ՀՀ վաստակավոր մարզիչ, խոտի հոկեյի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ, Գյումրիում «Սպորտ սիթի»-ի շինարարության նախաձեռնող Հրանտ Պետրոսյանն այսօր «Սպուտնիկ Արմենիա»-ի մամլո սրահում հանդես եկավ մամուլի ասուլիսով։
Հարցին՝ ապագա ունի՞ արդյոք խոտի հոկեյը Հայաստանում, բանախոսը պատասխանեց․ «Ոչ միայն խոտի հոկեյը չունի, այլ մնացած տեսակները ևս, որովհետև նման մոտեցմամբ դժվար թե ապագա ունենան։ Մեր երեխաները լրիվ դատապարտված են, ոչ միայն հիմա, այլ ընդհանրապես։ Ես Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան վերադարձա մեղքի զգացումով ՝ մտածելով, որ կարող եմ ինչ-որ բան անել։ Մոտ 20-25 տարի Գյումրիի «Սպորտ Սիթի»-ի ծրագրով եմ, որ կարողանամ մի բան անել, ինչ-որ բան ստեղծենք։
Հանդիպել եմ բոլորի հետ, մի 4-5 գուբերնատորի, մի էդքան էլ քաղաքապետերի հետ, ոչ մեկին չի հետաքրքրել։
Անընդհատ եկել, ծրագիրը ներկայացրել եմ, բայց ընդհանրապես չի հետաքրքրել, քանի որ մեր կառավարության համար մեր երեխեքը որպես ռեսուրս օգտագործելու, վերջում էլ Եռաբլուր տանելու համար են։
Կարդացեք նաև
Հարցն այն է, որ 2 տարի է ՝ վաճառելով իմ ունեցածը՝ տուն, տեղ, ամեն ինչը, սկսեցի «Սպորտ Սիթի»-ի կառուցումը, իհարկե, մեծ համալիր է․ 6 հեկտար հողի վրա ամեն հնարավորությունը կա՝ բացի հոկեյից, աղջիկների ֆուտբոլ, ռեգբի, լաքրոս։ Հիմնական նպատակն այն է, որ պատրաստենք պրոֆեսիոնալ երեխեք։
Բացի դրանից, եթե հարցնեն՝ Գյումրին ի՞նչ կարող է լավ արտադրել, կարելի է ասել՝ սպորտսմեն, բայց ոչ անհատական ձևեր՝ բոքս, «բարբա, շտանգա», որոնք միայն մեդալ կբերեն, այլ ֆուտբոլ, հոկեյ, որոնք կոմերցիոն ձևեր են։ Ու մենք կարող ենք այդ արտադրանքը տալ, բացի դրանից, շնորհիվ դրա մեր երեխեքը կարող են հայտնվել աշխարհի լավ խմբերում, թիմերում»։
Նա նշեց, որ այս հարցով դիմել է նաև Օլիմպիական կոմիտե, սակայն այստեղ ժամանակ չունեն լսելու։
«Օլիմպիական կոմիտեն կա, որոնք իրենք իրենց համար են, իրենք «պառադ» կերթան, դրոշակ թափ կուտան։ Դու իրենց համար չկաս, իրենց հետաքրքիր չէ։ Ամենահետաքրքիրն էն է, որ Գյումրիում սկսել են Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցի շինարարությունը, 120 միլիոնանոց ծրագիր, առավելագույնը 1000-2000 երեխա պիտի փողոցից կտրի, բայց 1000-ից ավել երեխեք մենք ենք կտրելու, ոչ մի օգնություն։
Ընդհակառակը պետական բոլոր օրգանները, ինչ եկել եմ, ասում են՝ էս մուծի, էն մուծի, երևի մեկ միլիոնի չափ շտրաֆ եմ մուծել։ Ասենք մեր պետությունը կոլեկտիվ Սաշիկն է, որ կուգա էսպես բան պիտի տաս ու անընդհատ քեզ կբացատրեն, որ մեղավոր ես։ Դու անընդհատ իրենց կդիմես, որ անես ինչ-որ բան, իրենք չգիտեն, քոնն էլ սխալ է»։
Հրանտ Պետրոսյանը նաև նկատում է, որ Հայաստանում վերջին բոլոր մրցումները հուշամրցաշար են, քանի որ մեր երկրում «մեռելի կուռք է»։
