Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ՍԴ որոշումը կտրեցիք համատեքստից․ չի կարելի»․ դատախազը՝ Արմեն Գեւորգյանին

Դեկտեմբեր 21,2021 15:33

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի գործով հերթական դատական նիստում այսօր Արմեն Գեւորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանը դատարանին միջնորդեց Արմեն Գեւորգյանին թույլատրել երկրից բացակայել, որ վերջինս մասնակցի հունվարին կայանալիք ԵԽԽՎ նիստին։ Մինչեւ բուն միջնորդության ներկայացումը՝ Լուսինե Սահակյանը նախ հիշեցրեց, որ դեկտեմբերի 14-ին կայացել է ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի նիստ, որին պետք է մասնակցեր նաեւ Արմեն Գեւորգյանը, ուստի դատարանին ներկայացվել էր միջնորդություն՝ նախորդ երեքշաբթի օրվա նիստը հետաձգելու եւ նիստին առցանց մասնակցելու հնարավորություն տալու համար։

Սահակյանը հիշեցրեց, որ նիստը կայացավ, բայց հետաձգվեց այլ պատճառով, ուստի Արմեն Գեւորգյանն ուշացած է միացել Հայաստանին վերաբերող զեկույցի առցանց քննարկմանը։ Արմեն Գեւորգյանն այս առիթով ասաց․ «Իմ ներկայանալը բավականին ուշացած էր, որովհետեւ Հայաստանի զեկույցն արդեն քննարկվում էր, եւ ես կորցրել էի իմ դիտարկումները որպես ընդդիմության ներկայացուցիչ ներկայացնելու հնարավորությունը։ Այդպես էլ հնարավորություն չունեցա ներկայացնել ընդդիմության դիրքորոշումը։ Ստացվեց, որ իմ պարտականությունները որպես ընդդիմության ներկայացուցիչ տապալվեցին»։

Լուսինե Սահակյանը շարունակեց․ «Արդեն որերորդ անգամ ստացվում է, որ դատարանն ուղղակի միջամտություն է արել Արմեն Գեւորգյանի պատգամավորական գործունեությանը, խոչընդոտել ԵԽԽՎ-ում նրա աշխատանքը։ 2022թ․-ի հունվարի 24-28-ը Ստրասբուրգում ԵԽԽՎ հերթական նիստն է լինելու: Հիշեցնեմ, որ նախորդ նիստին դուք թույլ չտվեցիք, որ Արմեն Գեւորգյանը մասնակցի։ Սա արդեն երկրորդ նման փորձն է։ Հուսամ՝ նրան հնարավորություն կտաք իրավիճակը շտկել։ ՍԴ վերջին դիրքորոշման համաձայն՝ դատարանը կամ իրավապահ մարմինները չպետք է խոչընդոտեն պատգամավորի գործունեությանը, անգամ եթե անձը գտնվում է մեղադրյալի կարգավիճակում»։

Սահակյանը շեշտեց, որ հունվարին կայանալիք ԵԽԽՎ նիստում հայաստանյան պատվիրակության անդամ է լինելու նաեւ Արմեն Գեւորգյանը․ «Նա, ԱԺ խորհրդի որոշման համաձայն, ընդգրկված է հայաստանյան պատվիրակության կազմում, որը հունվարին պետք է մեկնի Ստրասբուրգ։ Կոնկրետ Արմեն Գեւորգյանի մասնակցությունը կարեւոր է այնքանով, որքանով որ նա հանդիսանում է ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչ եւ պետք է ներկայացնի ընդդիմության մտահոգություններն ու խնդիրները։ ԵԽԽՎ-ն քաղաքական գործընթացների լուրջ հարթակ է, եւ պատվիրակն առանցքային դեր ունի մարտահրավերների վերաբերյալ ՀՀ-ի դիրքորոշումները ներկայացնելու հարցում։ Նախկինում արդեն իսկ եղել են խոչընդոտներ, եւ Արմեն Գեւորգյանի համար վճարվել է ավիատոմսի արժեք, մինչդեռ դատարանը թույլ չի տվել նրան մեկնել․ պետությունը կրել է մոտ 500 000 դրամի վնաս»։

Մեղադրող-դատախազ Գեւորգ Բաղդասարյանը գործընկեր Պետրոս Պետրոսյանի հետ միասին առարկեց միջնորդության դեմ՝ կարծիք հայտնելով, որ պաշտպանը ՍԴ որոշումը համատեքստից կտրված եւ իրեն ձեռնտու կերպով է մեկնաբանել, եւ որ ՍԴ որոշումը չի վերաբերում Արմեն Գեւորգյանի պատգամավորական գործունեությանը։

