Այսօր լրագրողների հետ զրույցում ՔՊ պատգամավոր, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի անդամ Գագիկ Մելքոնյանը դիմեց Ալիեւին եւ ադրբեջանցի ժողովրդին՝ հորդորելով իրենց նախագահից պահանջել 1994-ին մեր տարածքներում թողած իրենց դիակները. «Ադրբեջանցիները ցույց են տալիս, թե պատերազմում հաղթել են: Մեր կառավարությունն ամեն ինչ անում է, որ վերադարձնենք թե՛ գերիներին, թե՛ մեր դիակները: Չենք դադարել մտածել մեր գերիների, մեր անհայտ կորածների մասին: Ուզում եմ հարց տամ պարոն Ալիեւին ու ադրբեջանական ժողովրդին: 94-ի գարնանը՝ պատերազմի արդեն վերջին ժամանակաշրջանում իրենք տասնյակ, հարյուրավոր զոհեր թողեցին ու փախան: Մենք այդ հարյուրավոր զոհերի դիակները թաղել ենք: Եթե հանկարծակի հետաքրքրվում է, հերոս նախագահ է, թող ասի՝ այդ դիակները ուզում եմ վերադարձնել իմ ժողովրդին: Եթե իրենք ցանկություն կունենան վերադարձնել, ես այդ թաղած տեղերը հատ-հատ քարտեզով ցույց կտամ, թե որտեղ ենք թաղել հարյուրավոր զոհերը: Կտանք, թող իրենք տանեն իրենց զոհերը վերահուղարկավորեն: 94-ին իրենք հազարներով դիակներ թողեցին ու փախան, իսկ մենք այդ դիակները կարողացանք հավաքել, մոտ երկու ամիս այդ դիակները հավաքել ենք ու կազմակերպել հուղարկավորությունը: Թող Ալիեւը հիշի, որ միջազգային կառույցների միջոցով մենք մեր մոտից գերիների հետ էինք տալիս: Երբ մենք գերիներին 94-ին տալիս էինք իրենց, գերիները չէին գնում, գնում էին ուրիշ երկիր ապրելու: Խնդրում էին մեր իշխանություններից, որ գնան ուրիշ երկիր»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