«Շենքերի հայաթները խաչքար, նկարներ, էն տպավորությունն է, որ սաղ Հայաստանը գուզեն գերեզման դարձնել, մենք էլ տխուր, լացակումած։ Հենց մեր հիմնն է էդպես, երանի՝ ով որ կզոհվի։ Մեր կառավարության, ոչ միայն այս կառավարության հիմնական նպատակը մեր էրեխեքին Եռաբլուր տանելն է»։
Մարզիչն ասում է՝ հրաշալի սերունդ ունենք, իսկ Գյումրին ֆենոմենալ քաղաք է։
«Եթե երաժշտության հետ համեմատենք՝ սպորտի Մոցարտներ ու Բեթհովեններ է տվել, դուք մինչև օրս չեք տեսնի Յուրի Վարդանյանի ժպիտը, Էմմիյանի թռիչքը, Նազիկի «շպագատը»։ Էն օրը Գյումրու սպորտային շենքերը գնացի, չեք պատկերացնի՝ ինչ խայտառակություն է , ինչ քարե դար, մտեք, դահլիճները լացելու են։
Գյումրու «բասեինը» տեսեք, էնտեղ միայն կարելի է գորտ պահել, նույն «շտանգի» դահլիճը, ու հարցն է , որ գալիս են Երևանից՝ ասելով հալալ է ձեզ, կուտ տալով, գնում են, բայց իրականում լեննագանցիք թասիբով չեն, շառ է հանած վրեքը: Սևան լավ ձուկ կաճի, Հոկտեմբերյան՝ լավ միրգ, Գյումրիում էլ չեմպիոն կաճի, հիմա ինչից է, ես կասեի՝ ջրից է։
Բերեք էդ արտադրանքը տանք, դա՛ է ասածս, վերջը թող պետություն-անհատ փոխհարաբերություն լինի, չկա փոխհարաբերակցություն, լրիվ անկապ, նախ բոլորը չեն գիտակցում, թե ինչ է պետությունը։
Պետությունն այն է, որ մարդիկ հարկեր են տալիս, վարձակալում են մենեջերներ, որոնք ծառայում են մեզ, բայց իրենք շախմատի ձիու պոզայով են։ Ես սեպտեմբերի 19-ին բացում եմ արել, մինչև հիմա գազի հարց չեմ կարող լուծել, լույսի հարցը՝ նույնպես։
Պիտի գա, ֆռռա, հազար հոգի, Լեննագանում տեղի սրբերն են, աստվածները Երևանում են, իրենք էլ իրենց ձագերն ունեն և այլն։ Պատկերացրեք, դուք շուն ունեք, ինչ ձևի ուզում ես՝ կերակրի, բայց եթե իր վրա հազար ոջիլ կա, հազար հոգի , էդ ոջիլներին հազիվ էլ կերակրես։ Ու հարցը էնպես է արած, որ մարդու համար չէ։
Գյումրիում խայտառակություն է, մեր իրականությունը լացելու է երեխեքի համար, խաղահրապարակ չկա, տեղ չկա։ Հեռուստատեսությունով պիտի տեսնես, թե Երևանի երեխեքը ինչ լավ են խաղում, ինչ են անում»։
Նա նշեց, որ պիտի վերականգնեն գյումրեցու դուխը, հոգին, միայն ասֆալտ անելով չէ։
«Հարցն էն է, որ ստեղծողները Լեննագանից գնացին, իրենցից բան ներկայացնողները եկան Երևան: Լեննագանում հիմնականում մնացել են նպաստառուները, լույսի պես հպարտ ժողովրդին որ ստորացրեցիք, ողորմելի դարձրեցիք, դրա լավը ո՞րն է, ես չեմ հասկանում»։
Բանախոսը նորից կրկնեց, որ մենք հրաշալի սերունդ ունենք, ու կառավարությունը պարտավոր է նրանց մասին մտածել։
«Եթե կառավարության համար մեր սերունդը մատաղի մատերիալ է, որ հետո Եռաբլուր տանեն, ես իրենց հետ համաձայն չեմ։ Գնացեք Լեննագանի օդանավակայան՝ մանուկն օրորոցով կերթա, երեխեքին տանում, ռուսական քաղաքացիություն են ձևակերպում, թողած կերթանք՝ էս հրաշք տեղը։ Անկեղծ ասում եմ՝ ամբողջ աշխարհ ման եմ եկել՝ աֆրիկաներով, եվրոպաներով, էսպիսի օդ ու ջուր չկա ոչ մի տեղ, բայց դատապարտված ենք, մարդիկ իրենք չգիտեն, քեզ էլ չեն թողնում, որ անես»,- ասաց Հրանտ Պետրոսյանը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