Արմեն Գեւորգյանը չհամաձայնեց՝ կարծիք հայտնելով, որ նման խոսքերով դատախազը անհարգալից վերաբերմունք դրսեւորեց, որովհետեւ ԱԺ-ն ամենաներկայացուցչական մարմինն է՝ ձեւավորված ժողովրդի ուղիղ քվեով․ «ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը գրությամբ դիմել է ընդդիմությանը՝ խնդրելով, որ ԵԽԽՎ նիստի համար ընդդիմությունը ներկայացուցչի ընտրի, վերջինս էլ որոշել է, որ ես եմ ներկայացնելու։ Որեւէ մեկը, բացի մեզանից, չի կարող գնահատական տալ այդ որոշմանը։ Իսկ ՍԴ որոշումը, որը մեկնաբանվեց դատախազի կողմից, կոռեկտ եմ փորձում ասել, բայց տարակուսանք է առաջացնում։ Այդ առիթով դատախազության հայտարարությունը եւս անթույլատրելի է եւ անհասկանալի, որովհետեւ դատախազությունն իրավունք չունի մեկնաբանելու բարձրագույն դատական ատյանի որոշումները»։

Արմեն Գեւորգյանի խոսքով՝ մեղադրող կողմը սրանից առաջ մեծ եռանդով պաշտպանում էր 300.1 հոդվածը, որը ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչեց․ «Հիմա դատախազները նորից ՍԴ որոշումը մեկնաբանում են իրենց պատկերացման համաձայն։ ՍԴ որոշման փիլիսոփայությունը, իմ գնահատմամբ, հետեւյալն է՝ պատգամավորի գործառույթները չպետք է խոչընդոտվեն, անգամ եթե պատգամավորը քրեական հետապնդման տակ է։ Ես այս ընթացքում երկու անգամ չեմ մասնակցել ԱԺ նիստերին։ ԱԺ-ում հայտարարությունների ժամը ամեն երեքշաբթի է, բայց այս դատական նիստի պատճառով ես չեմ կարողանում հայտարարություն անել, ստիպված հետո հայտարարությունս տեղադրում եմ «Տելեգրամի» էջում։ Հայկական պատվիրակությունն ինքն է որոշում՝ հիբրիդային տարբերակո՞վ մասնակցել ԵԽԽՎ նիստին, թե ֆիզիկապես։ Եթե պատգամավորը կորոնավիրուսի հետ կապված սահմանափակումներ չունի, մասնակցում է ֆիզիկապես։ Քաղաքական խմբերի նիստերում ես անմիջական շփումներ պետք է ունենամ, մինչդեռ հիբրիդային մասնակցության դեպքում խոսքի իրավունք տրվում է դահլիճում նստածներին միայն»։

Դատախազ Գեւորգ Բաղդասարյանը հարցադրում արեց․ «Ո՞րն էր մեր խոսքն անտրամաբանական որակելու միտումը, երբ մեր հարցադրումը կոնկրետ է։ Ձեր միջնորդության հիմքում դրված է մոտեցում, որ ըստ ՍԴ-ի՝ պատգամավորի գործունեությանն արտաքին միջամտությունն անթույլատրելի է։ Եթե դուք կարծում եք, թե ՍԴ որոշման համաձայն՝ դատական գործընթացն արտաքին միջամտություն է, ապա դա նշանակում է, որ պատգամավորն առհասարակ կարող է նիստին չներկայանալ, որովհետեւ աշխատասենյակում ինչ-որ օրենքի վրա մաքրագիր կամ սեւագիր է անում։ Չի կարելի ՍԴ որոշումն այդպես մեկնաբանել։ Կրկնում եմ՝ ՍԴ որոշումն Արմեն Գեւորգյանին չի վերաբերում»։

Դատավոր Աննա Դանիբեկյանը որոշեց միջնորդության քննարկումը հետաձգել՝ մինչեւ այն պահը, երբ հունվարին կայանալիք ԵԽԽՎ նիստի մասին ԱԺ նախագահությունից կստանան համապատասխան տեղեկատվությունը։

Հիշեցնենք, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է նրանում, որ իր պաշտոնեական դիրքն օգտագործելով «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊԸ միակ մասնակից եւ տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու, այն է՝ այդ ընկերությանը տրամադրված ընդերքի օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության հատուկ լիցենզիաներով ընկերության 100 տոկոս բաժնեմասը ՀՀ-ում ոչ ռեզիդենտ ընկերությանը վաճառելու գործարքին չխոչընդոտելու համար, 2008 թվականի փետրվարին և մայիսին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 927․000․000 ՀՀ դրամին համարժեք 3․000․000 ԱՄՆ դոլար կաշառք։

Իսկ Արմեն Գևորգյանը մեղադրվում է նրանում, որ «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊԸ միակ մասնակից ու տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու, մասնավորապես՝ այդ ընկերությանը տրամադրված ընդերքի օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության հատուկ լիցենզիաներով ընկերության 100 տոկոս բաժնեմասը ՀՀ-ում ոչ ռեզիդենտ ընկերությանը վճարելու գործարքին չխոչընդոտելու համար 2008թ․ ապրիլին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 309․000․000 ՀՀ դրամին համարժեք 1․000․000 ԱՄՆ դոլար կաշառք, ինչպես նաեւ՝ թաքցնելով ու խեղաթյուրելով նշված գումարի իրական բնույթն ու ծագումը՝ օրինականացրել է առանձնապես խոշոր չափերով հանցավոր ճանապարհով ստացված եկամուտները։ 
 Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031