Լրահոս
Օրվա լրահոսը

«Դուք կասկածո՞ւմ եք իմ պատրաստակամության վրա: Մի՛ կասկածեք». Անդրանիկ Քոչարյանը՝ Ստամբուլի չվերթից օգտվելու մասին

Դեկտեմբեր 21,2021 15:58

Ինչի՞ դիմաց եւ ինչո՞ւ վերադարձվեցին ադրբեջանցի երկու գերիները, արդյոք պայմանավորվածություն կա՞, որ Ադրբեջանում գտնվող հայ գերիները վերադարձվելու են: Այսօր ԱԺ պաշտպանության եւ անվտանգություն հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն այս հարցերին ի պատասխան ասաց. «No comment»: Հարցին՝ ինչի՞ դիմաց է հայկական կողմը համաձայնել այդքան արագ վերադարձնել ադրբեջանցի գերիներին, երբ մեր գերիները չեն վերադարձվում՝ Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց. «Մի շահարկեք, անպայման ձեզ համար տեսանելի կդառնա: Ի՞նչ գիտեք՝ ինչ է ստացվել, այդ հարցերը մի շահարկեք»:

Երեկ «Հայաստան» խմբակցության պատգամավորները ներկայացրեցին, թե ինչպես է Գորիս-Կապան ճանապարհահատվածի մի մասը գրավոր փաստաթղթով հանձնվել Ադրբեջանին: Աննա Գրիգորյանն ու Գեղամ Մանուկյանը ցույց տվեցին գրավոր փաստաթղթերի մի ամբողջ տրցակ՝ բացահայտելով դեպքերի ժամանակագրությունը ու ամբողջացնելով Սյունիքում կատարվածը: Անդրանիկ Քոչարյանը այս առնչությամբ պատասխանեց, թե ՀՀ վարչապետն արդեն ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ տվել է այդ հարցի պատասխանը:

Հայ-թուրքական երկխոսության հետ կապված այն քննադատության առնչությամբ, որ հայկական կողմի բանագնացը անփորձ է, երիտասարդ է՝ Անդրանիկ Քոչարյանն ասաց. «Ռուբեն Ռուբինյանը ունի նաեւ առավելություններ, դուք նշեցիք միայն մեկը՝ տարիքը, բայց Ռուբինյանը ԱԺ փոխնախագահն է, դրանից առաջ եղել է ԱԳ փոխնախարար եւ խնդիրը միայն Ռուբինյանը չի: Ռուբինյանը կունենա նաեւ շատ ներկայանալի աշխատակազմ՝ այս հարցերի շուրջ բանակցելու համար»:

Նրա խոսքով՝ եթե մեր բանագնացը լիներ ավելի շատ փորձ ունեցող մեկը, էլի լրագրողները հարցնելու էին՝ իսկ ավելի լավը չկա՞ր:

Հարցին՝ Թուրքիայի արտգործնախարարն ասաց, որ արդեն կարող են նաեւ չարտերային չվերթները բացվել, պատրա՞ստ եք դուք գնալ Ստամբուլ, վերադառնալ, այդ հարաբերությունների հաստատումը ձեզ համար ընդունելի՞ է՝ Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց. «Դուք կասկածո՞ւմ եք իմ պատրաստակամության վրա: Մի՛ կասկածեք: Իմ կենսագրությունը լուրջ կարդաք, կհասկանաք, որ կան պաշտոնյաներ, որեւէ վտանգի առաջ իրենց պաշտոնավարման ընթացքում կանգ չեն առել: Այդ հարցը տվեք ձեր այդ հարցը պատրաստողներին՝ պատրա՞ստ են մեր երկրում խառնակչություն քիչ անել»:

Նա ասաց, որ «պրոցես» է գնում Թուրքիայի հետ, որը միտված հրադադարի պահպանման՝ առանց մեր ինքնիշխանության եւ շահերի կորստի:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031