որոնք նախկինում չեն վիճարկվել:

Աննա Ծառուկյանն ասաց, որ Գառնիկ Իսագուլյանն իրեն մեղավոր չի ճանաչում, բայց հրաժարվել է ցուցմունք տալուց, քանի որ չի վստահում ՔԿ-ին։

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031